Կարծես թե Զելենսկուն պատրաստվում են «դուրս գրել»
ՄիջազգայինԻհարկե, այն հարվածները, որոնք Թրամփը սկսեց մեկը մյուսի հետեւից հասցնել Զելենսկուն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=350712&l=am), գոնե սկզբնական փուլում շոկային էին ոչ միայն Կիեւի, այլ նաեւ` Եվրոպայի համար: Ու ահա ներկա փուլում եվրոպացիները կարծես թե փորձում են նախ հասկանալ, թե որքան է խորացել Թրամփի զայրույթը Ուկրաինայի ժամկետանց նախագահի նկատմամբ: Ամեն դեպքում` ռեակցիան, որ գալիս է եվրոպական մայրաքաղաքներից, դեռեւս միանգամայն զգուշավոր–սպասողական տոնի մեջ է:
Չնայած մյուս կողմից, այն ներքին խնդիրները, որոնք ունեն Մակրոնը, Մերցը եւ որոնք միայն շարունակում են սրվել նաեւ Լոնդոնում, առանձնակի լուրջ քայլերի հնարավորություն այս պահին չեն էլ տալիս: Առավել եւս, որ Թրամփը կանխավ Եվրոպայի գլխին կախեց ամերիկյան դիզվառելիքից զրկվելու սպառնալիքը, որի դեպքում էներգետիկ ճգնաժամը կարող է Եվրոպայի համար դառնալ անհաղթահարելի:
Կարճ ասած, այս պահին հիմնական «փոխհրաձգությունը» Զելենսկու եւ Թրամփի մեջ է: Զելենսկին թեեւ աշխատում է չափերը չանցնել, բայց դա առանձնապես չի հաջողվում: Թրամփն էլ իր հերթին հռետորաբանությունը շարունակում է այն ուղղությամբ, որ ինչպես պատերազմը շարունակելու, այնպես էլ վառելիքային ճգնաժամի հիմնական մեղավորը հենց Զելենսկին է, եւ նա անխուսափելիորեն պետք է հեռանա:
Ահա այս ֆոնին գլխավոր է դարձել մեկ այլ հարց` Թրամփը, բացի հռետորաբանությունից, ի՞նչ գործնական քայլերի է պատրաստ: Եվ այս հարցի հետ կապված որոշակի մեսիջներ արդեն կան: Օրինակ, անցած գիշեր հերթական անգամ հրթիռային հարձակման տակ հայտնվեց Կիեւը: Այս դեպքում առանձնահատկությունն այն էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում առհասարակ տագնապի ազդանշան չեղավ: Գրեթե անմիջապես էլ ուկրաինական ռազմական փորձագետներն աղմուկ բարձրացրին, որ ամերիկացիները պարզապես հրթիռային այս հարձակման մասին տեխնիկական դիտարկումերի տվյալներն ուկրաինական կողմին չեն տրամադրել, եւ քանի որ ուկրաինական կողմը ի զորու չէ ֆիքսել նման հարձակումների մեկնարկն ու հրթիռների թռիչքը, պարզապես տեղյակ չէին հարձակման մասին, եւ տագնապի ազդանշանն էլ, բնական է, չեղավ:
Մեկ այլ մեսիջ է բրիտանացի նախկին դիվանագետ եւ Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի գիտաշխատող Ուիլասի-Ուիլսի տեղեկությունն այն մասին, որ Թրամփը կարող է նաեւ ոչ միայն լիովին դադարեցնել հետախուզական օգնությունը Կիեւին, այլ նաեւ Մասկի միջոցով Ուկրաինային զրկել Starlink ցանցից օգտվելու հնարավորությունից: Ու հաշվի առնելով, թե ինչ հսկայական կախվածություն ուկրաինական բանակն ունի այդ համակարգից, հետեւանքները մեղմ կլինի կատաստրոֆիկ համարելը: Ամեն դեպքում, սա նշանակում է, որ Լոնդոնում առնվազն սպասելիքներ կան, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Թրամփը կարող է նաեւ նման քայլի գնալ: Այսինքն, որ Վաշինգտոնն ունի բավարար հնարավորություններ այն կարգի ռեալ, ոչ միայն հռետորական հարվածներ հասցնել Զելենսկուն, որ դրա ծանրությանն ուկրաինական առաջնորդը հազիվ թե կարողանա դիմանալ:
Նման իրավիճակում, ինչպես արդեն սկսել են ակնարկել բրիտանական այլ հեղինակավոր փորձագիտական աղբյուրներ եւս, Լոնդոնում սկսել են հակվել այն մտքին, որ Զելենսկուն պահելը ոչ թե պարզապես սկսում է անհնար, այլ նաեւ` վտանգավոր դառնալ: Այսինքն, որ եթե Թրամփն իրականում էլ անջատի Starlink–ը եւ դադարեցնի Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը, ապա ռազմաճակատային իրողությունները շատ կարճ ժամանակում` հաշված շաբաթների ընթացքում այն կարգի կփոխվեն, որ հարցականի տակ կարող է հայտնվել անգամ Կիեւը պահելու հնարավորությունը: Այսինքն, որ նման հեռանկարների ֆոնին միակ տարբերակ է դառնում Զելենսկուց հնարավորինս շուտ հրաժարվելը` նոր ընտրությունների միջոցով: Այդ դեպքում գոնե հնարավոր կլինի նոր խամաճիկի բերել իշխանության:
Այս պահին դեռ վերջնական լուծումներ կարծես թե չկան. սպասում են հետագա զարգացումներին, գոնե հասկանալու համար, թե Թրամփը մինչեւ ուր է պատրաստ հասնել: Սակայն Զելենսկուն «դուրս գրելու» նախապատրաստական աշխատանքները, դատելով նույն աղբյուրների ենթադրություններից, Լոնդոնում, կարծես թե, արդեն սկսված են: