Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում
Հանդիպում
Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի խոսքով Ռուսաստանի կողմից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են արդարացված լինել պատերազմող երկրի տեսանկյունից, սակայն Հայաստանի համար այդ սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ։
Սահմանափակումների նպատակը միայն ֆինանսական չէ։ Դրանց միջոցով Ռուսաստանը փորձում է ապահովել նաև դրամաշրջանառության, եկամուտների գոյացման, դրանց հարկման և գումարների ծագման օրինականության ավելի մեծ թափանցիկություն։ Երբ բանկային համակարգի միջոցով եք փոխանցումները կատարում, երևում է, թե ինչ աղբյուրներից եք վաստակել ձեր եկամուտները։ Սկզբունքորեն դա նաև ազդանշան է պետական և հարկային մարմինների համար՝ տվյալ գումարն ունի օրինակա՞ն, թե՞ անօրինական ծագում:
Ռուբլին շարունակում է կարևոր դեր ունենալ Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերություններում։ Չնայած միջազգային սահմանափակումների պայմաններում այն ազատ փոխարկելի արժույթ չէ, Հայաստանի համար ռուբլին նշանակություն ունի հատկապես խոշորածավալ գործարքներում՝ վառելիքի, հացահատիկի, բնական գազի ոլորտներում։ Այս սահմանափակումների հետևանքով Հայաստան փոխանցվող կանխիկ ռուբլու ծավալները կարող են որոշ չափով կրճատվել, եթե փոխանցումները մինչ այժմ իրականացվել են կանխիկ եղանակով։ Սակայն մարդիկ կարող են այլընտրանքներ գտնել՝ Ռուսաստանում ռուբլին փոխարկելով դոլարի, եվրոյի կամ այլ արժույթի և այդ տարբերակով իրականացնել փոխանցումները։
Ատոմ Մարգարյանը նշում է նաև.
-Ազգային արժույթի արտահանման կամ կանխիկի դուրսբերման սահմանափակումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ավելի է կոշտացնում դրամավարկային ոլորտում հարաբերությունները հարևան երկրների հետ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ երկրների՝ ընդհանուր մաքսային տարածքում լինելու հանգամանքը։
Ամեն դեպքում չեմ կարծում, որ այս սահմանափակումը կարող է Հայաստանի համար ռուբլու լուրջ դեֆիցիտ առաջացնել կամ էականորեն անդրադառնալ դրամ-ռուբլի փոխարժեքի վրա։ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի միջև հնարավոր են համապատասխան վարկային մեխանիզմներ, որոնց միջոցով տնտեսավարող սուբյեկտները կարող են երկկողմ փոխանակումներն իրականացնել առանց դոլարի միջնորդության։ Սկզբնական փուլում հնարավոր են որոշակի արժիոտաժային ազդեցություններ փոխարժեքի վրա, բայց մեծ հաշվով՝ չեմ կարծում, որ լուրջ դեֆիցիտներ առաջանան։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
