Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին
Ներքաղաքական«Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ․ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրեթե խոր կսկիծով հայտնում է, որ Թրամփ-Պուտին համաձայնագիրը զայրացրել եւ հուսալքել է արեւմտյան արժեքներին, ժողովրդավարությանը եւ արդարությանը հավատացող հանրության մի ստվար հատվածի։
«Կարծում եմ՝ պետք չէ շտապել։ Սա Թրամփն է՝ իր անկանխատեսելիությամբ եւ տեսակետներն արագ փոխելու սովորությամբ։ Նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, իսկ դրանից հետո, վստահաբար, Թրամփը լրիվ հակառակ տեսակետը կհայտնի։ Առաջին անգամը չէ…», - ինքն իրեն քաջալերել ու հույս է տվել Արամ Զավենիչը։
Բայց այստեղ ուշագրավն այն, որ «արեւմտյան արժեքների» դրոշը բարձրացրած Արամ Զավենիչը խոստովանում է, որ վստահել չի կարելի արեւմտյան աշխարհի առաջնորդի խոսքերին։ Հետեւապես, հարց է առաջանում՝ եթե Թրամփը կարող է այսօր մի բան ասել, վաղը՝ դրա ճիշտ հակառակը, ապա ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ TRIPP-ի շուրջ պայմանավորվածություններն էլ մի օր չեն հայտնվի նույն քաղաքական քմահաճույքի տակ։ Իսկ եթե վաղը նույն Թրամփը որոշի վերանայել նաեւ Նիկոլ-Ալիեւ նախաստորագրված խաղաղության վերաբերյալ իր մոտեցումը, այդ ժամանակ ո՞վ է պատասխան տալու հերթական աշխարհաքաղաքական հիասթափության համար։
Համաձայնեք, որ հատկանշական է այս հարցերը բարձրացումը ոչ թե ամերիկյան քաղաքականության հակառակորդների, այլ հենց այն ուժի ղեկավարի կողմից, որը մշտապես իրեն ներկայացրել է արեւմտյան քաղաքական վեկտորի ջերմեռանդ կողմնակից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ