Ո՞վ է նման բան ասում՝ գուցե հոգեբուժարանի հիվանդ է, կամ՝ շինծու խարդախ․ Սիմոնյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայաստանի Շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ։
— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պետք է համախմբվեն ճիշտ ընդդիմադիր ուժերի հետ։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ուժերն են ճիշտ եւ սխալ ընդդիմադիր։
— Չգիտեմ եւ չեմ էլ ցանկանում մեկնաբանել։ Նրանց հայտարարություններն առհասարակ մեզ չեն հետաքրքրում։
— Պարոն Սիմոնյան, այսինքն՝ Դուք համախմբման առաջարկ չե՞ք ստացել։
— Ո՛չ։ Եվ նույնիսկ նման առաջարկ ստանալու դեպքում չենք կարող այն դիտարկել։ Նրանք հին համակարգի ծնունդն ու շարունակողներն են՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը։
— Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք որոշել եք կամ փորձում եք սատարել Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Ո՞վ է ասում։ Ո՞վ է տարածում այդ խոսակցությունները։ Չկա նման բան։ Իսկ ես ի՞նչ իմանամ՝ ով է նման բան ասում։ Գուցե հոգեբուժարանի հիվանդ է, կամ՝ շինծու խարդախ։ Չի՛ կարելի անհասցե հայտարարություններին պատասխանել։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը վաղուց հայտարարել է, որ նախկին երեք նախագահների եւ ներկայիս վարչապետի հետ որեւէ կապ չեն ունեցել եւ չեն կարող ունենալ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

