Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում
ՆերքաղաքականՍամվել Կարապետյանը օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների համախմբմանը մասնավորապես ասել է.«Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի, որոնք իրոք ընդդիմադիր ուժեր են, և այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու»։ ԴՕԿ կուսակցությունը ինչպե՞ս է գնահատում վերը նշված հայտարարությունը, երբ վերջինս փաստացի դասակարգում է ընդդիմությանը՝ ճշտի եւ սխալի։ Այսօր օրակարգային հարց դարձած հարցի շուրջ մեկնաբանություն ենք խնդրել աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանից.
-Հարգում եմ Սամվել Կարապետյանին և բոլորին, իրենց դրական և բացասական կերպարով հանդերձ։ Մարդն ինձ համար բարձր արժեք է, բայց... ընդդիմությանը «ճիշտ» ու «սխալ» բաժանելու վերջինիս հավակնությունն անընդունելի է։ Դա համախմբման անվան տակ քաղաքական գերադասություն հաստատելու փորձ է։ Սևի ու սպիտակի քաղաքականությունն արդեն ծանր գին է արժեցել մեր երկրին։ Նույն սխալը կրկնողը նոր պառակտումների պատասխանատվությունն է ստանձնում։ Խորհրդարանական մանդատն էլ ընդդիմադիր լինելու վկայական չէ։ Ամբիոնից իշխանությանը քննադատելը դեռ չի նշանակում կասեցնել նրա կամայականությունը։ Քաղաքական ուժի արժեքը որոշվում է արդյունքով, ոչ թե սեփական անփոխարինելիության մասին հայտարարություններով։
Կոչ եմ անում Սամվել Կարապետյանին և մյուս քաղաքական առաջնորդներին՝ հրապարակայնորեն պահանջե՛ք Վարդան Ղուկասյանի ազատությունը, մի կողմ դրե՛ք առաջնորդ լինելու հավակնություններն ու անձնական քաղաքական ամբիցիաները և միացե՛ք նրա շուրջ համախմբմանը։
Եթե մարդու ազատության պաշտպանության հարցում անգամ չեք կարող միավորվել, ի՞նչ միասնական ճակատ եք խոստանում ժողովրդին։
Իմ համոզմամբ՝ քաղաքական համակարգի իրական սանիտարական մաքրումն իրականացնելու ունակ և վճռական առաջնորդը Վարդան Ղուկասյանն է։ Այդ մաքրումը ենթադրում է կոռուպցիոն կապերի բացահայտում, անպատժելիության վերացում և օրենքի դիկտատուրա և հավասար պատասխանատվություն՝ անկախ անունից, ունեցվածքից ու կուսակցական պատկանելությունից։
Համախմբումը սկսե՛ք Վարդանի ազատության պահանջից։ Առաջնորդության հավակնությունը հիմնավորե՛ք այդ պայքարին մասնակցելով։ Հայաստանն այլևս ձեր ամբիցիաների գինը վճարելու պարտավորություն չունի։ Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում։

