Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել «Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին Թրամփը հաստատել է, որ ուկրաինական հետք կա իր իմփիչմենթի գործում Ուկրաինական ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին ներ հարվածաշար է հասցվել Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի պահ, երբ խոսքից անցնում ենք գործի. վարչապետ Ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի. առաջիկա օրերին մի շարք շրջաններում սպասվում են անձրև ու ամպրոպ

Ավանդույթները դա կրակի փոխանցումն է, այլ ոչ թե մոխրի պաշտամունքը

Վերլուծություն

Բոլոր ժամանակներում աշխարհն առաջ են շարժել գաղափարները։ Ինչ-որ ժամանակ որոշիչ դեր են խաղացել կրոնական ուսմունքները, ավելի ուշ՝ սոցիալական ու դասակարգային շարժումները, քաղաքական կուսակցություններն ու գաղափարախոսությունները։ Այսօր համաշխարհային քաղաքականության և հասարակական կյանքի մեջ գնալով ավելի նկատելի տեղ են զբաղեցնում ազգային ինքնությունը, մշակույթը, պատմական հիշողությունը և իր արմատների հետ կապը պահպանելու ժողովրդի ունակությունը։

Մարդուն շատ բաներ են ձևավորում՝ ընտանիքը, կրթությունը, միջավայրը, անձնական փորձը։ Սակայն դժվար է գերագնահատել մշակութային ավանդույթի, լեզվի, պատմական հիշողության, ժողովրդին ու նրա դարավոր ժառանգությանը պատկանելու զգացողության նշանակությունը։

Շատ երկրների ժամանակակից պետական առաջնորդներ հասկանում են. որպեսզի իրենց շուրջը միավորեն մարդկանց մեծ թվով զանգվածների, հարկավոր է առաջին հերթին խաղադրույք կատարել ազգային շահերի զարգացման վրա, ընդ որում՝ ոչ միայն իրենց երկրներում: Պետությունները վաղուց են հասկացել այս ազդեցության ուժը: XX դարի վերջին լայն տարածում գտավ «փափուկ ուժ» տերմինը՝ ազդեցության հասնելու ունակությունը ոչ թե հարկադրանքի կամ ռազմական գերազանցության, այլ շնորհիվ մշակույթի, պատմական ժառանգության, արժեքների, կրթության և գաղափարների գրավչության: Նման քաղաքականության ամենակարևոր գործիքներից մեկը դարձան ազգային մշակութային հաստատությունները, որոնք, որպես կանոն, կրում են գիտության կամ մշակույթի ոլորտներում ազգի համաշխարհային ճանաչում ունեցող ներկայացուցիչների անունները: Խոշոր պետությունները լրջորեն են զբաղվում նման հաստատությունների ստեղծմամբ ու զարգացմամբ ամբողջ աշխարհով մեկ:

Գերմանիան ստեղծեց Գյոթեի ինստիտուտների համաշխարհային ցանցը, Չինաստանը՝ Կոնֆուցիոսի ինստիտուտները, Իսպանիան՝ Սերվանտեսի ինստիտուտները: Իտալիան Դանթեի ինստիտուտների միջոցով տարածում է իր լեզուն ու մշակույթը, Հունգարիան՝ Ֆերենց Լիստի ժառանգությունը, Թուրքիան զարգացնում է Յունուս Էմրեի անվան ինստիտուտների ցանցը:

Այս ամենի հետևում կանգնած է մի պարզ ճշմարտության ըմբռնումը. պատմությունն ու մշակույթը ոչ միայն հիշողություն են անցյալի մասին, այլև դրանք ներկայի ու ապագայի հսկայական ռեսուրս են։

Այս հոդվածում ես ցանկանում եմ մանրամասն պատմել «Գրիգոր Նարեկացի» ինստիտուտի մասին, որի նպատակները քիչ ավելի լայն են, քան հայոց պատմության և մշակույթի տարածումը Հայաստանում և այլ երկրներում: Մենք մեր առջև խնդիր ենք դնում առավելագույնս միավորել աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդին, ստեղծել հիմք՝ նոր հայկական ընտրախավի դաստիարակության համար, որը կօգնի վերաձևավորել ազգի մտածելակերպը, վերադարձնել հայերի հեղինակությունն ու ազդեցությունը ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ ստեղծվել է «Գրիգոր Նարեկացի» ինստիտուտը, քանի որ առաջադրված խնդրի լուծումը պահանջում է բարձր պրոֆեսիոնալ, գիտական ​​մոտեցում՝ հիմնված արժանահավատ փաստերի վրա:

Մի կողմից, խնդիրը շատ բարդ ու հավակնոտ է, մյուս կողմից՝ հայ ժողովուրդը, ի դեմս պատմական ու մշակութային հարուստ ժառանգության, տիրապետում է հսկայական հարստության: Հայագիտությունը գոյություն ունի որպես անկախ գիտական ուղղություն, որն ուսումնասիրվում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Արգենտինայի, Լիբանանի և շատ այլ երկրների առաջատար համալսարաններում:

Հայտնի է, որ մարդու զարգացման վրա ամենամեծ ազդեցությունն ունեն գենետիկան և ազգային մշակույթը։ Հայ ազգի ներուժը այս առումով անհավատալի է։

Հայ ժողովրդի պատմությունը հաշվվում է հազարամյակներով, և անհրաժեշտ է առավել մանրամասնորեն հավաքել ու համակարգել պատմական ժառանգությունը, ինչը, անկասկած, կօգնի ներկա և ապագա սերունդներին օգտվել այն հարստությունից ու բազմազանությունից, որը դրված է հայկական գենետիկական ծածկագրի (կոդ) մեջ։

«Գրիգոր Նարեկացի» ինստիտուտի ստեղծման հիմքերը դրվել են 2021 թվականին: Ներկայումս ինստիտուտում ընդգրկված են գիտնականներ՝ պատմաբաններ, հայագետններ, հայտնի քարտեզագիր, պետական ​​և մասնավոր արխիվների հետ աշխատող մասնագետներ, դիզայներներ և այլ ոլորտների մասնագետներ: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվեց հավաքել բարձրակարգ պրոֆեսոնալների հրաշալի թիմ: Մենք ստորաբաժանումներ ունենք Հայաստանում, Ռուսաստանում և Բելառուսում: Այսօր ակտիվ փուլում են 60-ից ավել տարբեր նախագծեր, որոնցից մի քանիսի մասին ավելի մանրամասն կպատմեմ:

Աշխատանքը կատարվում է մի քանի փուլով՝ արխիվային փաստաթղթերի հավաքում (մենք պայմանագրեր ենք կնքել աշխարհի բազմաթիվ երկրների ավելի քան 100 արխիվների հետ), փաստաթղթավորված տվյալների հիման վրա մենք գրում ենք մենագրություններ, մասնակցում ենք գիտական համաժողովների (կոնֆերանս), հրատարակում ենք գրքեր ու ալբոմներ ընթերցողների լայն շրջանակի համար: Հաջորդ փուլը պետք է լինի տեսանյութերի, վավերագրական նախագծերի, կրթական ու լուսավորական ծրագրերի ստեղծումը:

Ինստիտուտի հրատարակչական գործունեությունը ծավալվում է մի քանի ուղղություններում։

Առաջինը մենք անվանեցինք «Մենք» շարք։ Դրանք ալբոմի տեսքով թողարկված գրքեր են և նվիրված են համաշխարհային պատմության մեջ էական հետք թողած ականավոր հայերին։ Յուրաքանչյուր ալբոմ ներառում է տվյալ հերոսի կյանքի ու գործունեության մասին արժանահավատ աղբյուրների հիման վրա գրված պատմություն՝ լրացված եզակի թեմատիկ նկարազարդումներով։ Ցավոք, այս գործիչներից շատերի մասին մենք անթույլատրելիորեն քիչ բան գիտենք. մի քանիսը հայտնի են միայն մասնագետների նեղ շրջանակին։ Չնայած դարաշրջանների տարբերություններին, աշխարհագրական հեռակայությանը՝ այսօր մենք զգում ենք մեր կապը այս մարդկանց հետ։ Մեզ միավորում է պատկանելությունը միևնույն ազգին։ Ուսումնասիրելով յուրաքանչյուրի կենսագրությունը՝ մենք ամեն անգամ հանգում ենք այն եզրակացությանը, որ մեր հերոսի զարգացման վրա հիմնական ազդեցությունը գործել է պատկանելությունը հայկական մշակույթին։ Այս մարդիկ ստեղծում են պատմական ժառանգություն՝ հայ ժողովրդի հիմնական հարստությունը։ Մենք անպայման պետք է ուսումնասիրենք և կիրառենք այս գիտելիքները մեր կյանքում. դրանք օգտագործելով՝ մենք կարող ենք հասնել նաև ակնառու հաջողությունների մեր գործի մեջ։

Ալբոմի վրա աշխատանքը միջինում տևում է երկու-երեք տարի, ժամանակի հիմնական մասը մասնագետներն անցկացնում են արխիվներում՝ հավաքելով անհրաժեշտ տվյալները յուրաքանչյուր հրատարակության համար: Դրանք, որպես կանոն, փաստաթղթեր են ավելի քան 40 տարբեր արխիվներից: Յուրաքանչյուր ալբոմ ունի գիտական ​​գրախոս՝ հայտնի հաստատություն: Օրինակ, Խորհրդային Միության ծովակալ Իվան Ստեփանովիչ Իսակովի (Հովհաննես Ստեփանի Իսահակյան) մասին ալբոմը մենք հրատարակեցինք Մոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի հետ համատեղ: Կոմս Լոռիս-Մելիքովի մասին ալբոմի վրա աշխատանքը կատարվել է Մոսկվայի պետական ​​համալսարանի օսեթական մասնաճյուղի,  ինչպես նաև Դաղստանի պատմության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ աշխատում ենք 19 ալբոմների վրա, այնպիսի անհատականությունների մասին, ինչպիսիք են Լևոն II թագավորը (Կիլիկիա), Նուբար Նուբարյանը (Նուբար փաշա), Սողոմոն Թեհլիրյանը, Սերգեյ Փարաջանովը, Թամարա Պետրոսյանը (Թամարա խանում) և ուրիշներ: Մեր նպատակն է տասնհինգ տարվա ընթացքում թողարկել հարյուր նման ալբոմ:

Երկրորդ ուղղությունը «Կամք» շարքն է։ Սրանք գրքեր են՝ նվիրված հայոց պատմության հերոսական էջերին, որոնցում հասարակ ժողովուրդն ու մեր զինվորները ցուցաբերել են արտասովոր կամք և ապացուցել են ապրելու իրենց իրավունքը։ Այստեղ մեզ համար հատկապես կարևոր է անցյալը առասպելաբանության վերածելուց խուսափելը։ Պատմությունն իսկապես ուժեղ է դառնում այն ժամանակ, երբ նրա թիկունքում փաստաթղթեր են։ Այդ պատճառով շարքում մենք ստեղծում ենք ոչ միայն մեր սեփական սաշխատանքները, այլև թարգմանում ենք քիչ հայտնի պատմական ստեղծագործություններ՝ լրացնելով դրանք գիտական ​​մեկնաբանություններով ու նկարագրվող իրադարձությունների վավերագրական վկայություններով։

Երրորդ ուղղությունը «Սփյուռք» շարքն է։ Այս գրքերը աշխարհի տարբեր երկրներում մեր համայնքների և այդ երկրներում մեր ամենաականավոր հայրենակիցների հաջողությունների մասին է։ Հայ ժողովուրդը, որի զգալի մասը դարերով ապրել է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս, կարողացել է պահպանել իր լեզուն, հավատքը, մշակույթը, ավանդույթները և իր պատկանելության զգացումը ընդհանուր պատմությանը։ Հայկական համայնքներ են առաջացել աշխարհի տասնյակ երկրներում, և գրեթե ամենուրեք հայերը ոչ միայն պահպանել են իրենց ինքնությունը, այլև դարձել են այդ պետությունների մշակութային, գիտական, տնտեսական և սոցիալական կյանքի մի մասը։ Անցյալ տարի մենք հրատարակեցինք «Լեհաստանի հայերը» գիրքը, մոտ ժամանակներս տպագրության կհանձնենք «Սինգապուրի և Մալայզիայի հայերը», «Կիպրոսի հայերը» և «Բելառուսի հայերը»։ Աշխատանք է տարվում այս շարքի ևս տասը հրատարակությունների վրա։

Բացի դրանից, մենք թողարկում ենք գրքեր՝ նվիրված հայկական մշակույթի առանձին ուղություններին՝ արվեստին, շինարարական արվեստին, ճարտարապետությանը և մեր պատմության առավել կարևոր էջերին: Հրատարակում ենք գրքեր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության մասին, ալբոմներ Արցախի մասին, սկսել ենք աշխատանքների շարք՝ հին Հայաստանի ուրույն մայրաքաղաք Անիի մասին:

Վերջերս մենք սկսեցինք ևս մեկ հավակնոտ նախագիծ՝ «Գրիգոր Նարեկացի» ինստիտուտին առընթեր տեսողական (վիզուալ) պատմության կենտրոն։ Դրա նպատակն է ստեղծել եզակի բնօրինակ արխիվային լուսանկարների բանկ։ Լուսանկարչությունն ունի զարմանալի ուժ։ Կարելի է տասնյակ էջեր ընթերցել նախկին տեսքով այլևս գոյություն չունեցող քաղաքի, մեկ դար առաջ կյանքից հեռացած մարդու, ավերված տաճարի կամ անհետացած համայնքի մասին, բայց երբեմն մեկ լուսանկարը թույլ է տալիս ավելի ուժեղ զգալ դարաշրջանը, քան երկար տեքստը։ Այդ պատճառով տեսողական ժառանգության պահպանումը մեզ համար օժանդակ աշխատանք չէ, այլ գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը։

«Գրիգոր Նարեկացի» ինստիտուտը ծրագրում է նաև կազմակերպել շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ: Մոտ ժամանակներս Արևելքի ինստիտուտի հետ պատրաստվում է հայ նկարիչների աշխատանքների համատեղ ցուցահանդես, ինչպես նաև «Կոմս Լոռիս-Մելիքով» գրքի շնորհանդեսը Մոսկվայում, Վլադիկովկասում և Սանկտ Պետերբուրգում:

Սկսած հաջորդ թողարկումից՝ «Նոև կովչեգ» թերթի յուրաքանչյուր համարում մեր հեղինակներից կլինի հրապարակում՝ նվիրված մեր նախագծերից մեկին։ Հուսով եմ՝ սա հետաքրքիր կլինի մեր ընթերցողների համար, շատ ուրախ կլինենք՝ ստանալով ձեր մեկնաբանությունները։

Արթուր Սողոմոնյան, «Գրիգոր Նարեկացի» ինստիտուտի հիմնադիր

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ