«ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՆԴԻ ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էր։
Այսօր, հոկտեմբերի 13-ը նրա հիշատակի օրն է։Iravunk.Com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի հուշարձանին այցելեցին հարազատներ, համագյուղացիներ, Արթիկ համայնքի Հայրենյացի գյուղի վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, Հայրենյացի միջնակարգ դպրոցի տնօրեն Մասիս Ոսկանյանը, փոխտնօրեն Էմմա Սալմոյանը, ուսուցիչներ, աշակերտներ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին անմահ հերոսներ Կարեն Մնացականյանի և Էդիկ Ղազարյանի շիրիմներին։ Կարեն Մնացականյանը ծնունդով Հայրենյաց գյուղից էր։ Ծառայում էր Դիլիջանում, որպես վարորդ ֊ռադիոհեռախոսավար։ Նա աչքի է ընկել իր կամային բարձր որակներով, անձնվեր հայրենասիրությամբ։ Եվ հենց այդ հայրենասիրությունն էլ նրանց հասցրեց Ջրական։ 2020֊ի սեպտեմբերի 27֊ին ադրբեջանա - թուրքական սանձազերծած դաժան պատերազմի ժամանակ շարքային Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել Արցախյան Հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես դիվիզիոնի կառավարման դասակի կազմով, զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզությունը սպասարկել և կրակաճշտում կատարել հրետանու կրակը։ Մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն, հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և մասնակցել գնդի կրակի կառավարմանը։ Ցավոք, զոհվել է հերոսաբար, անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
Անմահ հերոսի հայրը ԿԱՐԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ Iravunk.com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.
«Ուղիղ 6 տարի անցավ այսօր ու միևնույն է, որքան էլ ժամանակ անցնի, երբեք չենք կարող հաշտվել, համակերպվել այս դաժան ու ծանր իրողության հետ։ Կարենս իմ թև ու թիկունքն էր, ինչ էլ լինի ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում»։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
