Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին
ՄշակութայինՏեւական դադարից հետո՝ երգիչ ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ վերադառնում է շոու-բիզնես՝ նոր երգով, նոր ասելիքով, նոր ալբոմով։ «Իրավունք»-ի հետ անկեղծ զրույցում նա բացել է ոչ միայն ստեղծագործական նոր փուլի, այլեւ իր կյանքի ամենացավոտ էջերի փակագծերը։
«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻ ՓՈՔՐԻԿ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵԼ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՍ»
— Ինչպե՞ս ծնվեց «Nowhere Clear» երգը։ Ինչո՞վ է այն առանձնանում Ձեր առաջիկա ալբոմից, եւ ինչո՞ւ որոշեցիք այն թողարկել որպես առանձին սինգլ։
— Այս սինգլը գրել եմ դեռեւս 2014 թվականին, երբ առաջին անգամ սկսեցի ծանոթանալ էլեկտրոնային երաժշտությանը եւ աշխատել երաժշտական ստեղծագործությունների վրա։ Այդ շրջանում սկսեցի գրել թե՛ երաժշտությունը, թե՛ խոսքերը։ Սակայն, քանի որ դեռ պրոֆեսիոնալ չէի, որոշեցի այն պահել համակարգչում՝ սպասելով այն օրվան, երբ պատրաստ կլինեմ այն ներկայացնել ունկնդրին։ Այդ ստեղծագործությունը միշտ մնացել է իմ մտքում, քանի որ շատ ճշգրիտ արտահայտում է իմ ներաշխարհն ու վերջին տարիների ապրումները։ Այժմ որոշեցի այն թողարկել, քանի որ ցանկանում էի ալբոմիս պաշտոնական թողարկումից առաջ փոքրիկ անակնկալ մատուցել ունկնդիրներիս։
Հատկանշական է, որ այս երգում հնչող վոկալը նույնպես ձայնագրվել է դեռեւս 2015 թվականին՝ Մոսկվայում, ընկերոջս ստուդիայում։ Այս տարիների ընթացքում պահպանել էի այն, իսկ այժմ որոշեցինք վոկալը մշակել եւ ամբողջ ստեղծագործությանը հաղորդել պրոֆեսիոնալ հնչողություն։ Սինգլը որոշեցի թողարկել առանձին, քանի որ այն ոճային առումով էապես տարբերվում է իմ առաջիկա ալբոմից։ Ալբոմը ներառում է ավելի կոմերցիոն, ակումբային հաուս երաժշտություն՝ էլեկտրոնային տարբեր ազդեցությունների համադրությամբ, մինչդեռ այս ստեղծագործությունը մաքուր էլեկտրոնային երաժշտություն է՝ ավելի արտահայտված հեղինակային եւ արտիստիկ մոտեցմամբ։ Ինձ համար կարեւոր էր, որ այն ներկայանար որպես ինքնուրույն աշխատանք՝ պահպանելով իր բնօրինակ գաղափարն ու առանձնահատուկ տրամադրությունը։
— Երգի վերջին հատվածում հնչում է ռեփ-պարտիա։ Ո՞վ է կատարողը եւ ինչո՞ւ եք որոշել նրա անունը գաղտնի պահել։
— Երգի վերջին հատվածի ռեփ վոկալը կատարում է իմ ամենամտերիմ ընկերը, ով անգնահատելի աջակցություն է ցուցաբերել ինձ երաժշտական ճանապարհիս՝ գործիքավորումներից մինչեւ ստեղծագործական որոշումներ։ Նա նաեւ պրոֆեսիոնալ ձայնային ռեժիսոր է, սակայն նախընտրում է իր կարողությունները հանրայնորեն չբացահայտել։ Ես հարգում եմ նրա որոշումը եւ չեմ ցանկանում խախտել նրա անձնական սահմանները։ Իսկ եթե մի օր միասին բեմ բարձրանանք, թող ինքն անձամբ որոշի՝ ցանկանո՞ւմ է բացահայտել իր ինքնությունը, թե՞ ոչ։
— Կարելի՞ է այս երգը համարել անցում դեպի Ձեր երաժշտական նոր փուլը։ Ի՞նչ է այն հուշում սպասվող ալբոմի մասին։
— Այս սինգլն ու առաջիկա ալբոմս բավականին տարբեր են, բայց, միեւնույն ժամանակ, լրացնում են միմյանց։ Ես ինձ համարում եմ բազմաժանր արտիստ եւ ցանկանում եմ ցույց տալ իմ երաժշտական հնարավորությունների տարբեր կողմերը։ Իսկ ալբոմս ավելի կոմերցիոն նախագիծ է, որտեղ ժամանակակից փոփ-հաուսը միահյուսվում է հայկական ժողովրդական երաժշտությանն ու ազգային գործիքներին։ Իմ նպատակն է հայկական մշակույթը ներկայացնել միջազգային լսարանին՝ ժամանակակից երաժշտության միջոցով։
— Առաջիկա ալբոմում պատրաստվում եք համադրել էլեկտրոնային երաժշտությունն ու հայկական ֆոլկլորը։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս երկու տարբեր երաժշտական աշխարհների միաձուլումը։
— Իմ ալբոմի մոտ 70 տոկոսը համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային գործիքները ժամանակակից փոփ-հաուսի հետ՝ ներկայացնելով մեր մշակույթը նոր հնչողությամբ։ Իսկ այս սինգլը բոլորովին այլ ուղղություն ունի․ այստեղ նույնիսկ վոկալս ենթարկվել է էլեկտրոնային մշակման, մինչդեռ ալբոմում փորձել եմ հնարավորինս պահպանել ձայնիս բնական հնչողությունը՝ հայկական ֆոլկլորը միաձուլելով ժամանակակից երաժշտությանը։
«ՏԱՐԱԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵԻՆ»
— Ի՞նչ եղավ Razboy-ի հետ, 2000-ականների սկզբին Ձեր ստեղծած սկանդալային կերպարը, կարծես, անհետացել է եւ հիմա լրիվ ուրիշ՝ Վարդան Նահապետյան եք։
— Երբ դեռ ձեւավորվում ես որպես արտիստ, փորձում ես տարբեր ուղղություններ եւ փնտրում ինքդ քեզ։ Սովորել եմ Հայաստանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, աշխատել եմ Երեւանի ձայնագրման ստուդիայում՝ որպես տնօրեն, մասնակցել տարբեր նախագծերի։ Իմ կերպարը միշտ քննարկումների առիթ է տվել, իսկ համացանցում իմ մասին տարածված տեղեկություններից շատերը չեն համապատասխանել իրականությանը։
Տարիների ընթացքում հասկացա, թե ինչն է ինձ իսկապես հոգեհարազատ, եւ որոշեցի կենտրոնանալ սեփական երաժշտական ուղու վրա։ Այդ պատճառով էլ ուսումս շարունակեցի կոնսերվատորիայում՝ Ռաիսա Մկրտչյանի դասարանում՝ նպատակ ունենալով ստանալ մասնագիտական կրթություն եւ զարգացնել իմ անհատական ոճը։ Այսօր ինձ համար կարեւոր է ոչ թե պարզապես ուշադրության կենտրոնում լինելը, այլ ստեղծել երաժշտություն, որն իսկապես արտահայտում է իմ ներաշխարհը եւ երաժշտական ճաշակը:
— Դուք, փաստորեն, արդեն հանրությանը հայտնի էիք՝ որպես երգիչ, երբ որոշեցիք սովորել ու ավարտել Կոնսերվատորիան։ Ինչո՞վ էր այն Ձեզ համար կարեւոր, ի՞նչ փոխեց Ձեր երաժշտական ոճի մեջ։
— Կոնսերվատորիայում սովորելը փոխում է երաժշտության հանդեպ քո մոտեցումը. սկսում ես ամեն ինչ ավելի խորությամբ ուսումնասիրել, ուշադրություն դարձնել նոտաներին, երաժշտական քերականությանը, ակորդներին եւ յուրաքանչյուր ստեղծագործության մանրուքներին։ Մինչեւ որեւէ աշխատանք հանրությանը ներկայացնելը՝ բազմիցս քննարկում ես այն մասնագետների հետ եւ սովորում նորովի ընկալել երաժշտությունը։ Այս ճանապարհին ինձ շատ են օգնել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն ու Ռաիսա Մկրտչյանը, որոնց գիտելիքներն ու մասնագիտական մոտեցումն ինձ համար անգնահատելի են։
«ՄՈՐՍ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԱՅՈ՛, ԲԺԻՇԿՆԵՐԻ ՍԽԱԼ ԿԱՐ»
— 9-10 տարի է անցել այն օրերից, երբ հանրայնորեն խոսեցիք մայրիկի չարաբաստիկ հիվանդության եւ նրա կորստի մասին։ Գիտենք, թե ինչ ծանր ապրումներ եք ունեցել, երբ չկարողացաք անգամ նրա հուղարկավորությանը մասնակցել։ Այն ժամանակ մեղադրում էիք բժիշկներին, այսքան տարի անց գտե՞լ եք Ձեզ հուզող հարցերի պատասխանները, թե որտեղ եւ ովքեր սխալվեցին։
— Մորս մահվան հետ կապված՝ այո՛, բժիշկների սխալ կար, եւ այդ մասին ես բարձրաձայնել եմ։ Հետո որոշեցի բաց թողնել այդ թեման, քանի որ անցյալը փոխել հնարավոր չէ։ Հորս մահից հետո նույնպես երկու տարի լռություն պահպանեցի։ Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ որոշ կորուստներ դառնում են ճակատագրիդ մի մասը, եւ սովորում ես ապրել դրանց հետ։ Հայրս այնքան էլ չէր ցանկանում, որ ես բեմ բարձրանամ եւ հանրային անձ դառնամ։ Մեր ընտանիքում դա ընդունված չէր, եւ նրա համար դժվար էր հաշտվել այդ մտքի հետ։ Սակայն, ես հավատում եմ, որ ծնողներս կցանկանային՝ իմ կյանքում ամեն ինչ լավ լիներ։ Հորս մահից ընդամենը 6-րդ կամ 7-րդ օրը վերադարձա ստուդիա։ Դա չէր նշանակում, որ չէի սգում կամ չէի հարգում նրան․ պարզապես փորձում էի շարունակել ապրել։ Այդուհանդերձ, երկու տարի լռություն պահպանեցի, որովհետեւ որոշ ցավեր բառերով արտահայտելն անհնար է։
— Եթե այսօր հնարավորություն ունենայիք հանդիպելու ինը տարի առաջվա Վարդան Նահապետյանին՝ այն մարդուն, որը պայքարում էր մայրիկի կյանքը փրկելու համար, ի՞նչ կասեիք նրան։
— Եթե ես այսօր լինեի այն նույն Վարդանը, որը ութ կամ ինը տարի առաջ էր, կուզեի, որ մայրս մնար այստեղ՝ իմ կողքին։ Այն ժամանակ ես թույլ չտվեցի, որ նա ավելի վաղ մեկնի Գերմանիա, եւ այսօր հաճախ եմ մտածում այդ մասին։ Կան բաներ, որոնք ժամանակին չես ասում, զգացմունքներ, որոնք չես հասցնում արտահայտել, եւ պահեր, որոնք այլեւս վերադարձնել չես կարող։ Ես արել եմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում էր, եւ այսօր փորձում եմ հաշտվել անցյալի հետ՝ ընդունելով իմ սխալներն ու հաղթահարելով իմ ցավերը։ Ամենակարեւորը՝ հավատում եմ Աստծուն եւ համոզված եմ, որ մի օր մենք կրկին կհանդիպենք։
— Կա՞ մի խոսք, ասելիք, որ այդ օրերին չհասցրեցիք ասել մայրիկին եւ որը մինչ օրս մնացել է Ձեր սրտում, ո՞րն է այն։
— Ինձ հաճախ թվում է, որ գուցե բավարար չափով չեմ արտահայտել սերս ծնողներիս հանդեպ, թեեւ գուցե սխալվում եմ։ Երբ փոքր ես, շատ բաներ չես գիտակցում, իսկ տարիների ընթացքում, երբ հասունանում ես, սկսում ես մտածել՝ ինչու այսպես չվարվեցի, ինչու ավելի շատ չասացի, ինչու չարեցի այն, ինչ այսօր կանեի առանց վարանելու։ Հավանաբար, սա է հասունանալու ամենացավոտ կողմերից մեկը․ հասկանալ, որ այն ժամանակ էլ սիրում էիր ամբողջ սրտով, պարզապես դեռ չգիտեիր՝ ինչպես արտահայտել այդ սերը։ Իսկ այսօր, եթե հնարավորություն ունենայի, ծնողներիս միայն մի բան կասեի՝ անսահման սիրում եմ ձեզ։ Ես չէի պատկերացնում, թե որքան դժվար է ապրել այս աշխարհում՝ առանց նրանց ներկայության։ Ամենասարսափելի զգացողություններից մեկն այն է, երբ կարոտում ես ծնողներիդ սերն ու ջերմությունը, փնտրում ես դրանք ամբողջ աշխարհում, բայց ոչ մի տեղ չես գտնում այն, ինչ միայն նրանք կարող էին քեզ տալ։ Եվ այդ դատարկության հետ ապրելը շատ դժվար է։
«ԿԱՅԻՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԼՌԵՑՆԵԼ ԻՆՁ, ՈՐՊԵՍԶԻ ՉԽՈՍԵՄ»
— Այն ժամանակ ասում էիք, որ ցանկանում եք Ձեր պատմությամբ օգնել մյուս մարդկանց՝ նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար։ Այսօր ի՞նչ խորհուրդ կտաք քաղցկեղի դեմ պայքարողներին ու նրանց հարազատներին։
— Կային մարդիկ, որոնք փորձում էին լռեցնել ինձ, որպեսզի չխոսեմ բժիշկների թույլ տված սխալների մասին, բայց ես որոշեցի չլռել։ Իմ նպատակը երբեք ինքնագովազդը կամ հանրության ուշադրությունը գրավելը չի եղել։ Ես պարզապես ցանկանում էի, որ մարդիկ տեղեկացված լինեն, ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ եւ պարբերաբար՝ վեց ամիսը կամ տարին մեկ, բուժզննում անցնեն։ Իմ պատմությամբ կիսվել եմ, որպեսզի մարդիկ կարողանան ժամանակին հոգ տանել իրենց մասին։ Ոմանք դա համարեցին փիառ, բայց այն փաստը, որ դրանից հետո գրեթե ութ-ինը տարի լռել եմ, ինքնին ցույց է տալիս, որ իմ նպատակը հանրային ուշադրությունը չէր։ Ես հավատում եմ, որ առողջության մասին գիտելիքն ու բուժման հնարավորությունները պետք է հասանելի լինեն մարդկանց, եւ յուրաքանչյուր մարդ արժանի է իր առողջության համար պայքարելու հնարավորությանը։
— Ժամանակը փոխո՞ւմ է կորստի զգացողությունը, թե՞ պարզապես սովորեցնում է ապրել դրա հետ։ Ձեր դեպքում ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում։
— Երբ կորցնում ես ծնողներիցդ մեկին, մյուսի ներկայությունը քեզ ուժ է տալիս շարունակել ապրել։ Մորս մահից հետո ինձ համար շատ դժվար էր, բայց ես գիտեի, որ ունեմ հորս, եւ դա ինձ ուժ էր տալիս առաջ շարժվելու։ Իսկ երբ իմացա հորս մահվան մասին, կարծես կորցրի իրականության զգացումը․ հիշում եմ՝ զգացողություն ունեի, որ հողը փախչում է ոտքերիս տակից։ Մի քանի ժամ լիակատար շոկի մեջ էի։ Այդ պահին հասկացա, որ այս աշխարհում այլեւս մենակ եմ եւ պետք է ինքս ուժ գտնեմ՝ շարունակելու իմ ճանապարհը։
Երբեմն մտածում եմ՝ գուցե Աստված թույլ է տալիս, որ անցնենք նման փորձությունների միջով, որպեսզի ինքնուրույն ուժեղանանք։ Ծնողներս շատ էին սիրում միմյանց։ Թեեւ հայրս միշտ չէ, որ արտահայտում էր իր զգացմունքները, ես գիտեի, թե որքան խորն էր կարոտում մորս։ Ինձ մխիթարում է այն միտքը, որ այսօր նրանք երկնքում կրկին միասին են։ Ես հավատում եմ Աստծուն եւ այդ հավատով շարունակում եմ ապրել։
Կցանկանամ բոլորին առողջություն մաղթել եւ ասել՝ երբեք մի՛ կորցրեք հավատը ձեր հանդեպ։ Գնահատեք ձեր հարազատներին, քանի դեռ նրանք ձեր կողքին են։ Շնորհակալ եմ այսքան խոր ու կարեւոր հարցերի համար։
— Դուք նկարահանվել եք Tom Ford Black Orchid-ի գովազդում, սակայն դրանից հետո երկար ժամանակ հանրային դաշտում ակտիվ չէիք։ Ի՞նչ տեղի ունեցավ, եւ ի՞նչ ծրագրեր ունեք այժմ։
— Այդ շրջանը համընկավ կյանքիս ամենաբարդ փուլերից մեկի հետ․ հորս մահից հետո գրեթե երկու տարի դադար վերցրի։ Իրավական նոր կարգավորումների հետեւանքով հայտնվեցի վերահսկվող անձանց ռեեստրում, եւ Մոսկվայում իմ բանկային հաշիվները սառեցվեցին։ Այժմ Հայաստանում եմ եւ որոշել եմ վերադառնալ երաժշտությանը՝ թողարկելով իմ նոր ալբոմը՝ առանց տեսահոլովակների։ Ալբոմը հասանելի կլինի Apple Music-ում, Spotify-ում, Amazon Music-ում եւ մյուս թվային հարթակներում։ Ինձ համար սա նոր փուլ է՝ ավելի հասուն, ինքնուրույն եւ ամբողջությամբ երաժշտության վրա կենտրոնացած։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
