Արդարադատության ցուցանիշը բռնագանձված գույքի քանակը չէ, այլ այն, թե այդ արդյունքին հասնելիս որքանով է պահպանվել օրենքը
Օրեր առաջ դատախազությունը հրապարակային հանդես եկավ հայտարարությամբ եւ որպես ցուցանիշ ներկայացրեց, որ Մանվել Գրիգորյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձվելու է շուրջ երեսուն միավոր շարժական և անշարժ գույք։ Ինչպե՞ս կմեկնաբանի այս հայտարարությունը որպես ոչ միայն հեղինակավոր իրավապաշտպան, այլ գեներալի կողքին մինչեւ վերջին օրը արժանապատիվ կանգնած նախ հայ, ապա իրավաբան Լեվոն Բաղդասարյանը «Իրավունքը» դիմել է անձամբ աղմկահարույց փաստաբանին.
- Այդ հայտարարությունը չեմ կարդացել կամ լսել։ Սակայն, եթե այն ներկայացվել է որպես ձեռքբերում, ապա հանրությանը պետք էր ներկայացնել նաև ամբողջ պատկերը։
Պետք էր նշել, որ դատախազությունը համաձայն չի եղել վճռի հետ և այն բողոքարկել է ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան։ Արդյունքում՝ պահանջված շուրջ 350 միավոր շարժական և անշարժ գույքից բռնագանձման ենթակա է ճանաչվել ձեր նշած շուրջ երեսունը։ Հանրությունն իրավունք ունի իմանալու թե՛ ներկայացված պահանջի ծավալը, թե՛ դրա բավարարման իրական չափը։
Ավելին՝ իմ տեղեկություններով, բռնագանձվող գույքի հիմնական մասն այլ անձանց պատկանող գույք է, իսկ այդ անձինք դատավարությանը որպես կողմ չեն ներգրավվել՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու և իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։
Մարդու գույքի ճակատագիրը որոշել՝ առանց նրան լսելու, արդար դատաքննության իրավունքի լրջագույն խնդիր է։ Սա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության առարկա դառնալու ծանրակշիռ հիմք կարող է լինել։
Արդարադատության ցուցանիշը բռնագանձված գույքի քանակը չէ, այլ այն, թե այդ արդյունքին հասնելիս որքանով է պահպանվել օրենքը։
