Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ
ՆերքաղաքականՊոռնոաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն առիթ է դարձել, որ Հայաստանի չորրորդ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ կրկին հիշեցնի իր գոյության մասին։ Նրա պաշտոնական էջում հրապարակվել է ջերմ շնորհավորանքներ, յոթ տարի առաջվա հյուրընկալության հիշողություններ։
Ամեն ինչ՝ գեղեցիկ է, հատկապես Քարդաշյանի լուսանկարները նայելը, բայց մի հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ էր Արմեն Սարգսյանը, երբ Հայաստանի գլխին մեկը մյուսի հետեւից փորձանքներ էին թափվում։ Որտե՞ղ էր նրա ձայնը, երբ երկիրը ցնցվում էր ճգնաժամերից, երբ պատերազմն ու ազգային աղետը խլում էին կյանքեր, երբ հանրությունը պատասխաններ էր պահանջում։ Այդ ժամանակ նրա ձայնը, մեղմ ասած, լսելի չէր։ Իսկ հիմա, պարզվում է, նա բավական աշխույժ է՝ հիշելու Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը եւ հանրությանը հաղորդելու իր ջերմ զգացմունքների մասին։
Հարցը Քիմին շնորհավորելու մասին չէ։ Հարցն այն է, թե ինչու Մեծ Բրիտանիայում ծվարած Հայաստանի նախկին նախագահը հանրության հետ կապ հաստատելու առիթ է գտնում աշխարհահռչակ աստղի տարեդարձի կապակցությամբ, բայց այդպես էլ չի գտնում երկիր վերադառնալու եւ իր պաշտոնավարման ամենածանր ու ամենահարցական շրջանի մասին խոսելու անհրաժեշտությունը։
Եթե Արմեն Սարգսյանն արդեն կազդուրվել է, եթե կարող է հրապարակային ուղերձներ հղել եւ հիշողություններ պատմել, ապա գուցե ժամանակն է նաեւ պատասխանելու այն հարցերին, որոնք վերաբերում են ոչ թե Քիմ Քարդաշյանի այցին, այլ Հայաստանի ճակատագրին։ Օրինակ, ի՞նչ տեղի ունեցավ 2018 թվականից մինչեւ 44-օրյա պատերազմ։ Ի՞նչ գիտեր նա, ի՞նչ էր անում եւ ի՞նչ կարող էր անել՝ որպես հանրապետության նախագահ։ Եվ, վերջապես, ի՞նչն էր նրան մղում 44 օրյա պատերազմի ժամանակ գրեթե կրծքով պաշտպանել ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը՝ պնդելով, որ Հայաստանը դրանք թիրախավորելու մտադրություն չունի։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրությունն իրավունք ունի լսելու ոչ թե Քարդաշյանի սիլիկոնների ֆոնին, այլ ուղիղ, բաց տեքստով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ