Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն
ՄիջազգայինԲաքուն այս օրերին, կարելի է ասել, եռում է: Մի կողմից, համաշխարհային նշանակության միջոցառում է՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի արտգործնախարարները եւ այլք: Անգամ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգն է ժամանել Բաքու՝ հանդիպում ունենալով Ալիեւի հետ:
ԲԱՔՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԻՍԼԱՄԻ ՀԻՄՔԵՐԻ
Ու մյուս կողմից, Ադրբեջանում այդպես էլ չի հանդարտվում երկրում հիջաբ՝ կանանց կրոնական գլխաշոր կրելու արգելքի հետ կապված բողոքի ալիքը: Բանը հասել է նաեւ նրան, որ ալիեւյան մանկլավիկ Ալլահշուքյուրը թեեւ ամեն բան անում է տիրոջն օգնելու համար, բայց նաեւ չի կարող թաքցնել, որ Բաքվի գործողություններն ուղղված են իսլամի դեմ՝ հայտարարելով. «Հիջաբը Ալլահի պարտադիր պատվիրանն է»: Ընդ որում, սա այն կարգի լուրջ խնդիր է դարձել, որ արդեն փաստացի դուրս է եկել Ադրբեջանի սահմաններից՝ աղմուկի մեջ ներքաշելով անգամ Թուրքիային: Էլ չասած Իրանի մասին, որը, լինելով շիաական իսլամի առաջնորդ, բնական է, որ չէր կարող անտարբեր մնալ շիաական մեծամասնություն ունեցող Ադրբեջանում իսլամի դեմ նման արարքի հանդեպ, որն անգամ սունի իսլամի կողմնակիցներն են բնութագրում` որպես «իսլամի դեմ պատերազմ»: Այդ թվում՝ թուրքական ծայրահեղ եւ նույնիսկ չափավոր իսլամիստները, որոնք այս օրերին արդեն հասցրել են մի շարք հրապարակային զանգվածային ելույթներ ունենալ Ալիեւի դեմ: Ընդ որում` չմոռանանք, որ խոսքը Թուրքիայի կրոնական այն շերտի մասին է, որը նախ՝ ունի շատ մեծ ազդեցություն երկրի նաեւ քաղաքական կյանքի վրա: Երկրորդը, հանդիսանում է Էրդողանի իշխանական համակարգի կարեւորագույն անկյունաքարերից մեկը: Եվ այդ փաստը նաեւ հենց Էրդողանին է ստիպում մի քանի առնվազն զայրացկոտ հայացքներ գցել Հեյդարովիչի ուղղությամբ: Թերեւս նաեւ հասկանալով, որ հիջաբի այդ պատմությունն իրականում շատ ավելի խորքային իմաստ ունի, քան Ալիեւի՝ Ադրբեջանն աշխարհիկ պետություն ցույց տալու բացատրությունները, որոնք Բաքուն դնում է այդ հակահիջաբային քաղաքականության տեսանելի հիմքում:
Իրականում, իհարկե, հենց այն պահին, երբ Բաքուն որոշեց, որ պետական հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում, կանանց եւ աղջիկներին պետք է արգելվի հիջաբ կրել, Ալիեւը, իհարկե, բոլորից էլ լավ էր հասկանում, որ դա հակաիսլամական քայլ է եւ ունենալու է լուրջ հետեւանքներ: Ու ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ որոշեց այդ բեռի տակ մտնել: Վերջին հաշվով, Ադրբեջանի հետխորհրդային պատմության ողջ ընթացքում ինչպես հիջաբ կրելու, այնպես էլ այդ կարգի կրոնական հարցերը ազատ ընտրության են: Ով ուզում, կրում էր, ով չէր ուզում` չէր կրում, եւ դա հանրության համար միանգամայն ընդունելի տարբերակ էր: Բայց երբ «մեկ օրում» վերցրեց եւ փոխեց այդ ներքին հավասարակշռությունը, կրկնենք, հասկանալով նաեւ, թե դա ինչի է տանելու, ապա այստեղ «ինչու» հարցը միանգամից է առաջանում: Նաեւ ընդհանրական պատասխանը, թե դա առանց կոնկրետ խթանիչների չէր կարող լինել:
ՈՒՄ ՀՐԱՄԱՆՈՎ
Այստեղ էլ գալիս ենք հիմնականին: Ալիեւը որքան էլ որ փորձում է Ադրբեջանը ներկայացնել որպես «ազատ-անկախ» երկիր, իրականում բոլորն են հասկանում, որ ամենեւին էլ այդպես չէ: Մի կողմից, կա «մեծ եղբայրը»՝ Թուրքիան, իր բազում ազդեցության լծակներով: Մյուս կողմից, հայտնի փաստ է նաեւ, որ կա Իսրայելի հսկայական ազդեցությունը, եւ այս հարցում, իհարկե, Իլհամի վրա առավել քան ծանրակշիռ ազդեցության լծակ է կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի ծագումնաբանության գործոնը: Ասենք, ոչ միայն կնոջ, այլ նաեւ Մեհրիբանի ազգային պատկանելության հայտնի առանձնահատկություններից ելնելով, նաեւ երեխաների գործոնը: Նաեւ չմոռանանք, որ Իլհամ Հեյդարովիչն էլ «երեկվա երեխան չէ». լրանում է 65-ամյակը: Թոշակի գնալու տարիք է եւ հիմիկվանից պետք է մտածի ժառանգորդի մասին: Իսկ եթե «սուլթանական թախտը» հանկարծ դատարկ մնա եւ անցնի ուրիշներին, ապա սուլթանատի «լավագույն ավանդույթներով» առաջին հերթին դինաստիայի ժառանգների հարցն է ապագա «սուլթանը» լուծելու: Իսկ եթե «թախտը» հանձնում է սեփական ժառանգներին, ապա «չմարսվող» պարադոքս է ստացվում. հրեական արմատներով «սուլթանը» Իրանին գերագույն առաջնորդ ընդունող շիա կրոնական մեծամասնությամբ եւ իսլամիստական Անկարային «մեծ եղբայր» ճանաչող Ադրբեջանի ղեկին: Ու եթե սրան էլ գումարում ենք Ալիեւի ծանր հիվանդության մասին այդպես էլ չդադարող «պատի տակի» խոսակցությունները, ապա ստացվում է, որ նրա առաջնային խնդիրներից է այդ պարադոքսից գլուխ հանելը: Չստացվի հոր տարբերակը, որ հիվադանոցում` մահամերձ (ասում են անգամ՝ արդեն մահացած) վիճակում, որդուն՝ Իլհամին ժառանգորդ նշանակեց:
Եվ ահա, այդ պարադոքսի լուծումներից մեկն էլ Ադրբեջանը լիովին «աշխարհիկ» երկիր դարձնելն է, եւ հիջաբի թեման այստեղ դառնում է առաջնային քայլերից մեկը: Ընդ որում, ինչպես արդեն մեծ աղմուկ է բարձրանում գլոբալ լրատվական եւ փորձագիտական դաշտում, Իսրայելի ուղիղ հրահանգով. Թել Ավիվում եւս երեւի մտածում են, որ Ադրբեջանի համար պայքարը կարող են տանուլ տալ Թուրքիային կամ Իրանին:
ԱԼԻԵՎԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
Ամեն դեպքում, նման է, որ այս մեծ աղմուկի ֆոնին Հերցոգը հենց այնպես չէր վազել Բաքու: Մի կողմից, Ալիեւին «դուխ տալ» է պետք: Մյուս կողմից, ներկա գլոբալ խառը ֆոնին Բաքվում են Լավրովը, Վան Ին, Ֆիդանը եւ այլք: Նախ` մի կողմից, Ալիեւը կարող է գնալով միայն աճող աղմուկի պատճառով նահանջել հիջաբի հարցում: Իսկ դա նրա համար կդառնա շատ մեծ նահանջ, ընդհուպ «թախտը» Թուրքիային կամ որ սկսում է ավելի իրատեսական դառնալ, ռուս-իրանական տանդեմին հանձնելու հեռանկարով հանդերձ:
Ամեն դեպքում, իրավիճակը, որը շարունակում է զարգանալ Իրանի շուրջ, Իսրայելի համար իրոք լրջագույն մտահոգություններ է առաջացնում, եւ եթե նաեւ Ադրբեջանում խնդիրներ առաջանան, Թել Ավիվը կարող է վերջնականապես ձախողել իրանական ուղղությունը: Նկատի ունենք այն, որ այս օրերին ԻՊՀԿ-ին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրները սկսել են ակտիվորեն օրակարգ բերել մի թեմա, որը եթե դառնա իրականություն, կարող է ամենաէական ազդեցությունն ունենալ ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի վրա: «Այսօր, երբ մենք բախվում ենք լուրջ սպառնալիքների, երբ մեր դեմ իրականացվում են հարձակողական ռազմական, հետախուզական և անվտանգության գործողություններ, մենք պետք է կնքենք փոխադարձ անվտանգության համապարփակ պայմանագիր Ռուսաստանի հետ»,- գրում է փորձագետը: Խոսքը այն մասին է, որը նախկին նախագահի օրոք արդեն պատրաստ էր ստորագրման շեմին: Բայց այն բանից հետո, երբ Փեզեշքիանը եկավ իշխանության, այդ պայմանագրից միայն անողնաշար ինչ-որ թուղթ մնաց: Ու հիմա իրանական նույն աղբյուրները հայտնում են, որ դա արվել է ոչ պատահական. «Բայց ո՞վ էր այդ ժամանակ դեմ այս նախագծին։ Ո՞վ էր տագնապ բարձրացրել, ստեղծել խոչընդոտներ և սրել իրավիճակը։ Նույն արևմտամետ ուժերը: Նրանք էին, ովքեր սկսեցին դժգոհել ռուսական զորքերի ներկայությունից և հարցնել, թե ինչու էին նրանք եկել Իրան»: Այն դեպքում, երբ, ըստ աղբյուրի. «Ռուսաստանը պետք է կարողանա օգտագործել Իրանում յոթ համատեղ ռազմական բազա։ Դրանք պետք է լինեն իրանա-ռուսական ռազմական բազաներ երկրի յոթ ռազմավարական կարևոր կետերում»: Ընդ որում, խոսքը այն մոդելի մասին է, որը «արդեն իսկ ներդրվել է Բելառուսում»:
Այն, որ, կրկնենք, ԻՊՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հենց այս պահին են թեման բերում օրակարգ, իհարկե, պատահական չէ: Եթե իրոք Իրանում տեղակայվեն ռուսական յոթ ռազմաբազաներ, եւ գործի համագործակցության այնպիսի մակարդակ, ինչը Մոսկվան ունի Մինսկի հետ, ապա դա ռազմական տերմինաբանությամբ մեկ բան է նշանակում՝ Իրանն այդպիսով կտեղավորվի Ռուսաստանի «միջուկային հովանոցի» տակ: Այսինքն, դա միանգամից կանգնեցնելու է Իրանի ուղղությամբ ցանկացած արտաքին ագրեսիա: Ու մյուս կողմից, եթե ռուսական «միջուկային հովանոցը» գործի, ապա դա անգամ Թրամփի համար կդառնա լիակատար երաշխիք, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծելու: Կարճ ասած, «բոլորը գոհ եւ երջանիկ կցրվեն տներով»՝ յուրաքանչյուրն իրեն «միակ հաղթող» հռչակելով:
Ընդ որում` հիշեցնենք, որ Պուտինը Թրամփի հետ ունեցած վերջին աղմուկ հանած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես պաշտոնապես ներկայացվեց, ամերիկյան կողմին էր փոխանցել Իրանի նոր առաջարկները խաղաղության հասնելու մասին: Ու եթե ընդունենք, որ Իրանում ռուսական բազաների մասին նման հայտարարությունները հենց այնպես չէ, որ այս պահին հայտնվեցին օրակարգում, ապա այստեղ կարող է գոյատեւելու իրավունք ունենա նաեւ ենթադրությունը, որ իրականում խոսքը Մերձավոր Արեւելքում գլոբալ պայմանավորվածությունների մասին սխեմայի մասին է:
Իսրայելը, հասկանալի է, նման իրավիճակից միգուցե դժգոհ մնա. իրեն պատկերացնում էր տարածաշրջանում միակ գերուժ՝ ի հաշիվ միջուկային զենքի եւ հանկարծ կարող է այդ ֆունկցիայից զրկվել: Իսկ այն, որ այս օրերին իրանական արեւմտամոլները սկսել են կտրուկ ակտիվանալ, հուշում է, որ Իրանում հեղաշրջման մի վերջին փորձ Իսրայելը միգուցե անի: Չնայած, սա դեռ մնում է քիչ հավանականություն ունեցող սխեմա:
Ինչ վերաբերվում է Ալիեւին, ապա նա, որքան էլ Իսրայելի հուշումներով հակահիջաբային գործընթաց է ծավալել, սակայն այս նոր իրողությունները եւս պարզապես չեն կարող աչքաթող անել: Երեկ էլ հանդիպեց Լավրովի հետ, ինչը եւս որոշակի մեսիջներ հղում է:

