Մակրոնը վերահաստատել է իր վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է X հարթակում գրառման մեջ։
«Այսօր երեկոյան ես նախագահ Զելենսկուն վերահաստատեցի մեր վճռականությունը՝ կանգնելու Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին։
Մինչ Ռուսաստանը ընտրում է սրացման ուղին, չափազանց կարևոր է, որ մենք միասնաբար Ուկրաինային տրամադրենք բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքնապաշտպանության և իր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները պաշտպանելու համար», – նշել է նա գրառման մեջ։
Մակրոնը նաև վերահաստատել է իր երկրի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ամուր և երկարատև խաղաղության հասնելու նրա ձգտման գործում։
«Ֆրանսիան կշարունակի կատարել իր պարտավորությունները», – հավելել է նա։
Զելենսկին Բելգիայի մայրաքաղաքում է՝ մասնակցելու Եվրամիության խորհրդի նիստին և բանակցություններ վարելու գործընկերների հետ, մինչ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ դադարեցնելու ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները և բանակցություններ վարելու 2022 թվականից շարունակվող պատերազմին վերջ դնելու համար։
Զելենսկին X-ում գրառման մեջ Մակրոնի հետ հանդիպումը որակել է «շատ բովանդակալից» և բարձր է գնահատել, որ «Ֆրանսիան հնարավորինս օգնում է գտնել Ռուսաստանի հետ լարվածության սրմանը արձագանքելու ուղիներ»։
Ուկրաինայի առաջնորդը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում նաև հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Բելգիայի թագավոր Ֆիլիպի և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ։

