ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ
ՄիջազգայինՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուն կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջնորդների գագաթնաժողովին։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի առաջին տեղակալ պրն․ Հաոլիանգ Սյուն 2026թ․ հոկտեմբերի 14-17-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջնորդների գագաթնաժողովին։
Որպես ՄԱԶԾ-ի երկրորդ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող ղեկավար՝ պրն․ Հաոլիանգ Սյուն կմիանա համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և զարգացման գործընկերներին՝ խթանելու կենսաբազմազանության պահպանությանը, կայուն զարգացմանը և բնության դրական արդյունքներին միտված զարգացման ֆինանսավորմանն ուղղված միջազգային համագործակցությունը։
Այցի ընթացքում պրն․ Սյուն կհանդիպի Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ․ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի հետ։
Նա նաև կհանդիպի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և կայցելի ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող էներգաարդյունավետության ծրագիր, որը ներկայացնում է տեղական մակարդակում կայուն զարգացման լուծումներ։
ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալը կմասնակցի COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին և ակնկալվում է, որ իր ներդրումը կունենա «Քաղաքական հրամայականը. բնության պաշտպանությունը հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը։
Պրն․ Հաոլիանգ Սյուն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2023թ․։ Նա Չինաստանի քաղաքացի է և ունի ավելի քան երեք տասնամյակի զարգացման փորձ՝ Ասիայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև գլոբալ քաղաքականությունների մշակման ոլորտում։ Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը, նա զբաղեցրել է ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալի և Քաղաքականության ու ծրագրերի աջակցության բյուրոյի տնօրենի, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով տարածաշրջանային տնօրենի պաշտոնները։
