Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Զինված ադրբեջանցու «փաստաբանները»

Վերլուծություն

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին վերագրվող՝ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» թեզը այսօր լավագույնս կիրառում է Նիկոլ Փաշինյանն անվտանգային քաղաքականության մեջ։ Դե էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի ուսուցչին։

Շաքիում տեղի ունեցածը սովորական քրեական գործի պատմություն չէ։ Այն Հայաստանի իշխանության՝ անվտանգության, քաղաքացու կյանքի արժեքի եւ ամենակարեւորը՝ «խաղաղության օրակարգի» իրական գնի մասին քաղաքական թեստ է։ Եվ այդ թեստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ հայտնվեց բավական անհարմար, եթե չասենք՝ խայտառակ դիրքում։

Փաստերի հետ վիճելը դժվար է։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Նասիմի Մուսաեւը ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայր, մտել ՀՀ քաղաքացու տուն, զենքից կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է տանտիրուհին։ Դրանից հետո զինված ադրբեջանցին փախուստի է դիմել եւ հայտնաբերվել մեկ այլ հասցեում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ Մուսաեւը կալանավորվել է։ Ու հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Ոչ թե ուշագրավն այն է, թե ինչպես է զինված ադրբեջանցին հասել Շաքի։ Ոչ թե այն, թե ինչպես կարող էր սահմանը հատած զինծառայողը որոշ ժամանակ գտնվել Հայաստանի տարածքում։ Ոչ էլ միայն այն, թե ինչու համապատասխան կառույցները նրան ավելի վաղ չեն հայտնաբերել։ Իշխանության քաղաքական խոսքի թիրախում հայտնվեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր կյանքը զոհասեղանին դնելով, զավակներին պաշտպանած հայ կինը։

Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունն այս պատմության մեջ թերեւս ամենախոսուն դրվագներից մեկն էր։

ԵԹԵ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՊԱՍԵԼ

Նիկոլ Փաշինյանը փաստացի փորձեց հասարակությանը բացատրել, որ այդ իրավիճակում կինը պետք է ավելի շատ վստահեր ոստիկանության գալուն, քան սեփական բնազդին՝ սեփական տան ներսում հայտնված զինված օտարականի պայմաններում։ Սա արդեն պարզապես անհաջող ձեւակերպման խնդիր չէ, այլ էլի ու էլի պետական մտածողության խնդիր է։ Որովհետեւ եթե քաղաքացին իր տանը տեսնում է զինված մարդու, իսկ այդ մարդը օտարերկրյա զինծառայող է, պետության առաջին արձագանքը պետք է լինի ոչ թե քաղաքացուն հետադարձ հայացքով դաս տալը, թե ինչ պետք է աներ, այլ մեկ պարզ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս այդ մարդը հայտնվեց Հայաստանի տարածքում, եւ ինչո՞ւ պետությունը նրան ավելի շուտ չհայտնաբերեց։

Պաշտոնական քննության տվյալներով՝ ահազանգը ոստիկանությանը ստացվել է ժամը 14։17-ին, իսկ ադրբեջանցին արդեն հասցրել էր կրակոցներ արձակել եւ փախչել դեպքի վայրից։ Ի վերջո, պետության պատասխանատվությունը սկսվում է ոչ թե այն պահին, երբ հայ կինը ստիպված է լինում որոշում կայացնել իր երեխաների ներկայությամբ, այլ շատ ավելի վաղ՝ սահմանից, սահմանապահ զորքերից, ԱԱԾ-ից, ՊՆ-ից եւ վերջապես՝ քաղաքական ղեկավարությունից։

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՊԱՏՐԱՍՏ Է, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ «ՍՊԱՍԵՆՔ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ»

Ահա այստեղ է առաջանում ամենամեծ քաղաքական հակասությունը։ Հայաստանի օրվա իշխանությունը ութ տարի է ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների եւ քաղաքական հակառակորդների նկատմամբ գործում է գրեթե դատավճիռը նախապես գրված տրամաբանությամբ։ Սակայն երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի քաղաքացուն, նույնիսկ այն դեպքում, երբ նա զինվորական համազգեստով ապօրինի հատել է ՀՀ սահմանը, ներխուժել է տուն եւ կրակել է հայ քաղաքացու վրա, հանկարծ բոլորը դառնում են չափազանց զգույշ։ Հանկարծ պետք է սպասել քննությանը, պարզել հանգամանքները, տարբերակել՝ «դիվերսանտ էր», թե «դիվերսանտ չէր»։ Ու հանկարծ քրեական վարույթի առկայությունը դեռ բավարար չէ քաղաքական գնահատականի համար։ Իսկ ինչո՞ւ է այդ նույն չափանիշը այդքան հազվադեպ կիրառվում իշխանության քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Սա է հարցը, որի պատասխանը իշխանությունը պարտավոր է տալ ոչ թե ընդդիմությանը, այլ՝ Հայաստանի հասարակությանը։

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ՞, ԹԵ՞ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ Է ՍԿՍՎՈՒՄ

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից հնչած տրամաբանությունն առավել ֆանտաստիկ է՝ բառի ամենավատ իմաստով։ Նա տեղի ունեցածի համատեքստում շեշտադրում է, որ եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը չէր տեղեկացնի հայկական կողմին, թե զինվոր է կորել եւ գուցե հայկական կողմում է։ Բայց այստեղ իշխանության համար անհարմար մի հարց կա՝ խաղաղությունը ո՞ր պահից է սկսվում՝ սահմանը հատելուց հետո՞, թե՞ դրանից առաջ։

Եթե օտարերկրյա, էլ չասենք՝ թշնամական երկրի զինծառայողը ապօրինի հատում է Հայաստանի պետական սահմանը, հասնում է հայկական բնակավայր, մտնում քաղաքացու տուն եւ զենք կիրառում, ապա պետության պարտականությունը ոչ թե միջադեպի անվան շուրջ բառախաղ անելն է, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։

Խաղաղության պայմանավորվածությունը չի կարող վերածվել այնպիսի քաղաքական դոգմայի, որի շրջանակում Հայաստանը նույնիսկ իր տարածքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին պետք է խոսի շշուկով։

ՊԱՊԻԿՅԱՆԻ՝ «ԴԻՎԵՐՍԻԱ ՉԷՐ» ԹԵԶԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունից եւ քննչական գործողություններից հետո։ Միաժամանակ նա պնդեց, որ տեղի ունեցածը դիվերսիա չէր՝ որպես հիմնավորում նշելով, որ ադրբեջանցին ձերբակալության պահին դիմադրություն չի ցուցաբերել։

Այս տրամաբանությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե քննությունը դեռ ընթացքի մեջ է, ինչպե՞ս է քաղաքական պատասխանատուն արդեն վերջնականապես որոշում, թե ինչ չէր եղել։ Եթե նույն իշխանությունը պնդում է, որ պետք է սպասել քննության արդյունքներին, ապա ինչո՞ւ է այդ սկզբունքը կիրառվում միայն այն հատվածում, որտեղ այն ձեռնտու է իշխանությանը։

Իսկ եթե զինված օտարերկրյա զինծառայողի ապօրինի ներթափանցումը եւ Հայաստանի քաղաքացու նկատմամբ զենքի կիրառումը «դիվերսիա» չէ, ապա առնվազն պետք է հասարակությանը ներկայացվի՝ ի՞նչ է իշխանությունն անվանում անվտանգության սպառնալիք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ