Ամենամեծ նվերը պապիկիս վստահած անունն ու դուդուկն են․ Ջիվան Գասպարյան կրտսեր
ՄշակութայինԿան անուններ, որոնք պարզապես չեն ժառանգում․ դրանք դառնում են պատասխանատվություն, կյանքի ուղենիշ ու սեփական ճանապարհը գտնելու մշտական հիշեցում։ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ կրտսերի համար այդ անունը պապի՝ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի անունն է։ Անուն, որի հետ կապված են ոչ միայն հայկական երաժշտության մեծ ավանդույթը, այլեւ մանկության ամենաջերմ հիշողությունները։ «Իրավունք»-ի հետ զրույցում դուդուկահար, կոմպոզիտոր Գասպարյան կրտսերը պատմել է ծննդյան օրվա ընտանեկան հիշողությունների, պապից ժառանգած ամենաթանկ նվերի, երաժշտական փորձարկումների եւ առաջիկա ծրագրերի մասին։
ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ «ԳԼԱԴԻԱՏՈՐ» ՖԻԼՄԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ

— Ձեր ծննդյան օրն է։ Ի՞նչ զգացողություններով եք դիմավորում այն այսօր, եւ ի՞նչ հիշողություններ կան՝ կապված մանկության ծննդյան տոների հետ։
— Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում։ Մանկության տարիներին ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 23-ը, անցնում էր ընտանեկան ջերմ միջավայրում։ Հայրիկս իմ, եղբորս կամ մորս ծննդյան օրերը դարձնում էր հեքիաթ։ Հիմա հայրս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այսօր արդեն ես եմ հայր, եւ տղաներս են կողքիս՝ իմ ծնունդը նշելիս։
Այն անսահման սերը, որ ես ունեի հայրիկիս հանդեպ, այսօր հետ եմ ստանում իմ որդիներից։ Կյանքը շարունակվում է իր հունով․ այսօր ես եմ իմ զավակների հետ, վաղը նրանք կլինեն իրենց երեխաների հետ, եւ հենց սրա մեջ է կյանքի շարունակությունը։
Իսկ ամենամեծ նվերը, որ ես երբեւէ ստացել եմ, պապիկիս կողմից ինձ վստահված անունն է ու դուդուկը։
— Ձեր պապը՝ մեծանուն Ջիվան Գասպարյանը, Ձեզ ոչ միայն իր անունն է փոխանցել, այլեւ երաժշտական ժառանգությունը։ Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը դեպի դուդուկը։
— Ես 15 տարեկան էի, երբ եկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ սովորեմ դեղագործի մասնագիտությունը։ Մորաքրոջս տանն էի ապրում։ Պատանի էի՝ ծնողներից, ընկերներից կտրված, անծանոթ մի երկրում։ Շատ էի կարոտում մերոնց, իմ բակը, Երեւանը։
Երեւի կարոտն էր պատճառը, որ սկսեցի պապիկի ձայնագրությունները լսել։ Լսում էի ամբողջ գիշեր, մինչեւ լուսաբաց, հետո գնում դպրոց։ Գալիս էի տուն, դաս էի անում ու լսում, լսում…
Հետո պապիկս եկավ Ամերիկա։ «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունն էին ձայնագրում։ Ինձ իր հետ տարավ ստուդիա։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան հայտնի մարդիկ էին հավաքված այդտեղ՝ կոմպոզիտոր Հանս Ցիմերը, ռեժիսոր եւ դերասան Ռիդլի Սքոթը, երգչուհի Լիզա Ջերարդը։ Աստված իմ, ինչ հրաշք ձայն ուներ։ Եվ ես այդ մարդկանց կողքին էի օրս անցկացնում։ Խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ինչ միջավայր էր։
Պապիկիս խնդրեցի․ «Ջիվան, կարող է դուդուկը տաս, մի հատ փորձեմ, տեսնեմ՝ կստացվի՞»։ Ասաց․ «Ջիվան ջան, իմաստ չունի, ուշացրել ենք։ Արդեն 16 տարեկան ես»։ Էլի խնդրեցի․ «Ոչինչ, ուղղակի ուզում եմ փորձել»։ Երբ Ջիվանն ասում էր՝ «Ծանոթացեք, թոռս է՝ Ջիվանն է», պարտադիր հարցնում էին․ «Նվագո՞ւմ է», ու նա պատասխանում էր՝ «Չէ»։ Այնքան վատ էի զգում, այնքան էի ազդվում։ Ավելի շատ, երեւի, պապիկի համար, քանի որ զգում էի, որ մեծ էր նրա ցանկությունն «այո» ասելու։ Մի օր էլ տվեց դուդուկն ու ասաց․ «Փորձի՛ր»։
Դնում էի Ջիվանի ձայնագրությունները։ Այնքան էի լսել, որ արդեն անգիր գիտեի, բայց ուզում էի, որ իմ նվագը նրա նվագի նման լիներ, նրա մեկնաբանությամբ լիներ, նրա ազդեցիկ զգացմունքայնությամբ։ Այսպես էլ սկսեցի նվագել։
«ՊԱՊԻԿԻ ՔԱՌՅԱԿՈՒՄ ՆՎԱԳԵԼՈՒՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ՆՎԱԳՈՒՄ ԷԻ ՌՈՔ ԽՄԲՈՒՄ»

— Դուք ոչ միայն դուդուկի ավանդական կատարող եք, այլեւ փորձել եք Ձեր ուժերը ռոք երաժշտության մեջ։ Ինչպե՞ս համատեղվեց պապից ժառանգած երաժշտական ավանդույթը ժամանակակից ռոքի հետ։
— Պապիկի քառյակում նվագելուն զուգընթաց նվագում էի նաեւ ռոք խմբում։ Հոլիվուդի հայտնի ու պատմական այնպիսի փոքր ակումբներում ենք ելույթ ունեցել, որտեղ ժամանակին համերգներ են տվել համաշխարհային լեգենդներ, այդ թվում՝ System of a Down-ը։
Մեր խմբի մենեջերը Սերժ Թանկյանն էր, եւ նրա հետ մեկուկես ամիս շրջագայել եմ Եվրոպայում՝ նվագելով ակումբներում, որտեղ բացում էինք նրա համերգները։ Խմբի անունը Viza էր։ Հինգ ալբոմ թողարկեցինք, բայց ժամանակի ընթացքում խումբը ցրվեց։ Ես որոշեցի սկսել ինքնուրույն երաժշտական ուղի։ Բայց, ամեն դեպքում, դա ինձ համար հիանալի փորձառություն էր։
— Ի՞նչ տվեց Ձեզ այդ փորձը, եւ որքանո՞վ են երաժշտական տարբեր ուղղությունները նպաստել Ձեր՝ որպես դուդուկահարի եւ կոմպոզիտորի ձեւավորմանը։
— Իհարկե, արմատներից հեռու չես գնա, եւ դուդուկի ավանդական նվագը միշտ մնում է հիմքում։ Սակայն անհրաժեշտ է փորձարկումներ անել՝ թե՛ քո, թե՛ հանդիսատեսի մեջ նոր հետաքրքրություն արթնացնելու եւ լսարանն ընդլայնելու համար։
Ռոք երաժշտություն լսողը միգուցե երբեք չգար ավանդական դուդուկ լսելու, բայց երբ ռոքի մեջ հանկարծ դուդուկ է լսում, զարմանում է․ «Սա ի՞նչ գործիք է»։ Դրանով դու նրան հնարավորություն ես տալիս, որ հետո մի օր էլ նստի ու լսի դուդուկի մաքուր, զուլալ մեղեդին։
Ես նվագել եմ տարբեր ոճերում ու ձեւաչափերով՝ ջազային կոլեկտիվներից մինչեւ սիմֆոնիկ նվագախմբեր։
«ԴՈՒԴՈՒԿԸ ՏԽՈՒՐ ԳՈՐԾԻՔ ՉԻ, ԴՈՒԴՈՒԿԸ ՌՈՄԱՆՏԻԿ ԳՈՐԾԻՔ Է»

— Դուք ինչպե՞ս եք ընկալում դուդուկի էությունը, եւ ի՞նչն է, ըստ Ձեզ, տարբերում իսկական վարպետին մյուս կատարողներից։
— Ջիվանն ասում էր․ «Դուդուկը տխուր գործիք չի, դուդուկը ռոմանտիկ գործիք է»։ Թեեւ դուդուկն ունի իր սեփական տեմբրը, սակայն յուրաքանչյուր վարպետ ստեղծում է իր ուրույն հնչողությունը։ Ամեն մեկի մատը, հոգին, շուրթերը, սիրտն ու միտքը տարբեր են․ ամեն ինչ կապված է նվագողի ապրած կյանքի ու ապրելակերպի հետ։
Դուդուկահարը պետք է բարձր մշակույթ ունենա։ Դուդուկն այնպիսի գործիք չէ, որին կարելի է «չոբանավարի» մոտենալ։ Թող Աստված յուրաքանչյուրին առաջնորդի իր ընտրած ճանապարհով։ Բայց ես ընտրել եմ պապիկիս նվագը, որովհետեւ հենց դա է իմ հոգուն հարազատ։
— 2028 թվականին լրանում է Ջիվան Գասպարյանի ծննդյան 100-ամյակը։ Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում՝ մեծ վարպետի ժառանգությունը նորովի ներկայացնելու եւ նրա անունը միջազգային հարթակներում հնչեցնելու համար։
— Մենք մի շարք նախաձեռնություններ ունենք, որոնք անպայման պետք է կյանքի կոչենք, եւ այժմ ակտիվորեն զբաղվում ենք դրանցով։ Մասնավորապես՝ ցանկություն կա Հայաստանում փողոցներից մեկն անվանակոչել Ջիվանի անունով եւ տեղադրել նրա կիսանդրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես տարբեր ծրագրեր ունենք իրականացնելու։
Նախատեսում եմ կազմակերպել համաշխարհային տուր՝ ներկայացնելով Վարպետի ստեղծագործական կյանքի ողջ ժառանգությունը։ Դա լինելու է շատ մեծ ու ընդգրկուն ծրագիր։ Տարբեր երկրներից կունենանք աշխարհահռչակ հյուրեր։
Աստված տա՝ աշխարհում խաղաղություն լինի, որպեսզի կարողանանք այն պատշաճ կերպով ներկայացնել տարբեր երկրներում։
«ԽՈՐԱՊԵՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԷԻ ՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ»

— Այսօր Ձեր ընտանիքն արտերկրում է ապրում։ Դա ժամանակավոր հանգրվա՞ն է, թե՞ Ձեր կյանքի եւ ստեղծագործական գործունեության նոր փուլ։ Որքանո՞վ է պահպանվում Ձեր կապը Հայաստանի հետ։
— Այս պահին արտերկրում ենք երեխաների ուսման եւ իմ աշխատանքի պատճառով, բայց դա չի նշանակում, որ հեռացել ենք հայրենիքից։ Մենք միշտ էլ կապի մեջ ենք եղել ու պարբերաբար այցելել ենք Հայաստան։ Նույնիսկ եղել է մի շրջան, երբ վեց տարի անընդմեջ ապրել եմ հայրենիքում։
Իսկ 2020 թվականին՝ համավարակի օրերին, երբ պապիկս ծանր հիվանդ էր եւ իմ կարիքն ուներ, ընտանիքիս հետ վերադարձա՝ նրա կողքին լինելու։
— Պապի կորստից հետո որոշ ժամանակով հեռացաք ակտիվ ստեղծագործական կյանքից։ Ի՞նչ դժվարությունների միջով անցաք այդ տարիներին, եւ ի՞նչն օգնեց Ձեզ շարունակել առաջ շարժվել։
— Վերջին երեք տարիներին ստեղծագործական ակտիվ գործունեություն չեմ ձեռնարկել․ պապիկիս կորստից հետո կոտրվել էի։ Իսկ երբ փորձում էի ուժերս հավաքել, կյանքն ինձ հերթական «անակնկալը» մատուցեց․ ընտանիքումս անձնական բնույթի փոփոխություններ եղան։
Դա մի անսպասելի, ծանր իրավիճակ էր, որը շատ ազդեց ինձ վրա․ խորապես վիրավորված էի նման վերաբերմունքից։ Բայց այդ թեմային անդրադառնալ չեմ ուզում։
— Ձեր խոսքում հաճախ է զգացվում արժանապատիվ ապրելու եւ մեծանուն ընտանիքի անունը բարձր պահելու պատասխանատվությունը։ Ի՞նչ արժեքներ եք ցանկանում փոխանցել Ձեր երեխաներին։
— Ինչպես Ջիվանն էր ասում՝ «Փառքից անպատվություն մի քայլ է»։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա անել սխալ քայլ, որի պատճառով իմ երեխաները կտուժեն, կամ կտուժի իմ անունը։ Ինչպես ես եմ հպարտությամբ կրում իմ ծնողների անունը, քանի որ նրանք ապրել են արժանապատիվ ու մաքուր, այնպես էլ ես եմ ապրում հիմա։
Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաներն էլ ապագայում նույնպիսի հպարտությամբ տան իրենց հոր անունը։

