Հրամանատարության կողմից սեռական ոտնձգություններից ու ծեծից բողոքած ուկրաինուհի դրոնների օպերատորը զոհվել է առաջնագծում Ինչու ապշած ես, Լուլո՛ւ․ ԶԱՐՄԱՆՔ Ռուսական ուժերը լիովին գրավել են Խարկովի արեւելքի վելիկոբուռլուկյան մեծ կաթսան Կարապետյանը համախմբելու փոխարեն պառակտում է ընդդիմությանը Զելենսկու մերձավոր շրջապատը ցանկանում է նրան հեռացնել պաշտոնից. Ռադայի պատգամավոր «Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած

Կարապետյանը համախմբելու փոխարեն պառակտում է ընդդիմությանը

Վերլուծություն

Մնացել է ուղիղ մեկ շաբաթ, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ինչպես խոստացել է, ներկայացնի «Խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը։ Դրա շուրջ, իր իսկ պնդմամբ, համախմբելու է ընդդիմադիր շատ ուժերի։ Մինչդեռ ընդդիմադիր շատ ուժերի ո՛չ համախմբման առաջարկ է եղել, ո՛չ էլ ծրագիր է ներկայացվել։ Համենայնդեպս, արդեն մեկ շաբաթ է, ինչ «Իրավունք»-ն անձամբ տասնյակից ավելի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներից հետաքրքրվում է, թե արդյոք տեղյակ են դրանից, նրանք պատասխանում են, որ ո՛չ տեսել են, ո՛չ լսել, ո՛չ էլ իրենց հետ մանդատավոր ընդդիմությունից կապ են հաստատել։

Հարց է ծագում՝ եթե Սամվել Կարապետյանի խոսքերի տակ, իրոք, գործ կա, ապա ովքե՞ր են լինելու համախմբվող ընդդիմադիրները։ Եվ այս հարցում Կարապետյանը նոր բանաձեւ է բերում քաղաքական դաշտ կրկին իր «ձեւով» եւ տալիս քրեական ենթամշակույթին հարիր պատասխան։

«Համախմբելու ենք ճիշտ ուժերի, որոնք իրոք ընդդիմադիր ուժեր են, եւ դրանից հետո բոլոր այս քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու», - ասել է նա։ Իսկ հարցին, թե ինչպես է չափելու՝ ով է ճիշտ ընդդիմություն, ով՝ սխալ, ինքնագոհ արձագանքել է. «Ես դա անգիր գիտեմ»։ Թե երբ է անգիր արել հայաստանյան ներքաղաքական դաշտը Կարապետյանը, դժվար է ասել, համենայնդեպս, ընդամենն ամիսներ առաջ ընտրություններից հետո՝ անկեղծանում էր, թե սխալվել է՝ ընդդիմադիր դաշտը չմիավորելով։ Ու ամեն ինչ տանում է նրան, որ հիմա էլ է սխալվում։

Փաստորեն, նիկոլական իշխանությունը նախկին ու ներկա էր անում, սեւ ու սպիտակի բաժանում հանրությանը, հիմա էլ նույն ոգով Կարապետյանն է ճիշտ ու սխալի բաժանում։ Միայն թե տարբերությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր իշխանավորներին ու իշխանամետներին էր պառակտում, այլ բաժանարար գծեր էր դնում իր կողմնակիցների ու քաղաքական հակառակորդների միջեւ։ Իսկ Կարապետյանն անում է ավելի վատ քայլ՝ պառակտում է, առանց այն էլ մի բռունցք այդպես էլ չդարձած ընդդիմադիր դաշտը։

ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՄԵՐ ԴԵՄ Է

Լավ, Կարապետյանը համախմբում է, որ ի՞նչ անի, կհարցնեք դուք, երբ ընտրությունները վաղուց կայացած են, ընտրության արդյունքները «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքի մանդատներ վերցնելով՝ լեգիտիմացված հենց խորհրդարանական ընդդիմության կողմից։

Ահա այս հարցում էլ Սամվել Կարապետյանը անգիր է արել Փաշինյան Նիկոլի ոճն ու կրկնում է մոտավորապես՝ նույն կերպ․ ինչ պետք է, այն էլ բանակցում են։ Վերջիվերջո, ո՞ւմ հետ են բանակցում, այստեղ թերեւս իր վերջին հարցազրույցներում եւ ճեպազրույցներում նա փակագծեր բացում է։

«Մենք համարում ենք Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ապրելու երկիր» կուսակցությանը, «Հայաքվեին», «Միավորված հայեր»-ին, «Նոր դարաշրջանին»՝ որպես մեզ համար հայրենասեր, ամենաընդունելի ուժեր», - շեշտել է Սամվել Կարապետյանը։

Նշված անձինք ի՞նչ գաղափարական հենքի շուրջ կարող են համախմբել, ինչպիսի՞ այլընտրանք կարող են առաջարկել, բավական է թերթել նրանցից յուրաքանչյուրի ոչ վաղ անցյալը։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության Հրանտ Բագրատյանն ինչպիսի՞ ապագա է տեսնում Հայաստանի համար։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հրանտ Բագրատյանը բացահայտորեն կողմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն։ Նա այդ դիրքորոշումը ներկայացնում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելիս։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ընդհանրապես, հայաստանյան թունդ արեւմտամետների նախահոր տիտղոսին պետք է վաղուց արժանացած լիներ։ Հենց նա էր ժամանակին հայտարարում, որ իրենք ոչ միայն դեմ են ԵԱՏՄ-ին, այլեւ համոզված են, որ այն «ՀՀ-ն տանում է կործանման»։

Գանք «Ապրելու երկիր» կուսակցությանը, որի համանախագահն է Նիկոլ Փաշինյանի հետ «Ելք» դաշինք կազմած, ապա նրա օրոք նախարար աշխատած Մանե Թանդիլյանը։ Նույն Թանդիլյանը 2017 թվականին ասում էր, որ ԵԱՏՄ անդամակցությունը համարում է քաղաքական սխալ եւ կողմ է եվրոպական ուղղությամբ ինտեգրմանը: ՀԱՊԿ-ի հետ կապված կասկածի տակ էր դնում կազմակերպության տրամադրած անվտանգության արդյունավետությունը եւ կողմ էր Հայաստանի անվտանգության այլ հնարավորությունների որոնմանը։

Այսքանից հետո՝ եւս մեկ հարց է ծագում․ գուցե այսպիսի «հայրենասերների» եւ «ամենաընդունելիների» հետ միանգամից համախմբվեն Նիկոլ Փաշինյանի հե՞տ։ Չէ որ նա էլ է նույնն ասում, նա էլ է երկիրը տանում հակառուսական դաշտ։ Ո՞րն է նրա ու այսպիսի քաղաքական այրերի սկզբունքային տարբերությունը։ Համենայնդեպս, Սամվել Կարապետյանն իր հայտարարություններով ամրապնդում է, որ ոչ մի տարբերություն չկա, ավելին՝ նա իրեն ընտրություններում էլ պարտված չի համարում։ Տպավորություն է, որ Կարապետյանը պայքարում էր զուտ խորհրդարանական գլխավոր ընդդիմություն լինելու համար, այսինքն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Եվ հիմա հաղթել է ու գոհ է, իր մանդատավոր թիմակիցներն էլ՝ եղբորորդու գլխավորությամբ կոնստրուկտիվ աշխատում են ԱԺ-ում։

ՊԱՅՔԱՐ՝ ԱՎԵԼԻ ԹՈՒՆԴ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սամվել Կարապետյանը ստացվում է, որ մի էական աշխարհաքաղաքական, գաղափարական տարաձայնություն Նիկոլ Փաշինյանի հետ չունի։ Պայքարն էլ ոչ թե օր առաջ Փաշինյանին հեռացնելու մեջ է, այլ՝ Արեւմուտքի համակրանքը շահելու։

«Արեւմուտքի աջակցությունը մենք հիմա էլ ունենք եւ ավելի շատ կունենանք, որովհետեւ Արեւմուտքին ձեռնտու չէ թուրքացած Հայաստանը։ Եթե Արեւմուտքը ցանկություն ունի, որ Հայաստանում ապրի թրքացած ժողովուրդ, ես ամբողջությամբ դեմ եմ լինելու Արեւմուտքին», - ասում է Կարապետյանը, ու ոչ մեկը կողքից չի հուշում, որ նույն այդ Արեւմուտքի քավորությամբ՝ Պրահայում Արցախը թուրքացվեց։ Բայց ո՞ւմ ինչ բացատրես, երբ նույն իր խոսքում Կարապետյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է «պրոռուսականը, պրոթուրքականը, պրոադրբեջանականը, պրոմոզամբիկականը»։ Դե իսկ ինքը պրոեվրոպականն է, այն էլ՝ Կիպրոսի անձնագրով։ Դրա համար էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդամենն օրեր առաջ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը եւ Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։ Ահա, թե ո՞ւմ հետ էր հույսեր կապում ընդդիմադիր տրամադրություններ ունեցող, հայ-ռուսական բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները պատմականորեն կարեւորող խաբված ընտրազանգվածը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ