Նոր իրավիճակում Նիկոլին մնում է օր առաջ Մոսկվա մեկնելը
ՄիջազգայինՌուս–ամերիկյան «դիզելային գործարքը» մի շարք առանցքային հարցեր է բերել օրակարգ: Այդ թվում` որքանո՞վ այդ գործարքն ընդհանրական եւ հարատեւ կլինի, թե՞ սա ընդամենը ժամանակավոր էպիզոդ է, որի մասին կմոռացվի ԱՄՆ–ում Կոնգրեսի ընտրություններից շատ չանցած: Կամ, եթե ընդունենք, որ առաջին տարբերակն է, ինչի մասին, ի դեպ, որոշակի ազդակներ կան, ապա այդ գործարքը որքանո՞վ ընդհանրական կդառնա, ի՞նչ նոր ոլորտներ եւ տարածաշրջաններ կարող է ընդգրկել:
ՌԴ–Ն ԵՎ ԻՐԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԸ
Թվարկված հարցադրումները, իհարկե, շատ կարեւոր են նաեւ Հայաստանի համար: Խոշոր հաշվով, մեր տարածաշրջանում եւ հենց Հայաստանում կա ռուս–ամերիկյան սուր պայքար: Թեկուզեւ հաշվի առնենք միայն «Թրամփի ուղին», որը ոչ այլ ինչ է, քան ռուսներից իրենց ավանդական ազդեցության ուղղությունները խլելու փորձ: Ըստ այդմ, թե ռուս–ամերիկյան ներկա պայմանավորվածությունները, եթե դրանք դառնան ընդհանրական, կազդե՞ն մեր տարածաշրջանում այդ երկու գերուժերի հարաբերությունների վրա, դառնում է ճակատագրական հարցադրում:
Իհարկե, ընդհանրական իմաստով այն, ինչ գոնե տեսանելիորեն ԱՄՆ–ն փորձում է իրականացնել հարավկովկասյան տիրույթում, Մոսկվային, ասենք նաեւ Թեհրանին գոնե տեսականորեն պետք է որ լրջորեն մտահոգեր: Ամերիկացիներին, հասկանալի է, հետաքրքրողն այստեղ կարող է երկու նյուանս լինել: Նախ, Հայաստան–Ադրբեջանում վերահսկողություն ունենալով, բառացիորեն «կախվել» Իրանի գլխին: Երկրորդը, հարավկովկասյան տարածաշրջանը, սկսած ԽՍՀՄ–ի փլուզումից, առնվազն գլոբալիստական թեւի համար հենման կետ է Կենտրոնական Ասիա դուրս գալու համար: Դրանով բացի Ռուսաստանի համար հարավային ուղղությունը փակելուց, նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները կկարողանան ուղղել դեպի Արեւմուտք:
Հասնում ենք այն մտքին, թե իրականում Թրամփը, այսպես ասենք, ամեն ինչի, այդ թվում` Մոսկվայի հետ շատ սուր բախումների պատրա՞ստ է հանուն իր անվամբ միջանցքը կյանքի կոչելու: Թե՞ նրա աչքին «Թրամփի միջանցքը» միայն սովորական խաղաթղթի դեր ունի ռուսների հետ «մեծ բազարների» համար: Ընդ որում, այստեղ պետք է եւս մեկ նյուանս հաշվի առնել: Խոշոր հաշվով, ինչպես «Թրամփի միջանցքը», այնպես էլ, եթե անգամ ողջ հայ–ադրբեջանական կոմունիկացիոն համակարգերը դրվեն Վաշինգտոնի տրամադրության տակ, մեկ է, Կենտրոնական Ասիա դուրս գալու բավարար միջոց չեն տալիս: Կա Կասպից ծովը հաղթահարելու խնդիրը:
Եվ ահա, այս պարզ ճշմարտություններից հետո գանք ներկա իրողություններին. «Թրամփի ուղին» Թրամփի համար բավարա՞ր է Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, եթե նա այս ուղղությամբ ունի Ռուսաստանի եւ Իրանի հետ սուր հակամարտություն: Ու այստեղ, իհարկե, կարեւոր իմաստ է ստանում տեղեկատվությունը, որը հայտնի դարձավ նախօրեին: Այսպես, ըստ իրանական միանգամայն արժանահավատ աղբյուրի, Ռուսաստանը եւ Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը 127-ից մեծացրել են մինչեւ 211՝ Թեհրանին օգնելու համար վերացնել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։ Աղբյուրը նաեւ հայտնում է, որ ներկայումս Իրանի բոլոր ներմուծումների ավելի քան 30%-ը անցնում է Կասպից ծովի հյուսիսային ափի նավահանգիստներով, իսկ Թեհրանն ակտիվորեն մեծացնում է այդ լոգիստիկ համակարգը: Զուգահեռաբար թեմային անդրադարձավ նաեւ Bloomberg-ը` պնդելով, որ բացի սովորական բեռներից, Կասպից ծովով Ռուսաստանը ռազմական բեռներ, այդ թվում` հրթիռներ եւ նորագույն անօդաչուներ է մատակարարում Իրանին: Ու եթե սրան ավելացնում ենք նաեւ այն փաստը, որ Իրանը ցանկանում է նոր` «ԱՊՀ+1» ձեւաչափով եւս համագործակցել Ռուսաստանի եւ Համագործակցության մյուս երկրների հետ (իսկ այդ ձեւաչափը ենթադրում է սահմանային համեմատաբար հեշտացված անցունակություն եւ այլ թեթեւացված ռեժիմներ), նաեւ Կասպից ծովով ռազմաառեւտրական հարաբերությունները բազմապատկելու մասին հիշատակված լուրերն են ստանում էլ ավելի բարձր արժանահավատություն:
«ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ԴԱՌՆՈՒՄ Է ԷԼ ԱՎԵԼԻ ՄՇՈՒՇՈՏ
Թվարկվածը մեկ բան է նշանակում. եթե մինչ այս էլ Կասպից ծովով բեռնաշարժը Ռուսաստանի եւ Իրանի համար ուներ առանձնահատուկ կարեւորություն, ապա հիմա, երբ դրված է ծավալների կտրուկ ավելացման հարցը, ապա այս ուղղությունը երկու երկրների համար ստանում է ռազմավարական, կարելի է ասել` կենսական իմաստ, եւ դա հաստատ առանց շատ լուրջ պայքարի ոչ մեկին չեն զիջելու: Կարճ ասած, եթե Կասպից ծովը Մոսկվայի եւ Թեհրանի համար ստանում է «պաշտպանության վերջին բնագծի» իմաստ, նշանակում է, որ երկու երկրների համար առաջնային է դառնում այդ ուղղությունը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ` ռազմական միջոցներով պահպանելը, անկախ այն բանից, թե մերձկասպյան մյուս երկրները կամ արտաքին ուժերն այս հարցում ինչ մոտեցումներ կամ ախորժակներ ունեն:
Այսպիսով, վերադառնալով «Թրամփի ուղու» մասին խնդրին, կարող ենք նկատել, որ եթե առանց այդ էլ մինչ այս հարցեր կային, որ այն կարող է դառնալ դեպի Կենտրոնական Ասիա տանող խոշոր միջանցքի բաղադրիչ, ապա ներկա պահին այդ հարցերը բազմապատկվում են: Ավելի կոնկրետ, նման միջանցք ունենալ ցանկացողները նախ պետք է կարողանան Կասպից ծովի նկատմամբ վերահսկողությունը խլել Ռուսաստանից եւ Թեհրանից, այդ թվում` անհրաժեշտության դեպքում ռազմական միջոցներով:
Ուրեմն, կարո՞ղ է Թրամփը գնալ նման ծայրահեղ սրացումների, նաեւ հաշվի առնելով մի կողմից իր ներկայիս բարդ վիճակը, այդ թվում` Իրանի հետ կապված: Եվ մյուս կողմից փաստը, որ լավից–վատից կարողանում է Մոսկվայի հետ նոր որակի հարաբերությունների կառուցման իրեն միանգամայն շահավետ տարբերակներ գտնել, ինչպիսին է նույն «դիզելային գործարքը»: Ու ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե անգամ Վաշինգտոնը դեռ կփորձի մասնավորապես «Թրամփի ուղու» հարցով Մոսկվայի հետ որոշակի ինտրիգային վիճակ պահել, սակայն այնպիսի քայլերի, ինչպիսիք են այդ ուղին միջտարածաշրջանային` Կասպից ծովը հատող միջանցք դարձնելը, նա գոնե իրերի ներկա դրության պարագայում հազիվ թե գնա: Իսկ առանց Կասպից ծովի «Թրամփի ուղին» ԱՄՆ–ի համար դառնում է ոչ մի տեղ չտանող ճանապարհ, որից ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ անգամ որեւէ լուրջ ֆինանսական շահ ստանալ չի կարող: Բրիտանիան էլ, միգուցե դեռ «հին ավանդույթներից ելնելով», դեռ կցանկանա Կենտրոնական Ասիա ներթափանցելու ծրագրերը պահել, այդ թվում` թյուրքական գործոնի միջոցով, սակայն ռեալ ռազմական պոտենցիալ այդ հարցում չունի:
ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ
Այս նորացված իրավիճակում, թերեւս, կա նաեւ այն էական հարցը, թե ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլը: Նրա ողջ «դեպի Եվրոպա» կուրսը հիմնված է այս հիմնական բաղադրիչների վրա: Նախ, կարողանալ մի կերպ Ալիեւի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել եւ ունենալ Թուրքիայի հետ բաց սահման: Երկրորդը, ստանալ «Թրամփի ուղին»: Վերջապես, այս ամենի եւ ռուսների հետ հարաբերությունների վատթարացման տակ դնել այն միտքը,թե ունենք Արեւելք–Արեւմուտք բաց սահմաններ եւ դրա հաշվին մեծ փողեր ենք ստանում:
Երեկ նա հրապարակեց տեսանյութ` գրելով. «Ստորագրել եւ վավերացնել Խաղաղության համաձայնագիրը»: Այսինքն, որ պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ նախաստորագրված «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու եւ վավերացնելու գործի վրա: «Եվ երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատեւության անկյունաքարը»,- մանրամասնում է Փաշինյանը: Ու այստեղից շատ պարզ հարց է առաջ գալիս` իսկ մի՞թե մինչ այս, այսպես ասած, այդքան էլ կենտրոնացած չէր «խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ վավերացնելու» վրա: Ամեն դեպքում, այս պատմությունն արդեն զավեշտի է նմանվում. արդեն որերորդ տարին է, որ Նիկոլն առավոտից գիշեր «խաղաղության պայմանագրի» մասին է խոսում, եւ պարզվում է, որ հիմա նոր է միայն պատրաստվում ողջ ուժով լծվել այն «ստորագրելու եւ վավերացնելու» վրա:
Այն դեպքում, որ Ալիեւը ոչ միայն մեկ քայլ անգամ իր հայտնի նախապայմաններից հետ չի քաշվել, էլ չասած, օրերս հերթական սպառնալիքը հղեց, թե. «Հենց ներկայիս հայկական իշխանություններն են մեր դեմ տարածքային պահանջներ առաջ քաշել, վիրավորել ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը անտեղի եւ ոչ քաղաքակիրթ հայտարարություններով։ Կարճ ասած՝ մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»: Նման իրավիճակում տեսնես ինչպե՞ս է պատրաստվում Նիկոլն ազդել Ալիեւի վրա, Երեւանում եվրոպական տափակ բնապահպանական գագաթաժողովներո՞վ. սա արդեն զավեշտի է հասնում: Թե՞ ցանկանում է վերջապես Ալիեւի պահանջած Սահմանադրական հանրաքվեն կազմակերպել` ունենալով էապես ավելի փոքր հնարավորություններ, քան նախորդ խորհրդարանում: Իսկ հույսը, որ կկարողանա «Թրամփի ուղու» միջոցով Վաշինգտոնի ճնշումն ուղղել Բաքվի դեմ եւ առանց «խաղաղության պայմանագրի» բաց սահմաններ ստանալ, նոր իրավիճակում միայն ավելի է նվազում:
Թերեւս, Փաշինյանն այս ամենը բոլորից էլ լավ է հասկանում: Այդ թվում, այն հեռանկարների մասին, որը նման իրողությունների պայմաններում կունենա ռուսների հետ գնալով միայն սրվող հարաբերությունների պարագայում: Ընդ որում, ինչպես «չար լեզուները» շշնջում են, վերջերս կայացած ԱՊՀ–ի գագաթաժողովում փորձել է որոշակի մեսիջներ փոխանցել Մոսկվային, սակայն այդպես էլ ռուսներից եկող վերջնագրային տոնի սառնությունը կոտրել չի կարողացել: Նման է, որ այդպիսի մեսիջի տեսք ուներ նաեւ Radio France International-ին տված հարցազրույցում ներկայացված նրա այն միտքը, թե` համոզված եմ՝ Հայաստանը երկրորդ Ուկրաինա չի դառնա: Ի՞նչ է սա նշանակում, որ չի՞ պատրաստվում այն կուրսով առաջ գնալ, որով ժամանակին գնաց Կիեւը: Ու դա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանն իրականում էլ հասկացել է, իրեն ամենեւին էլ լավ բան չի խոստանում այն իրավիճակը, երբ Արեւմուտքի «լավագույն բարեկամ» Զելենսկուն անգամ Թրամփը խոստանում է զոհաբերել: Իսկ դա նշանակում է, որ ինչպես «Թրամփի ուղու», այնպես էլ դրանից բխող հույսերն են էլ ավելի մշուշոտ դառնում...
Այսպիսով, որ այս նոր իրողությունների պայմաններում Նիկոլին մնում է օր առաջ Մոսկվա մեկնելը, դա եւս ենթադրելի է: Ամբողջ հարցը մնում է այն, թե Մոսկվայում պատրա՞ստ են կամ հանուն ինչի՞ պետք է նրան ընդունեն: