«ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՎԱՂԱԺԱՄ, ՆՈԿԱՈՒՏՈՎ ՀԱՂԹԵՑԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ».ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԺՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍպորտՕրերս Երևանում կայացել է պրոֆեսիոնալ Մուայթայի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են 11 երկրի ներկայացուցիչներ։ Հայաստանի հավաքականը փայլուն է հանդես եկել, տարբեր տարիքային խմբերում. պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ նվաճելով 37 մեդալ, որից 17 ոսկե, 18 արծաթե և 2 բրոնզե։ Թիմային պայքարում մեր երկիրը գրավել է առաջին հորիզոնականը, հետ թողնելով ՌԴ հավաքականին։
Iravunk. com -ի մարզական լրագրողը Արթիկում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել մեծահասակների կազմում արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ Մուայթայի մարզիկ, մարզիչ, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ծնունդով Շիրակի մարզի Փանիկ գյուղից ԺՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Ժորա, արծաթե մեդալ նվաճելու առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ 71 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային մենամարտում վաղաժամ, նոկաուտով հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Հաջորդում, ափսոս, զիջեցի ՌԴ ներկայացուցչին։ Անկեղծ ասած, առաջին մենամարտից հետո չէի հասցրել վերականգնվել ու հաջորդ օրը ռուս մրցակցի հետ մենամարտ ունեցա, հենց դրա համար էլ չստացվեց հաղթել։ Այդպես արժանացա արծաթե մեդալի։ Ռուսի հետ պայքարի ժամանակ ոտքի վնասվածք ստացա։ Նշեմ, որ առաջին մենամարտում, որ պայքարեցի, այս ֆրանսիացի մարզիկը ինձ հաղթել էր անցած տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ, իսկ այս մրցաշարում ես նրան կարողացա հաղթել, փաստորեն ռևանշ ստացվեց։ - Ինչ տվեց քեզ այս մեդալը։
- Այն իմ համար ճանապարհ կբացի հետագա մրցաշարերում ավելի լավ հանդես գալու համար։ Բավական երկար ժամանակ պահանջվեց ինձանից։ Այս նվաճումս ուզում եմ նվիրել մեր երկրին, բոլոր զինվորներին, մաղթելով ամենակարևորը անամպ երկինք, բարի ծառայություն։ Ես զբաղվում եմ նաև մարզչական գործունեությամբ, սաներ ունեմ թե հարազատ Փանիկ գյուղում, թե այստեղ Արթիկում։ Նրանց եմ փոխանցում տարիների ընթացքում իմ կուտակած մարզական փորձը, գիտելիքները, որպեսզի ունենանք ֆիզիկապես առողջ սերունդ։ Անձնական մարզիչս Արամ Աբրամյանն է, նա նաև Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայի ֆեդերացիայի նախագահն է։
- Ժորա, պրոֆեսիոնալ մուայթայը կարող ես մեր երկրում համարել որպես զարգացած մարզաձև։
- Իհարկե, հատկապես վերջին տարիներին շատ է զարգացել, նախկինում չի եղել զարգացած։ Մուայթայը հենց թայլանդական բռնցքամարտն է, այստեղ մենամարտը ընթանում է ոտքերի, ծնկների, արմունկների ու բռունցքների հարվածներով։ Մուայթայը համարվում է 8 վերջույթների մարզաձև։ Ամբողջ աշխարհում մարզաձևը շատ մեծ մասսայականություն է վայելում։ Ցավով պիտի արձանագրեմ, որ այժմ երիտասարդներից շատերին նկատում եմ էլեկտրական ծխախոտների խանութներում կամ ամբողջ օրը համացանցային վնասակար խաղերում, ու քիչ են սպորտով զբաղվողները։ Իմ խորհուրդն է, որ զբաղվեն սպորտով ու հեռու մնան առողջության համար այդքան վնասակար խաղերից, օրերը անիմաստ չանցկացնեն։ Երիտասարդները վերջապես թող գիտակցեն, որ կյանքի իմաստը ծխելով ու խմելով չի, սպորտի հաճախեն, կապ չունի, թե որ մարզաձևը կլինի։
- Իսկ երբևէ ստացել ես պետական աջակցություն։
- Ստացել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից։ Այս տարվա Եվրոպայի առաջնությանն էլ մարտ ամսին պիտի գնայինք, նա աջակցել էր մեզ տոմսերի գումարով։ Սակայն Քաթարում պատերազմի պատճառով չեղյալ հայտարարվեց մեր թռիչքը, այդպես չկարողացանք մասնակցել մրցաշարին։
- Շնորհակալություն, Ժորա, ջերմ ընդունելության համար, քեզ նորանոր նվաճումներ։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
