Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել
ՆերքաղաքականՈ՞րն է «ճիշտ եւ սխալ ընդդիմությունը»՝ «Իրավունք»-ը պարզել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը։
— Օրերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համախմբվել «ճիշտ» ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։
— Նման նախաձեռնությունը, անշուշտ, ողջունելի կլինի, եթե իրականություն դառնա, քանի որ մինչ այժմ այդպիսի փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
— Արդյոք առավել արդյունավետ չէր լինի այդ համախմբումը նախքան ընտրությունները:
— Իհարկե, ավելի ճիշտ կլիներ դա իրականացնել դեռեւս նախքան Ազգային ժողով մտնելը՝ ընտրություններից առաջ։ Այն ժամանակ ես իմ ելույթներում եւս անընդհատ շեշտում էի, որ պետք է գնալ միասնական, մեծ դաշինքով, որպեսզի հաղթելու իրական արդյունք ունենանք։ Բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք․ եղավ այն, ինչ եղավ։
— Իսկ ի՞նչ է նշանակում «ճիշտ» կամ «սխալ» ընդդիմություն։ Ձեր կարծիքով՝ ո՞ւմ նկատի ուներ պարոն Կարապետյանը:
— Գիտեք, այսօր Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց համարում են թե՛ ճիշտ, թե՛ միակ իրական ընդդիմությունը։ Բայց ինչ նկատի ուներ նա այդ արտահայտությամբ եւ որ ուժերին է համարում ճիշտ կամ սխալ, պետք է հենց իրենից հարցնել։
— Պարոն Ղազարյան, Դուք ստացե՞լ եք համախմբման առաջարկ։
— Ոչ, նման առաջարկ չենք ստացել։ Չնայած մենք մեր հայտարարության մեջ ժամանակին հստակ նշել էինք, որ պաշտպանում ու աջակցում ենք այն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն եւ միեւնույն ժամանակ հանդիսանում են հայ-ռուսական բարեկամության պահպանման ու առավել խորացման ջատագովը։
— Վերջերս Նիկոլ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը անվանեց «նվեր» իշխանության համար։ Ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ։
— Թե Փաշինյանն ինչ նկատի ուներ իր խոսքում, պետք է նրանից ճշտել։ Միգուցե, դա կապված է նրա հետ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն, ամեն դեպքում, ավելի խոցելի են իրենց տեսակետից: Ունեին մեծ ռեսուրսներ, հնարավորություններ, բիզնեսներ, եւ դրա հետ կապված նաեւ ավելի խոցելի էին, միգուցե, նա դա նկատի ուներ։
— Այնուամենայնիվ, եթե Սամվել Կարապետյանի կողմից լինի միավորման կոնկրետ առաջարկ, ո՞րն է լինելու Կոմունիստական կուսակցության վերջնական պատասխանը։
— Այն ուժերը, որոնք կողմ են Հայաստանի անվտանգության ապահովմանը եւ գտնում են, որ դա պետք է իրականացնել առաջին հերթին Ռուսաստանի հետ, ովքեր կողմ են հայ-ռուսական հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը, կանգնած են ժողովրդի կողքին եւ հոգ են տանում հայ պետականության մասին, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցել։ Եթե հարցը հասնի միավորմանը, ապա Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ի շահ Հայաստանի, հայ ազգի եւ հայոց պետականության պահպանման, պատրաստ է գնալ այդ քայլին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
