Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան
ՆերքաղաքականԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր՝ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻ գնահատմամբ` երբ մի հանրության անընդհատ ստում են, անընդհատ ցավի մեջ են պահում եւ կերակրում սին հույսերով, այն կորցնում է ընդհանրապես դիմադրելու ունակությունը: Իսկ դրանից հետո առաջանում է հիասթափություն, որն էլ իր հերթին բերում է անկարողության զգացողության, ինչով եւ հասարակությունը շարունակում է գոյատեւել։
— Բառիս բուն իմաստով, մենք հիմա գոյատեւում ենք, մենք չենք ապրում։ Մենք հիմա բոլորս ինչ-որ հրաշքի ենք սպասում կամ էլ մտածում. դե լավ, միեւնույնն է, ոչինչ չենք կարող անել։ Սա երկար տարիների թույլ հասարակություն դաստիարակելու արդյունքն է։ Սա վերջին 8 տարվա պտուղները չեն։ Այդ արմատները, ցավոք, ավելի խորն են:
Մեծ ցավ է, երբ ազգային կրթություն չկերտեցին, երբ մեր կրթությունը եղավ ինչ-որ անհասկանալի կարկատանային եւ ոչ թե հստակ սահմանված ազգային հասարակություն կերտելու կրթություն: Մենք հիմա վայելում ենք այդ կրթության հետեւանքները:
Ցանկացած հասարակություն կրթությամբ է ձեւավորվում։ Իսկ սա կարկատանային կրթության հետեւանքն է: Ու հիմա, եթե մեր հասարակության ընդհանուր պատկերը տանք, դա էլ է կարկատանային՝ տարբեր գույնի ու որակի խավեր կան այսօր հասարակության մեջ, եւ մի տեսակ շերտավորում կա, ինչպես կարկատած հագուստը: Ինչ ծրագիր ասեք, կրթական համակարգի վրա կիրառեցին, հետեւաբար, եւ ստացել ենք դրա հետեւանքը, այսօր զարմանալի ոչինչ չկա։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
