«Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն

70 տարի անց. Հայաստանում ծնվեց նոր «օղակների տիրակալը»

Սպորտ

1955 թվականի ապրիլի 10-11-ը Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցավ սպորտային ​​մարմնամարզության Եվրոպայի պատմական առաջին առաջնությունը։ Հենց այդ ժամանակ լեգենդար Ալբերտ Ազարյանն իր անունը գրեց համաշխարհային պատմության մեջ՝ նվաճելով ոսկե մեդալ օղակների և զուգափայտերի վրա վարժություններում, ինչպես նաև արծաթե մեդալ բազմամարտում և մարզաձողի վրա։

Այդ ժամանակից անցել է ավելի քան 70 տարի։ Եվ ահա վերջապես տեսանք նոր հայ «օղակների տիրակալի» ծնունդը՝ մեր անպարտելի Ալբերտ Վաղարշակովիչին՝ եռակի օլիմպիական չեմպիոնին և աշխարհի քառակի չեմպիոնին փոխարինողին։

Հայաստանի հավաքականի ճանապարհը դեպի Զագրեբում անցկացվելիք Եվրո-2026 անցնում էր Խորվաթիայի Օսիեկ քաղաքով։ Այնտեղ թիմը երկշաբաթյա արդյունավետ մարզական հավաք անցկացրեց այն նույն մարզադահլիճում, որը դեռևս ապրիլին էր ընդունել ընթացիկ մրցաշրջանի աշխարհի գավաթի խաղարկության շարքի եզրափակիչ փուլը։

Այս հավաքներին մասնակցում էր նաև նժույգ թափերի վրա վարժություններում Եվրոպայի ներկայիս չեմպիոն Համլետ Մանուկյանը: Խորվաթիա մեկնելուց կարճ ժամանակ առաջ մարզիկը զորակոչվել է բանակ և զինվորական երդում տվել՝ ծառայությունը սկսելով մարզական վաշտում։ Ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, բանակային առօրյան Համլետին չխանգարեց նախապատրաստվել մրցաշրջանի գլխավոր մեկնարկին. մարմնամարզիկը թույլտվություն ստացավ լիարժեք մասնակցելու մարզումներին, որոնցից հետո վերադառնում էր զորանոց։ Մարզիչը հատկապես ընդգծեց, որ արտասահմանյան անձնագիր և մարզական հավաքին մեկնելու վիզա օպերատիվ կերպով ստանալու հարցում Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարզիկին առավելագույն օգնություն է ցուցաբերել։

Օսիեկում մարզումներն առանձնակի բավականություն պատճառեցին Համլետ Մանուկյանին։ Տառացիորեն նախօրեին նա այստեղ ոսկե մեդալ նվաճեց նժույգ թափերի վրա վարժությունների աշխարհի գավաթի փուլում՝ հավաքելով տպավորիչ 14,733 միավոր։

Չնայած պատանի հասակին՝ Համլետն արդեն հասցրել է հավերժացնել իր անունը համաշխարհային մարմնամարզության պատմության մեջ։ 2026 թվականի սկզբին Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կանոնագրքում պաշտոնապես ներառեց նժույգ թափերի վրա նոր տարր, որը ստացավ «Մանուկյան» (The Manukyan) անվանումը։ Այս բարդագույն համակցությունը (կոմբինացիա) հայ մարմնամարզիկը առաջին անգամ հաջողությամբ կատարեց 2025 թվականի սեպտեմբերին Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում։

Խորվաթիայի մայրաքաղաքն առաջին անգամ էր հյուրընկալում տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։ «Արենա Զագրեբ»-ի հարթակում Հայաստանի հավաքականը ներկայացավ ուժեղ կազմով։ Օղակների վրա վարժություններում կանխատեսվում էր Արթուր Ավետիսյանի և Վահագն Դավթյանի հաղթանակը, նժույգ թափերի վրա՝ Համլետ Մանուկյանի, Գարիկ Խաչիկյանի և Մամիկոն Խաչատրյանի, իսկ հենացատկում երկրի պատիվը պաշտպանեցին Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը։

Չնայած տպավորիչ հայտին՝ Հայաստանի հավաքականը հրաժարվեց թիմային բազմամարտում պայքարից՝ ուժերն ամբողջությամբ կենտրոնացնելով առանձին մարմնամարզական պիտույքների (գործիքների) վրա: Այս որոշման գլխավոր պատճառներից մեկը վիճակահանության արդյունքներն էին: Բախտի կամոք հայ մարմնամարզիկները սկսեցին որակավորումը օղակներից, որին հետևեցին հենացատկը, մարզաձողը, զուգափայտերը, ազատ վարժությունները և միայն վերջում՝ նժույգ թափերը: Քանի որ Հայաստանը հենց նժույգ թափերում ունի ուժեղ ատլետներ, մարզչական անձնակազմը որոշեց խնայել նրանց էներգիան պրոֆիլային մարզաձևերի համար: Եվս մեկ ծանրակշիռ փաստարկ էր վնասվածքի հնարավոր վտանգը: Մարզիչներն առանձնակի զգուշավորություն ցուցաբերեցին 34-ամյա Արթուր Դավթյանի ծանրաբեռնվածությանը. անհատական ​​մրցումներից առաջ բոլոր վեց պիտույքների վրա հանդես գալը չարդարացված ռիսկ կլիներ մեր փառապանծ վետերանի համար:

Մրցումների առաջին օրը տեղի ունեցավ որակավորում առանձին մարզաձևերում: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մարզաձևի եզրափակիչ դուրս եկավ ուժեղագույնների ութնյակը, սակայն խիստ սահմանափակմամբ՝ մեկ երկրից երկու մարմնամարզիկից ոչ ավել:

Մեր հավաքականի համար այս ընտրությունը հաջող էր. միանգամից հինգ հայ մարզիկներ նվաճեցին եզրափակչի ուղեգիր: Թիմի առաջնորդ Արթուր Դավթյանը վստահաբար և սառնասրտորեն կատարեց իր ամենահաջողված հենացատկերը՝ զբաղեցնելով որակավորման առաջին տեղը և հաստատելով առաջնության ոսկե մեդալի գլխավոր հավակնորդի կարգավիճակը: Մեր երկու ատլետներն էլ օղակներով վարժություններում եզրափակիչ փուլ անցան. Արթուր Ավետիսյանը որակավորվեց չորրորդ տեղից, իսկ 38-ամյա վետերան Վահագն Դավթյանը վեցերորդից:

Իսկական ֆուրոր (աղմկալից հաջողություն) առաջացրին հայ մարմնամարզիկները նժույգ թափերի որակավորման ժամանակ, որտեղ մեր երկու հայրենակիցները միանգամից մտան առաջատարների եռյակի մեջ. Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Համլետ Մանուկյանը երրորդ։

Ցավոք, դաժանագույն ընտրության մաղով չհաջողվեց անցնել Գագիկ Խաչիկյանին, որը հանդես եկավ միանգամից երկու մարզաձևերում՝ նժույգ թափեր և հենացատկ։

Արդեն հաջորդ օրը «Զագրեբ Արենա»-ում եռում էին եզրափակիչ մարտերը: Մրցաշարի գլխավոր զարդը եղավ Արթուր Ավետիսյանի օղակների վրա արտակարգ ելույթը: Անցյալ տարի Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուրը ցուցադրեց ապշեցուցիչ դժվարության ծրագիր և կատարման անթերի մաքրություն՝ ստիպելով խորվաթական վեհաշուք արենայի ավելի քան 15,000 հանդիսատեսներին կանգնած ծափահարել նոր չեմպիոնին:

Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սանը տառացիորեն ազարյանական ոճով ճախրում էր օղակների վրա՝ ցուցադրելով բարձրագույն պիլոտաժ։ Դասական խաչերը փոխարինվել էին անթերի «ինքնաթիռով» (հորիզոնական խաչ), նրբագեղ «ծիծեռնակացատկով» (հորիզոնական կախ՝ կախվածություն հետևից) և բարդագույն հետադարձ խաչով, երբ մարմինը ուղղաձիգ ձգված է վեր, ձեռքերը կողքերը տարածած, իսկ գլուխը ներքև իջեցրած։ Այս հաղթանակի եզրափակիչ ակորդը եղավ բարդագույն ակրոբատիկ վայր ցատկելը զարմանալի ճշգրիտ վայրէջքով՝ ավարտուն շրջադարձով։ Մրցավարները Արթուրի փայլուն ելույթը գնահատեցին 14,400 միավոր։ Ճիշտ նույն միավորը վաստակեց չեզոք կարգավիճակով ելույթ ունեցող ռուս Իլյա Զաիկան, սակայն կատարման համար ավելի բարձր գնահատականի շնորհիվ հայ մարմնամարզիկը իրավամբ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

14.366 արդյունքով բրոնզե մեդալի արժանացավ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի առաջնությունների վեցակի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրունիասը։ Օղակների վրա նման տիտանից առաջ անցնելը պատմական նվաճում է։

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր մեր փորձառու Վահագն Դավթյանը, վաստակեց 14,000 միավոր և եզրափակեց ուժեղագույնների հնգյակը։ Մեր մեկ այլ հայրենակից՝ մրցաշարում Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանը, զբաղեցրեց յոթերորդ տեղը՝ 13,900 միավոր արդյունքով։

Նժույգ թափերի վարժություններում ոսկե հաղթանակ տոնեց իտալացի Գաբրիելե Տարգետտան՝ ցուցաբերելով գրոսմայստերական արդյունք՝ 15,133 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց Համլետ Մանուկյանը, ընդ որում՝ իր ծննդյան օրը, ինչի մասին բարձրաձայն հայտարարեց հաղորդավարը Զագրեբի արենայի կամարների տակ։ Մրցավարները Մանուկյանի ելույթը գնահատեցին 15,000 միավոր։  Իր թիմակցի հետ պատվո հարթակին էր 19-ամյա Մամիկոն Խաչատրյանը, որը 14,900 միավոր արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի։

Հատկանշական է, որ ուղիղ մեկ տարի առաջ մարմնամարզիկների այս նույն եռյակը զբաղեցրեց ամբողջ պատվո հարթակը Լայպցիգում անցկացված Եվրոպայի առաջնությունում, բայց այլ հերթականությամբ. այն ժամանակ Մանուկյանը նվաճեց ոսկե մեդալ, Խաչատրյանը՝ արծաթե, իսկ Տարգետտան եզրափակեց եռյակը։

 Պատանի հայ աստղերի ելույթը հուզումնալից մեկնաբանեց բազմամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ռուս մարմնամարզիկ Դանիիլ Մարինովը, «Ես շատ զարմացած չեմ նրանց հաջողությունից. մարզումների ժամանակ նրանք տքնում են այնպես, ինչպես քչերը կարող են: Երբ տեսնում ես կատարում «ուրիշ լիգայից», դրա հետևում միշտ թաքնված են միապաղաղ աշխատանքի հազարավոր ժամեր, այդ պատճառով էլ հանրությանը դա թվում է որպես հեշտ կախարդություն: Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես կարելի է հասնել նման կայունության մարզումների ժամանակ: Նրանք պարզապես դուրս են գալիս և առանց ավելորդ ստրեսի, բարձր տեմպով ամեն ինչ անում են կատարյալ կերպով: Հանդես են գալիս երկուսով, հաղթում են և միասին անկեղծորեն ուրախանում»:

Մեր թիմի ամենատիտղոսավոր ատլետ Արթուր Դավթյանը հզոր կերպով սկսեց եզրափակիչ մարտը հենացատկում։ Առաջին փորձի համար նա ստացավ գրոսմայստերական 14,833 միավոր՝ եզրափակչի բոլոր մասնակիցների ամենաբարձր միավորը առանձին հենացատկի համար։ Ցավոք, երկրորդ հենացատկը մեր առաջատարին, անկեղծորեն ասած, չհաջողվեց, ինչը խաչ քաշեց պատվո հարթակ բարձրանալու հնարավորությունների վրա։ Ընդհանուր 13,366 միավորով փառապանծ վետերանը զբաղեցրեց իրեն ոչ բնորոշ ութերորդ տեղը։ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակրի, աշխարհի չեմպիոնի և Եվրոպայի բազմակի չեմպիոնի համար սա, անկասկած, սրտնեղիչ անհաջողություն է, բայց մենք հավատում ենք, որ Արթուրի գլխավոր հաղթանակները այս մրցաշրջանում դեռ առջևում են։

Տարվա գլխավոր մեկնարկը այժմ կլինի աշխարհի 54-րդ առաջնությունը, որը կհյուրընկալի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքը 2026 թվականի հոկտեմբերի 17-ից 25-ը։ Հայաստանի հավաքականն իր համար արդեն ապահովել է աշխարհի  առաջնության չորս անվանական ուղեգիր. Արթուր Ավետիսյանը մեդալի համար կմրցի օղակների վրա, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգ թափերի վրա, իսկ համակողմանի (ունիվերսալ) Արթուր Դավթյանը կներկայացնի երկիրը երկու մարզաձևերում՝ հենացատկում և օղակների վրա։

Իսկ  բոլորիս համար հաջորդ մեծ տոնը կլինի տղամարդկանց և կանանց Եվրոպայի 2027 թվականի պատմական առաջնությունը, որը ապրիլի 27-ից մինչև մայիսի 2-ը իր դռները կբացի մեր երկրի սրտում՝ Երևանում։

Ալեքսանդր Գրիգորյան, Երևան  

 

Լուսանկարում՝

Նոր «Օղակների տիրակալը»՝ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը

Նժույգ թափեր վարժություններում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ