Դատարանը ժամանակավորապես արգելել է քանդել Շինարարների փողոցի կրպակներից մեկը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է Շինարարների փողոցի կրպակատերերից Մկրտիչ Նահապետյանի միջնորդությունը և ժամանակավորապես արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կամ ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանում՝ Շինարարների փողոցում, գտնվող խանութներից մեկը, այս մասին հայտնում է Դավիթ Նահապետյանը:
Դատարանը որոշել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արձանագրելով, որ խանութի քանդման դեպքում գործով վերջնական դատական ակտի կատարումը կարող է անհնարին դառնալ կամ դժվարանալ։ Որոշումն անհապաղ կատարման ենթակա է և ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Հիշեցնենք՝ Շինարարների փողոցի կրպակատերերը այսօր բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պնդելով, որ հոկտեմբերի 13-ին նախատեսում են քանդել իրենց խանութները։
Կրպակատերերը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին ՀՀ կառավարություն և դատախազություն։ Նրանք հայտարարել էին, որ հաղորդումն ուղղված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի դեմ։
Կրպակատերերը պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը, իրենց համոզմամբ, քաղաքապետարանն իրավունք չունի քանդելու։

