Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել «Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին Թրամփը հաստատել է, որ ուկրաինական հետք կա իր իմփիչմենթի գործում Ուկրաինական ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին ներ հարվածաշար է հասցվել Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի պահ, երբ խոսքից անցնում ենք գործի. վարչապետ Ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի. առաջիկա օրերին մի շարք շրջաններում սպասվում են անձրև ու ամպրոպ

Մենք մոտենում ենք նոր աշխարհակարգի վճռորոշ պահին

Վերլուծություն

Հարցազրույց հայտնի պատմաբանի, պատմական գիտությունների թեկնածուի, Մոսկվայի պետական ​​համալսարանի պետական ​​կառավարման ֆակուլտետի դոցենտի հետ

 

– Օլե՛գ Ռուդոլֆովիչ, դատելով Ձեր գրքերից, որոնցից, ցավոք, ոչ բոլորն եմ կարդացել, Դուք, կարելի է ասել, Առաջին համաշխարհային պատերազմի մասնագետ եք։ Դուք շատ նյութեր ունեք ռուս-ճապոնական պատերազմի մասին, բազմաթիվ հոդվածներ խորհրդային շրջանի 1930-ական թվականների պատմական հատվածի մասին։ Եվ ընդհանրապես, Ձեզ ամենից շատ հետաքրքրում է համաշխարհային պատմության 1801-ից մինչև 1941 թվականի շրջանը, որքանով ես գիտեմ։ Պատմեք, խնդրում եմ, Ձեր արմատների՝ Ձեր հոր, մոր մասին։

– Եթե շատ կարճ՝ ես ծնվել եմ, բնականաբար, Խորհրդային Միությունում՝ Ստորին Վոլգայի մի փոքրիկ քաղաքում (այնտեղ ծառայում էր հայրս): Իմ հայրը ղարաբաղցի հայ է, նա ծագումով մի գյուղից է, որի մասին, ցավոք, հիմա կարող եմ միայն ասել, որ այն «եղել է»՝ Քեմրյակուչը (Կարմրակուճ գյուղի բարբառային անվանումը – թարգմ.), Հադրութից ոչ հեռու: Այն գոյություն ուներ մինչև վերջին ժամանակներս, կանգուն էր դարերով, իսկ հիմա ահա չկա: Իսկ մայրս Վոլգայից է: Իմ մեջ, այսպիսով, տեղական կազակական արյունը միախառնվել է ղարաբաղյան արյան հետ:

Մեծացել եմ Բաքվում՝ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում, և քաղաքի հետ արդեն շատ վաղուց ոչ մի ընդհանուր բան չեմ ունեցել։ Քանի որ բանակում ծառայելուց հետո ես ընդունվեցի Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետ, և դրանից հետո իմ կյանքը կապված է եղել առավելապես ՄՊՀ-ի (Մոսկվայի պետական​​համալսարան) հետ։ Ահա և այժմ զբաղվում եմ պատմությամբ։ Փորձում եմ ուսումնասիրել տարբեր տիպի հարցեր, որոնք հետաքրքրում են ինձ, ինչպես, հուսով եմ, նաև իմ ընթերցողների մի մասին։

– Ձեր հոդվածները հաճախ կարելի էր տեսնել և կարդալ այնպիսի ռեսուրսներում, ինչպիսիք էին իրենց ժամանակին հայտնի “ИА REGNUM”-ը (դաշնային տեղեկավական գործակալություն, ինտերնետային հրատարակություն, հիմնադրված 2002 թ. – թարգմ.) և “REX”-ը (տեղեկավական գործակալություն, հիմնադրված 2009 թ. – թարգմ.): Որտե՞ղ եք հրատարակվում այսօր: Որտե՞ղ կարելի է ծանոթանալ Ձեր հոդվածներին:

– Իմ հոդվածները տարբեր են։ Եթե խոսքը գիտականների մասին է, կարելի է ծանոթանալ Չինաստանի, Ճապոնիայի հրատարակություններում, թուրքերենով, հրապարակումներ ունեմ սերբերենով, անգլերենով, իսպաներենով. այսինքն՝  թարգմանում են, որոշակի հետաքրքրություն արտասահմանում կա։ Իսկ այստեղ իմ գիտական հրապարակումները հիմնականում կենտրոնական պատմական ամսագրերում են։ Այն, ինչ մեզանում կոչվում է քաղաքական հրապարակախոսություն, վերջին ժամանակներս հայտնվում է նաև “EADaily”-ում և ինտերնետային այլ հրատարակություններում, ինչպիսին է “OSTKRAFT”-ը։ Հարցազրույցներ եմ տալիս «Ռոսիա 24»-ի լրագրողներին և այլն։ Աշխատում եմ, երբ ինձ հարցնում են, իմ կարծիքն արտահայտել նաև արդիական հարցերի վերաբերյալ, ոչ միայն անցյալի։

– Ձեր հոդվածներից մեկում, դեռևս 2016 թվականին, Դուք ասել եք, որ Արևմուտքն այլևս չի վախենում պատերազմից, չնայած թվում էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտությունից հետո նրանք պիտի որ դասեր քաղած լինեին։ Եվ ահա հիմա, ընդհակառակը, նրանք ցանկանում են այդ պատերազմը, պատրաստվում են դրան։ Նրանք դրա մասին խոսում են, չթաքցնելով։ Ինչո՞ւ։

– Եթե ​​մտասուզվենք, Արևմուտքը Արևելքի դեմ արշավանքին առաջին անգամ չէ որ պատրաստվում է։ Կարելի է հիշել խաչակրաց Drang nach Osten-ը (Դրանգ նախ Օսթեն) արշավանքը, որը տեղի ունեցավ հին ռուսական պետության գոյության արշալույսին, կարելի է հիշել Նապոլեոնի արշավանքը։ Հիտլերն այս առումով առաջինը չէր, ինչի մասին հենց ինքն էր ասում։ Նա հայտարարում էր, որ պետք է հետևել անցյալի միտումներին և այդ գործը հասցնել մինչև վերջ։ Իսկ Արևմուտքը, այո՛, իհարկե, փորձ ձեռք բերեց նացիստական ​​Գերմանիայի պարտությունից, բայց մենք սովորաբար խոսում ենք հիտլերյան Գերմանիայի մասին՝ մոռանալով, որ, ըստ էության, դա միավորված Եվրոպայի արշավանքն էր Գերմանիայի գլխավորությամբ, և ոչ թե գերմանացիները պարզապես մեզ այցի եկան։ Որովհետև գործնականում Եվրոպայի բոլոր մյուս երկրները այս կամ այն ​​չափով դրանում մասնակցություն ունեցան։ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, ռազմական զորքերը. Ռումինիան, Հունգարիան, Բելգիան, Նորվեգիան, գրեթե բոլորը ուղարկել էին։ Պարզապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ խորհրդային զորքերը կանգնած էին Օդերի ափին, դրա կրկնության մասին խոսելը այնքան էլ հարմար չէր։ Եվ բացի դրանից, Խորհրդային Միությունը բավական արագ ստեղծեց միջուկային զենք ու կրիչներ, և բոլորին պարզ էր, որ եթե «կրկին», ապա կարող են այլևս չդիմանալ դրան։ Սակայն 1990-ականների սկզբին տեղի ունեցավ այն, ինչ եղավ. երկիրը գրեթե մեկ տասնամյակ ղեկավարեցին անպատասխանատու մարդիկ, որոնք Ռուսաստանին 1998 թվականին փաստորեն անկման հասցրին։

– Իսկ այսօր նրանք չե՞ն վախենում այս միջուկային մարտագլխիկից։

– Դատելով ըստ ամենայնի, չեն վախենում։ Դատելով ելույթներից՝ ոչ թե նրանց, ում այժմ անվանում ենք ինչ-որ «բազմոցային փորձագետներ», այլ առաջին կարգի քաղաքական գործիչների՝ արևմտյան երկրների ղեկավարությունից, ՆԱՏՕ-ի ղեկավարությունից։ Երբ բրիտանական հեռուստատեսությունում լրջորեն քննարկվում է, թե քանի միջուկային հարված պետք է հասցնել Մոսկվային, որպեսզի նա անկենսունակ դառնա... Ես հարցնում եմ իմ բրիտանացի պատմաբան գործընկերներին. «Դուք բոլորդ այդտեղ իսկապե՞ս խելքներդ թռցրել եք։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ եթե, Աստված մի՛ արասցե, ամեն ինչ ընթանա այդ սցենարով, Լոնդոնը դրանից հետո դժվար թե մնա քարտեզի վրա»։

– Բրիտանական կղզին էլ կարող է չփրկվել։

– Այո՛, կարող է չփրկվել։ Եվ այստեղ հարցը ոչ ոք այդպես չի դնում։ Իսկ վերջին ժամանակներս լեհերն ակտիվացել են Կալինինգրադի մարզում... Դե, լավ, ասենք, լեհերը, դա պարզ է. այնտեղ Ռուսաստանի նկատմամբ ատելությունը ազգային մշակույթի մի մասն է։ Նրանք պատրաստ են մեռնել, այրվել իրենց երեխաների, իրենց հայրերի ու մայրերի հետ միասին, միայն թե ինչ-որ վնաս պատճառեն։

– Եվ հիմա նրանք այս վարակը գցել են Ուկրաինայի վրա։

– Այո՛, այո՛։ Այնպես որ, ընդհանուր առմամբ շատերը կարծում են, թե իրենք կկարողանան հարված հասցնել, և այդ հարվածը անպատիժ կմնա։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր 2000-ականների սկզբին տարածվում հակահրթիռային պաշտպանության գաղափարը Եվրոպայում: Այս մարդիկ նույնիսկ անպատկառությամբ ասացին, թե այդ հակահրթիռային պաշտպանությունը կառուցվում է Իրանի հրթիռների դեմ։ Բայց նրանք ստեղծում էին դրա տարրերը Չեխիայում, Լեհաստանում և Նորվեգիայում։ Շատ ծիծաղելի էր. հենց ճիշտ Իրանի դեմ դա դնելու տեղն էր: Բայց հիմնական գաղափարը, և նրանք դա չէին թաքցնում, հետևյալն էր. «Մենք հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ կզարգացնենք, մենք հարված կհասցնենք Ռուսաստանին, իսկ ՀՀՊ համակարգը մեզ կպաշտպանի պատասխան հարվածից»։ Հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա, բայց հիմա Եվրոպայում, հատկապես այս բրյուսելյան ժողովրդավարության պայմաններում, մարդիկ անպատասխանատու են։

– Ելք կա՞ սրանից։ Կամ էլ, միգուցե, արժե մարտավարական այդպիսի մի փոքրիկ ռո՞ւմբ փորձարկել։

– Ելք միշտ կա։ Հարցն այն է, թե ո՞ւր։ Առայժմ նրանք պատրաստում են ելք դեպի Արմագեդոն, այսինքն՝ դեպի աշխարհի վերջը։ Մենք պետք է հասկանանք, որ մենք հիմա ապրում ենք, անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ (անձամբ ինձ բոլորովին դուր չի գալիս) մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Եթե մենք դիտարկենք միջազգային հարաբերությունների պատմությունը, միշտ եղել է այնպես, որ գոյություն է ունեցել ինչ-որ մի համակարգ, որն ի հայտ է եկել քաղաքական կառուցվածքի մեջ՝ նույն Եվրոպայում, տեկտոնական տեղաշարժերով վիթխարի հակամարտություններից հետո։ Երեսնամյա պատերազմն ավարտվեց Վեստֆալյան խաղաղությամբ. դա նոր աշխարհակարգ էր։ Այս աշխարհակարգն աստիճանաբար անկում ապրեց. Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո սկսվեցին նապոլեոնյան պատերազմները, որոնք, ըստ էության, համաշխարհային պատերազմ էին։ Դրանք ընդգրկեցին բոլոր մայրցամաքները։ Եվ կար միտում, որ Եվրոպայում բոլոր հակամարտությունները այժմ ավտոմատ կերպով դառնում են համաշխարհային։ Դրանք ավարտվեցին Վիեննայի պայմանագրով և հերթական նոր աշխարհակարգով, որը գոյություն ունեցավ մինչև 1914 թվականը։ Հետո այն անկում ապրեց՝ նոր համաշխարհային պատերազմ և Վերսալյան համակարգ։ Այն երկար կյանք չունեցավ. 1939 թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Պոտսդամ-Յալթայի համակարգ, որին ոչնչացրին 1991 թվականին: Հիմա հարց է դրված՝ իսկ ի՞նչ է լինելու հետո: Եվ ահա հիմա այս Պոտսդամ-Յալթայի համակարգի ավերակների վրա, որը փոքր-ինչ սրբագրվել է Հելսինկիի համաձայնագրերով (որոնք կարելի է մոռանալ), մենք միանգամայն տեսանելի կերպով մոտենում ենք նոր աշխարհակարգի վճռական պահին։

– Ոմանք խոսում են Պոտսդամ-2-ի մասին։

– Այո՛։ Բայց այս Պոտսդամ-2-ի մասին հարցը. արդյոք ժամանակակից քաղաքական գործիչները կունենա՞ն բավարար պատասխանատվությունն ու խելք՝ դա անելու առանց նրա, ինչ նախորդել էր Պոտսդամ-2-ին, այսինքն՝ առանց համաշխարհային պատերազմի։

– Օլե՛գ Ռուդոլֆովիչ, վերջին տասնամյակում նախկին խորհրդային հանրապետություններում տեղի ունեցավ բնակչության, ոչ միայն ընտրախավի շրջանում, գաղափարախոսական գիտակցության ինչ-որ փոփոխություն: Մենք սա տեսնում ենք և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում, և Մոլդովան էլ այնտեղ գնաց, հիմա էլ Հայաստանն է այնտեղ գնում՝ ձգվում է դեպի ԵՄ՝ չհասկանալով, թե ինչու: Սա ի՞նչ է. բացթողո՞ւմ է Ռուսաստանի կողմից, որ նախկին միութենական հանրապետություններն այսպես ցիրուցան եղան, թե՞դրա համար կան այլ պատճառներ:

– Ինչպես ես եմ պատկերացնում, դրա համար կա պատճառների մի ամբողջություն։ Ցանկացած խոշոր փոփոխություն դժվար թե կարելի լինի հիմնավորել մեկ պատճառով։ Նման տեղաշարժերը միշտ ծնվում են բազմաթիվ բաղադրիչներից կազմված վեկտորի վրա։ Եվ, իհարկե, սա մասամբ նաև Ռուսաստանի բացթողումն է։ Մեզանում շատ են սիրում խոսել «փափուկ ուժի» մասին, այն հատուկ ազդեցության մասին, թե Ռուսաստանը պետք է, պետք է, պետք է... Բայց չէ՞ որ այնտեղ՝ նույն Հայաստանի Հանրապետությունում, ոչինչ չի եղել կամ գրեթե ոչինչ։ Այդ նույն ցուցակի մեջ, որը Դուք թվարկեցիք, ես կարող եմ ավելացնել նաև Ուզբեկստանը, Տաջիկստանը, նույնիսկ Բելառուսը։ Այսպիսով, կրթական համակարգի նկատմամբ բացարձակ անուշադրություն, իսկ ո՞ր բայից է ծագում այս գոյականը («образование» – «կրթություն»)։ «Образовывать»-ից, այսինքն՝ «ձևավորել»։ «Կրթություն»-ը «ձևավորում» բառին նույնական տերմին է։ Այն մարդու քաղաքական, բարոյական և այլ հայացքների, այսպես ասենք, սկիզբն է դնում։ Մեզանում դրա նկատմամբ բացարձակ անուշադրությունը եղել է տասնամյակներ շարունակ։ Եվ ահա արդյունքը. այն, ինչ Դուք ասացիք, և ես Ձեզ հետ համաձայն եմ. սերունդը, պայմանականորեն ասենք խորհրդային մարդկանց և նրանց ավելի մոտ հետխորհրդային սերունդը, որը դեռևս զարգանում էր խորհրդային դպրոցի լուրջ ազդեցության ներքո՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով, փոխվել է։ Եվ եկան բոլորովին ուրիշ մարդիկ։

Ի դեպ, եթե խոսենք Հայաստանի մասին, իզուր չէր, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի կառավարությունը առաջին հերթին զբաղվեց դասագրքերով, որոնցում սկսեցին ներդնել պարզապես անհեթեթ (ֆանտազմագորիկ) դրույթներ։ Սակայն գործնականում ամենուրեք, սկսած Մերձբալթիկայից 1990-ական թվականներին, մենք տեսնում ենք, որ այս հիշողության ինստիտուտները լեհական և այլ նմուշօրինակի պես առաջին հերթին նախ կատարում են համալսարանների, դպրոցների, դասագրքերի «մաքրում»։ Եվ այս ամենն արվում է նույն ձևանմուշով (լեկալ), եթե ուշադիր դիտարկենք։ Ժամանակին ես մի հարցազրույցում ասացի, որ Հայաստանում ընդունել են մի դասագիրք, որը ժխտում է Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը։ Դասագրքում պարզապես հայտարարեցին, թե Ռուսական կայսրությունը զավթել է Էրիվանի խանությունը։ Եվ այն, որ ստեղծվել է Հայկական մարզ, ըստ էության, Ռուսաստանի օկուպացիայի արդյունքն է։ Ահա այս մարդիկ, եթե կարելի է նրանց մարդ անվանել, որոնք հիմա Երևանում իբր թե այդ գործով են զբաղված, նրանք գոնե գիտակցո՞ւմ են, թե ինչ են իրենք պատճենում, և ինչի դա կհանգեցնի։

Սա կատարյալ զառանցանք է։ Եվ ահա կամաց-կամաց Ուկրաինայում նոր սերունդ է աճում, ահա նա սկսել է աշխատել, և կյանք է մտել բոլորովին այլ հայեցակարգերով ու հայացքներով։ Ռուսաստանը մեղավո՞ր է արդյոք սրա համար։ Հավանաբար, նույնպես, որովհետև, միգուցե Մշակույթի նախարարությունը չպետք է ֆինանսավորեր «Մազեպա» ֆիլմը, որը նկարահանվել է Ուկրաինայում։ Միգուցե չարժեր այս ամենն անել։ Որովհետև ո՞րն էր հիմնական ուղերձը։ «Մենք միասին մերժում ենք խորհրդային հասարակությանը»։ Բայց ես կարդացել եմ արևմտաուկրաինացի մի սոցիոլոգի շատ լավ աշխատություն, դա դեռևս 2000-ական թվականների սկզբին էր, և նա գրել էր, որ իրավացի չեն իր այն ուկրաինացի համախոհները (նա ազգայնական էր), որոնք կարծում են, թե Մոսկվան ու նրա քարոզչությունը Արևելյան Ուկրաինայում ինչ-որ սպառնալիք են պաշտոնական Կիևի համար։ Քանի որ ձախափնյա Ուկրաինայի բնակչության զգալի մասի ինքնագիտակցությունը խորհրդային է։

Երբ ներկայիս պաշտոնական ռուսական քարոզչությունը աշխատում է ոչնչացնել այս ինքնագիտակցությունը, նա աշխատում է ուկրաինական ազգայնական քարոզչության հետ զուգահեռ, քանի որ նա ոչնչացնում է՝ առանց ստեղծելու: Իսկ ստեղծում են այս ավերակների վրա հենց ուկրաինացի ազգայնականները: Այս ընկերն իրավացի էր: Իսկ այն մարդիկ, որոնք Կրեմլում ռուսական քարոզչության նման ուղղության վերաբերյալ որոշում ընդունեցին, սխալ դուրս եկան: Եվ ահա մենք ունենք այն, ինչ ունենք: Հայաստանում ընդհանուր առմամբ նույնպես խորհելու բան կա:

– Սեպտեմբերին Հայաստանում տոն է՝ Հայաստանի անկախության օրը։ Սակայն Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը «վնասակար փաստաթուղթ» է։ Ընդհանրապես, նա բազմաթիվ, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություններ է անում՝ և՛ հայոց ցեղասպանության, և՛ Արարատ լեռան, և՛ Հայ առաքելական եկեղեցու մասին։ Այս ամենը մենք գիտենք, տեսնում ենք։ Էլ չեմ ասում  ընդհանրապես Արցախի մասին. «Արցախը Ադրբեջան է, և վերջ», թեև սկզբում նա ասում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչի հետևանքով էլ սկսվեց այս պատերազմը 2020 թվականին։ Օլե՛գ Ռուդոլֆովիչ, ի՞նչ է այս ամենը նշանակում։

– Կարելի է ասել, որ Նիկոլ Վովաևիչը բավական անկեղծ և հետևողական է։ Երբ նա դեռ նոր էր ընտրվել, ես հարցազրույց տվեցի “EADaily”-ին և նրան անվանեցի «Նիկոլաշա-նիդվորաշա» («Николаша­нидвораша»)։ Ես ասացի, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության վերացման (լիկվիդացիոն) կոմիտե։ Շատերն այն ժամանակ ինձ քննադատեցին, նույնիսկ ընկերներս՝ թե այդպես ասել չի կարելի։ Իսկ  ես պնդում էի, որ այս Վովաևիչը գործը կհասցնի հայկական պետականության կործանմանը և, հնարավոր է, վերջակետ կդնի հայ ժողովրդի հազարամյա պատմության վրա։ Հնարավոր է, որ դա է նրա գործառույթը. ոչ միայն ներկայանալ որպես երջանիկ կրծող, երբ անընդհատ ինչ-որ բան է ուտում նախընտրական արշավի ժամանակ, ինչպես բոլորը դա տեսնում են։ Բայց դա ոչինչ. լավ ախորժակը պատժելի չէ, ինչպես ասում են։ Բանն այն է, որ եթե մենք նրա բոլոր հայտարարությունները ի մի բերենք, մենք կտեսնենք, որ նա բավական հետևողականորեն ժխտում է հայկական պետության մեջ և այս տարածքում հայերի ապրելու իրավունքը։

Նա, ըստ էության, սա ասում է բավական բացահայտ կերպով։ Եվ այս կապակցությամբ ես միայն մի բան չեմ կարողանում հասկանալ. ինչո՞ւ են հայերը քվեարկում այս մարդու օգտին։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ստեփանակերտի, Շուշիի հետ, այս ամենը կարող է կրկնվել ավելի բարձր մակարդակով։ Եվ սրա վտանգը Նիկոլ Վովաևիչի պատճառով օր օրի ավելի ու ավելի իրական է դառնում։ Որովհետև ռուսական բազայի դուրսբերումից հետո, որը նա հռչակել է որպես իր քաղաքական կուրսի նպատակներից մեկը, Հայաստանը կմնա առանց որևէ պաշտպանության։ Կարելի է խոսել այն մասին, որ այս պաշտպանությունը բավարար չէ. գուցե կցանկանային ստանալ ավելի լավը, բայց չէ՞ որ ուրիշը չկա։ Ուրիշը պարզապես խոսքեր են, իսկ խոսքերը, ընդհանուր առմամբ, անպատասխանատու են. դրանք ոչ մի բանի չեն պարտավորեցնում այն մարդկանց, ովքեր ասում են այդ խոսքերը: Ինչպես իր ժամանակին ասել է Թալեյրանը, չնոտագրված երաժշտությունը չի հնչում: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը պարտադիր բնույթի ոչ մի դիվանագիտական ​​փաստաթուղթ չունի ոչ մեկի հետ, բացի Ռուսաստանից: Եվ հենց այս պարտավորություններն էլ պարոն Փաշինյանը մտադիր է ոչնչացնել:

– Եվ ո՞ւր ենք  մենք գնում։ Եվ, Չեռնիշևսկու նմանությամբ՝ ի՞նչ անել։

– Մենք բոլորս մարդիկ ենք, և բոլոր մարդիկ, այս կամ այն ​​կերպ, այս աշխարհից գնում են դեպի մյուսը։ Ոչ մեկը, ինչպես ասում են, այս աշխարհում չի կարողացել ավելի երկար մնալ, քան սահմանված է։ Հարցը այս շարժման արագությունն է։ Եվ էլի մի շատ կարևոր հարց՝ ժառանգության մասին։ Շատ կարևոր ընդհանրապես հայկական քաղաքակրթական ծածկագրի (կոդ) համար։ Հիշո՞ւմ եք հրաշալի վիպակ կար՝ «Նահապետը»։ Հոյակերտ է՝ Արևմտյան Հայաստանից մի մարդու ճակատագրի մասին է, որը վերապրել է ցեղասպանությունը։ Ի դեպ, վերջերս պարզվեց, որ ցեղասպանության համար մեղավոր է Ռուսաստանը։ Որը փրկել է հայերին։

– Այնտեղ ինչ ուզում են, կարող են հայտարարել։ Ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում։

– Ես դեռ զարմանում եմ, որ պարոն Փաշինյանն ընդունում է, որ մի ժամանակ եղել է Արևմտյան Հայաստան, և որ հայերն այնտեղ եղել են։ Կարող էր ասել, թե նրանք ընդհանրապես այնտեղ չեն եղել, պարզապես ինչ-որ մեկը պատահաբար անցել է այնտեղով։ Բայց, այնուամենայնիվ, սա պատմություն է մի մարդու մասին, որն անցել է ընտանեկան ու անձնական հսկայական ողբերգության միջով, կորցրել է ամեն ինչ. սա մի մարդ է, որն Արևելյան Հայաստանի նոր հողում այգի է տնկում և կրկին ամուսնանում, որպեսզի այս կյանքը երկարի, որպեսզի լինի մեկը, որին կարող է ամեն ինչ փոխանցել։ Շատ  սրտառուչ, շատ նուրբ ստեղծագործություն է։ Քիչ հայտնի է, բայց պետք է արժանին մատուցել հայ գրականությանը. «Երկիր Նաիրի»-ն, «Նահապետը»՝ սրանք մեծ գործեր են Հայաստանի պատմության ամենաողբերգական շրջանի մասին։ Այն ժամանակ այն գրողները, որոնք գրել են սա (նույն ինքը Չարենցը, Հրաչյա Քոչարը), գրել են խոր հավատով առ այն, որ դա չի կրկնվի։ Բայց կարդացեք այն մասին, թե ինչպես է Չարենցը նկարագրում հայերի արտագաղթը Նաիրի երկրից։ Տեսեք, թե ինչ պատահեց բոլորովին վերջերս Ստեփանակերտի հետ։ Դա ըստ էության նույն բանն է։ Որովհետև իշխանության եկան ահա այսպիսի Փաշինյաններ։

- Ուրեմն ի՞նչ անել։

– Քանի դեռ ուշ չէ, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընտրի պարզ գոյատևման ուղի։ Եվ դրա համար հարկավոր է ազատվել Փաշինյանից ու փաշինյանականներից՝ մեծ ու փոքր, որովհետև այս մարդիկ ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, ինչը, կարծում եմ, լիովին ակնհայտ է։ Նրանք ոչնչացնում են այն ամենը, ինչով այս ազգը, այս երկիրը ապրել է։ Վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ստեղծագործությունն է։ Ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ։ Որովհետև այլ կերպ նա ​​չէր գոյատևի։ Ահա և վերջ։ Պետք է մտածել սեփական շահերի մասին. դուք շահագրգռվա՞ծ եք, որ Երևանը մնա Երևան։ Թե՞ ձեզ համար միևնույնն է՝ Էրիվան, Իրևան, կամ էլ այլ կերպ, ինչպես որ այն բոլորը կանվանեն։

– Եվ Սևանը կկոչեն Գյոքչա և այլն։

– Ի սեր Աստծո։ Պարոն Փաշինյանը, ըստ էության, խոսեց այն մասին, թե երբ Թուրքիայում մենք միլլեթ (կրոնական համայնք Օսմանյան կայսրությունում – թարգմ.) էինք, վատ չէր։ Դե, եթե ուզում եք, կլինեք Թուրքական Հանրապետության ևս մեկ տիղմ։ Դեռ կլինեք հայկական միլլեթ։

– Փաշինյանին վերջերս պարգևատրեցին Գերմանիայում՝ Հեսսենում, մրցանակ շնորհեցին։ Ես չեմ զարմանա, եթե Թուրքիայում նրան Թուրքիայի Հանրապետության հերոսի կոչում տան։

– Ո՛չ, նրան դա չեն տա, ոչ մի դեպքում։

– Դե, եթե ոչ թուրքերը, ապա ադրբեջանցիները պետք է տան։

– Թուրքերը բարձր են գնահատում իրենց պետական ​​պարգևները։

– Լավ, եթե ոչ թուրքերը, բայց ադրբեջանցիները պարտավոր են տալ։

– Հարկավոր է արժանին մատուցել. Իլհամ Հեյդարովիչը բավական հետևողական կերպով նախապատրաստեց այս ռևանշ պատերազմը: Հարկավոր է արժանին մատուցել Փաշինյանին. նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ պատերազմը հաջող լինի: Սկսենք նրանից, որ նա պատերազմի ժամանակ զորահավաք չանցկացրեց: Այն ըստ էության ձախողված էր:

– Նույնիսկ այն օգնությունը, որը գալիս էր այդ նույն Ռուսաստանից, այլ երկրներից, սփյուռքից, ոչ մի տեղ չհասավ։

– Իսկ ինչ վերաբերում է նկուղից նրա ղեկավարելուն, որտեղ նա նստած էր, դա, ինչպես ասում են, պետական ​​գործչի համար հատուկ ուղի է։ Եվ եթե նայենք Հայաստանի Հանրապետության ներկայիս ֆինանսավորման այն ուղղություններին, որոնք հիմա գոյություն ունեն, ինչպես ասել է ընկեր Ստալինը, «նույնիսկ կույրին է տեսանելի», որ առաջին հերթին ֆինանսավորվում են ոստիկանությունն ու Ներքին գործերի նախարարության ուժերը, այսինքն՝ ուղղությունն ընտրված է։ Հայաստանը սրընթաց կերպով վերածվում է մերձավորարևելյան այնպիսի բռնապետության, որտեղ ամենագլխավորը մուհաբարաթն է (հետախուզական ծառայությունների, պետական անվտանգության մարմինների կամ գաղտնի ոստիկանության ընդհանուր անվանումը – թարգմ.), հակահետախուզությունը, ոստիկանական ուժերը, այլախոհության դեմ ճնշումները և այլն։ Այսպիսի մտավոր դեգրադացիա։ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե ինքը Խորհրդային Հայաստանի ինչ-որ ղեկավար չէ։ Դա հենց լավ նկատելի է։ Որովհետև Երևանը մի ժամանակ Անդրկովկասի մտավոր կենտրոնն էր։ Իսկ հիմա նա փաստացի ոչ մի բան է։ Եվ այն, որ նրան Հեսսենում ինչ-որ բան են տվել, դա նշանակում է, որ ինչ-որ մանր բռնապետ է ինչ-որ ասիական երկրից եկած, և նրան պետք է շոյել, նրան ինչ-որ բան պետք է նետել, որպեսզի նա կարողանա ասել, թե Գերմանիայում իր վրա ուշադրություն են դարձրել, ի՜նչ երջանկություն։

– Մի քանի ամսից կլրանա մեր «Նոև կովչեգ» թերթի 30-ամյակը։ Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին նման նշանակալի օրվա նախօրեին:

– Սա հրաշալի թերթ է. ես փորձում եմ հետևել նրա թողարկումներին: Ամենից առաջ ես շնորհավորում եմ Ձեզ. սրանք սովորական 30 տարիներ չեն եղել, թերթը հայ ժողովրդի հետ պատվով անցել է փորձության միջով և բավական հետևողականորեն վարում է պարզորոշ, ընթեռնելի կուրս: Այս թերթի ընթերցողներին և հենց թերթին ես հաջողություններ եմ մաղթում: Ես մաղթում եմ, որ թերթի թեմաներն ավելի դրական դառնան: Բոլորին մաղթում եմ անփաշինյանական ապագա: Որովհետև Փաշինյանի հետ այդ ապագան չի լինի:

– Շատ շնորհակալություն, Օլե՛գ Ռուդոլֆովիչ, հետաքրքիր զրույցի համար։

– Շնորհակալություն ինձ հրավիրելու համար։

 

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

 

Լուսանկարում՝

«ՆԿ»-ի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը (ձախից) և պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՄՊՀ-ի պետական ​​կառավարման ֆակուլտետի դոցենտ Օլեգ Հայրապետովը թերթի խմբագրությունում հարցազրույցի ժամանակ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ