Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք1910Zarmanq+
ԽՈԶ ՄԻ՛ ԵՂԻՐ
ԱԺ նախկին պատգամավոր, այժմ «Միասնական ազգային սահմանադրական կուսակցության»՝ ՄԱՍԿ-ի նախագահ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, կարծես թե, ոչ միայն վերանայել է իր ՔՊ-ական անցյալը, այլեւ աշխարհաքաղաքական հայացքները։ Մասնավորապես իր վերջին հարցազրույցներից մեկում նա մատնանշել է, որ ռուսները ժամանակին հարյուր հազարավոր հայերի վերադարձրեցին Հայաստան, այդ տարածքում ապրեցրին։ Ավելին՝ նա նաեւ թվել է, որ ռուսները Հայաստանը սարքեցին արդյունաբերական երկիր, սարքեցին Ծիծեռնակաբերդը, մետրոն եւ այլն։ «Ինձ ասում են՝ պարոն Աղազարյան, իրենց շահերի համար են արել, բայց ես էլ հարց եմ տալիս՝ դա քո շահի հետ համընկնո՞ւմ է, թե՝ ոչ, գյադա՛։ Եթե համընկնում է, ուրեմն՝ ձենդ կտրի, վեր ընկի տեղդ։ Ապրել ես Բյուզանդայի լծի տակ, արաբների, պարսիկների ու թուրքերի լծի տակ, բայց միայն ռուսների լծի տակ եղած հողում ես անկախ պետություն ստեղծել, խոզ մի՛ եղիր», - շեշտել է Աղազարյանը։ Ի՞նչ ասես, տեղին ասված խոսքին, էլ ի՞նչ շաքար։
Արեւմուտքում, վերջին իրադարձություններով պայմանավորված, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Ազգային ժողովրդական բեւեռ» կուսակցության խորհրդի անդամ, խորհրդարանական ընտրություններին ԱԺԲ-ի ցուցակը գլխավորած ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ «Եվրոպան չի քանդվում․ քանդվում է Եվրամիության՝ Եվրոպան ներկայացնելու հավակնությունը։ Եվրոպան քաղաքակրթություն է, պատմություն, մշակույթ, ազգեր ու ազգային պետություններ։ Իսկ Եվրամիությունը քաղաքական կառույց է՝ իր գաղափարախոսությամբ, բյուրոկրատիայով եւ հակասություններով։ Եվրոպան շատ ավելի հին է, քան Եվրամիությունը, եւ շատ ավելի երկար կապրի, քան ցանկացած տնտեսական կառույց։ Եվրոպայի փրկությունը նրա ազգային պետությունների վերածննդի մեջ է, ոչ թե՝ Բրյուսելի բյուրոկրատիայի հավերժացման», - ընդգծել է նա՝ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի որեւէ հանրահավաք՝ առանց Եվրամիության դրոշի չէր անցկացվում։ Փաստորեն, այսօր արդեն ԵՄ-ից ձեռք են քաշում նույնիսկ նրա ամենաջերմ երկրպագուները։
Ի դեպ, աշխարհաքաղաքական զարգացումներն այսպիսի տեմպ են հավաքել, որ ԱՄՆ պետքարտուղար ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՆ Ուկրաինային մեղադրել է Սեւ ծովում ամերիկյան ընկերություններին պատկանող էներգակիրներ տեղափոխող նավերի վրա հարձակումներ իրականացնելու մեջ եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ արել արյունալի պատերազմին վերջ դնելու միջոց գտնել։ «Մենք տեսել ենք հարվածներ Սև ծովում էներգակիրներ տեղափոխող նավերի վրա։ Եվ բազմաթիվ բողոքներ են ստացվել. ամերիկյան ընկերությունները զանգահարում են մեզ և ասում. «Լսեք, այն նավում, որը ուկրաինացիները հարձակվել էին, մեր նավթն էր»»,- հայտարարել է Ռուբիոն Breitbart-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։ Ըստ էության, Վաշինգտոնն արդեն ստիպված է սեփական դաշնակից Ուկրաինային հիշեցնել պատերազմի գինը, իսկ Կիեւի՝ մինչեւ վերջ կռվելու կոչերի հետեւում աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում նույնիսկ ԱՄՆ-ի շահերին հասցվող հարվածները։ Ստացվում է՝ Մոսկվայի դեմ պատերազմը շարունակելու մոլուցքն այնքան է խորացել, որ Կիեւը խնդիրներ է ստեղծում անգամ նրանց համար, որոնց աջակցությամբ մինչեւ հիմա կռվում է։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
