Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք«Сам дежурный, сам дневальный» սկզբունքով ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ որոշել է ստանձնել նաեւ ընդդիմության դերը։ «Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը եւ ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ», - սոցցանցում գրել է նա։ Արձագանքելով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշել է․ «Փոքրիկ ֆաշիստը երկիրը վերածել է մենթապետության ու տեսնելով, որ իր խայտառակ ճնշումների հետեւանքով շատերը վախենում են նույնիսկ մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ ստեղծվել է մի աբսուրդ իրավիճակ, երբ շատ համայնքներում միայն ՔՊ-ն է մասնակցում, արդեն երկու օր է ինչ-որ ծիծաղելի կոչերով է հանդես գալիս․․․ Հիմա էլ, թե բա՝ ճնշման ենթարկվածները թող ցույցեր անեն...»։ Ստացվում է՝ իշխանությունն ինքն է ճնշում մարդկանց, ինքն էլ նրանց բողոքի կոչ անում․ մի՞թե Փաշինյանն արդեն մոռացել է, որ բոլորովին վերջերս խրոխտ հայտարարում էր, որ հենց ինքն է կառավարությունը։
Իսկ ահա «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՏԻՄ ընտրություններին համատեքստում ճնշումների ենթարկվածի կոնկրետ ուշագրավ օրինակ է բերում։ «Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։ Բայց քանի դեռ վարչապետը, ձեռքի հետ, նաեւ դատախազի ֆունկցիաներն է ստանձնել, ուզում եմ հիշեցնել, որ նույն կերպ նա խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին անձնակազմին ու աշակերտներին բերած մի քանի դպրոցների տնօրեններին…Իսկ ինչո՞ւ այդ տնօրենները շարունակեցին պաշտոնավարել։ Քանի որ, ենթադրաբար, հրահանգ էին ստացել Ապարանի քաղաքապետից։ Իսկ Ապարանի քաղաքապետը ՔՊ-ի համար արժեքավոր տասովշիկ է, ով շուտով իրենց թեկնածուն է լինելու Ապարանում», - շեշտել է նա։
Անդրադառնալով իր նկատմամբ ՌԴ-ի կիրառած արգելքին եւ հարցին, թե արդյոք դա իրեն կստիպի լռել, ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել է. «Իհարկե, ես չեմ խոսում ինչ-որ բաներ կամ լռում ինչ-որ բաների մասին՝ սեփական շահից ելնելով, որ իմ մուտքը արգելեն կամ չարգելեն…Եթե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ են լինում՝ որ երկրից էլ դա լինի, իհարկե, դրա մասին պետք է խոսել եւ դրա դեմ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել»։ Խոսելով արտաքին վտանգների մասին՝ պատգամավորն ընդգծել է. «Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սպառնացող վտանգների մասին, մենք չենք խոսում ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության մասին… Մենք խոսում ենք Հայաստան-Բելառուս-Ռուսաստան միութենական պետության վտանգի մասին…»։ Զարմանալին այն է, որ Բադալյանն իբր փորձում է «խայթել» իր մուտքը ՌԴ արգելողներին, բայց արդեն Հայաստան-Ռուսաստան-Բելառուս է անվանում միութենական պետությունը, եւ սա էլ առաջընթաց է։ Գոնե սկսել են հասկանալ, որ Հայաստանի ապագան ոչ թե մեկուսացման եւ այս կամ այն երկրի հետ ֆիկտիվ հարաբերություններ ունենալու մեջ է, այլ՝ միութենական պետության գաղափարի, որի դեմ էլ, ինչպես հենց ինքը՝ Բադալյանը կասեր, ոմանք «մարտնչող տգիտությամբ» պայքարում են՝ խեղելով իրականությունը, թե այն իբրեւ ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգ է։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը