«ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆ
ՍպորտՄուայթայի Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել օրերս ՌԴ - ում կայացած Դոնի Ռոստովի գավաթի բաց առաջնությունում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ։ Գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ, որից 5 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե, թիմային հաշվարկում գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի պատանիների և երիտասարդների հավաքականների գլխավոր մարզիչ ԱԼԵՔՍԱՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.
- Ես շատ գոհ եմ մեր մարզիկներից, քանի որ նրանք փայլուն կերպով հանդես եկան ու լիովին արդարացրին իմ հույսերը։ Ոսկե մեդալներ նվաճեցին ու մրցաշարում իրենց գերազանց դրսևորեցին Արայիկ Բրուտյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, Ռաֆայել Ավագյանն ու Արմեն Խաչատրյանը։ Արծաթե մեդալ նվաճեց Գոռ Գաբուզյանը, բրոնզե մեդալներ Արամ Հակոբյանը և Գևորգ Սիմոնյանը։ Մեզ հետ էին նաև մարզիչներ Հակոբ և Գևորգ Գրիգորյանները։ Մեր հավաքականը լավագույնը ճանաչվեց այս միջազգային մրցաշարում և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը, հետ թողնելով ուժեղագույն համարվող ՌԴ հավաքականին։ Մեր թիմը 9 մարզիկ ուներ, նվաճել ենք 8 մեդալ, ինչը շատ փայլուն արդյունք է։
Իսկ Ռուսաստանը քանակով ավելի մեծ էր մեզանից ներկայացել։ Հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի, ՌԴ-ի, Ղազախստանի և Ուզբեկստանի թիմերի միջև։
Իսկ ահա Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց.
- Ցավոք, կրկին պիտի արձանագրեմ այն փաստի մասին, որ այսքան նվաճումներ ունենալով, մեզ կրկին չի աջակցում ԿԳՄՍ - ն, բազմաթիվ դիմումներ ենք գրել, անձամբ հանդիպել, նույնիսկ գրություններ ուղարկել վարչապետին ու, ցավոք, սայլը այդպես էլ տեղից չշարժվեց։ Այս միջազգային մրցաշարին մարզիկները մասնակցել են մեր ֆեդերացիայի, իրենց ծնողների և անհատ բարերարների ֆինանսական միջոցներով։ Մեր լավագույն սաներից Նարեկ Խաչիկյանը Եվրոպական խաղերի ուղեգիր է նվաճել, որը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում է կայանալու 2027-ի հունիսին։ Անցած անգամ էլ մեզ հավաստիացրին ԿԳՄՍ-ից, ասելով, որ կտան գումարը, որ Նարեկը կարողանա մեկնել ու մասնակցել, ցավոք, խաբեցին։ Հույս ունենք, որ գոնե հիմա կտրամադրեն։ Ասեմ, որ այն ժամանակվա սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը այս խնդիրը հասցրեց մինչև ԱԺ, ցավոք, այնտեղից մերժեցին։ Այս խնդիրը պետք է բարձր մակարդակով լուծում ստանա, մարզիկները պետք է ֆինանսավորվեն, որպեսզի կարողանան մրցաշարերի մասնակցել։ Լավ կլիներ, որ ուշու - սանդայի կողքին մուայթայն էլ ավելանար ու որպես Օլիմպիական մարզաձև լիներ։ ԿԳՄՍ-ից, երբ մեզ չեն աջակցում, մենք ավելի ու ավելի ենք ուժ գտնում մեր մեջ, որ էլ ավելի մեծ նվաճումներ գրանցենք։ Չի կարելի անտեսել մուայթայ մարզաձևը։ Օրինակ, սամբոն էլ չի համարվում Օլիմպիական մարզաձև, սակայն ստանում են ֆինանսավորում, բայց մեզ չեն տրամադրում։ Առաջիկայում, հոկտեմբերի 17-25-ը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ նոյեմբերի 6-16-ը Հունաստանում կկայանա Աշխարհի առաջնությունը։ Պաշտոնյաները խաղում են 1000-ավոր երեխաների ճակատագրի հետ, շատերը կարող են նույնիսկ հիասթափվել ու մեկնել արտերկիր, ներկայացնելով այլ երկրի դրոշ, այդ դեպքում կասեն, վայ, տեսեք, երկիրը լքել է այս մարզիկը, ուրեմն լավ վերաբերվեք, որպեսզի չթողնեն գնան այլ երկիր։
Այդ պաշտոնյաները թող մի բան լավ հիշեն, եթե այսօր պաշտոնի են, վաղը կարող է չունենան այդ պաշտոնը։ Շատ դժգոհ եմ ԿԳՄՍ-ից։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk