Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին
ՄիջազգայինՀայ–ռուսական հարաբերությունների եւ Փաշինյանի հնարավոր մոսկովյան այցի թեման կարծես թե դուրս է եկել հիմնական պլանից: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ հարցը փակ է. շատ ավելի հավանական է տարբերակը, որ այս ուղղությամբ ներկա փուլում ընթանում են ստվերային գործընթացներ, որոնք կա՛մ կտանեն վերջնական պայմանավորվածությունների, կա՛մ` հարաբերությունների լուրջ արգելակման:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՕՎԵՐՉՈՒԿԸ
Նման խորքային գործընթացների մասին ակնարկեց նախորդ շաբաթ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հայաստանյան այցը: Հիշեցնենք, Փաշինյանի հետ հանդիպմանը Լիխաչովը ներկայացրել է Հայաստանում նոր` 1 ԳՎտ հզորությամբ ատոմային էներգաբլոկի կառուցման, նաեւ` փոքր կայանների ծրագիր: Իմաստը դժվար չէր կռահել. եթե Նիկոլը գնում է այդ ուղղությամբ, դա նշանակում է, որ հայաստանյան ատոմային էներգետիկան, այն է` գործնականում ողջ էներգետիկ համակարգը շատ երկար տարիներ մնում է կապված Ռուսաստանի հետ: Իսկ դա աշխարհաքաղաքական վեկտորի ուղղվածության լուրջ տարրերից մեկն է:
Եվ ահա, գրեթե միաժամանակ ուշագրավ մտքեր լսվեցին նաեւ ՌԴ փոխվարչապես Ալեքսեյ Օվերչուկից: Կարելի է ասել` երկու ուղղվածության: Նախ, ըստ ՌԴ փոխվարչապետի. «Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան եւ Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ այն ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը հանդիսանում է միության անդամ, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները, համապատասխանաբար՝ նաեւ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, նույնպես եռապատկվել են... Եվ մենք, իհարկե, մեծ հույսեր ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ»։ Սա, իհարկե, պետք է տեսնել հայաստանյան ԵԱՏՄ կամ ԵՄ տեսլականի շրջանակներում: Այն է` Մոսկվան հավելյալ անգամ հուշում է Հայաստանի կողմից վերջնականապես ԵԱՏՄ–ի ուղղությամբ կենտրոնանալու վրա:
Ու սրան զուգահեռ, Օվերչուկը խոսեց կարեւորագույն մեկ թեմայի մասին եւս: Այն է` Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Գյումրիից մինչեւ Թուրքիայի սահման վերականգնման վերաբերյալ առաջարկին: «Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը եւ պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչեւ Նախիջեւան եւ Գյումրիից մինչեւ Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով»,– մանրամասնել է Օվերչուկը՝ պնդելով, թե այդ մասին որոշումները Ռուսաստանում նախագահի մակարդակով ընդունվել են դեռեւս հունվարին: «Մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս շատ կարեւոր հանդիպումներ կկայանան, որոնք թույլ կտան այս հարցն առաջ մղել», – նշել է ՌԴ փոխվարչապետը։
Կարեւոր հանդիպումներ ասելով, թերեւս, Օվերչուկը նկատի ունի նաեւ Նիկոլին սպասվող մոսկովյան այցը: Բայց մինչ այդ, ակնկալվում է, որ Հայաստանը պետք է, բացի ատոմակայանից, հստակ պատասխան տա նաեւ երկաթուղու հիշատակված երկու հատվածների հետ կապված: Իսկ թե ինչ են իրենցից ներկայացնում այդ երկու հատվածները եւ դրանց վերականգնման հարցը, ապա այստեղ պետք է նաեւ նախապատմությունը մի փոքր հիշել:
Այսպես, ժամանակին Երասխի եւ Գյումրիի սահմանային այդ հատվածների վերականգնման թեման բարձրացրեց հենց Փաշինյանը` հրապարակավ առաջարկելով Մոսկվային` հնարավորինս արագ զբաղվել այդ ծրագրով: Ընդ որում, դեռ այդ փուլից տողատակային այն իմաստը կարելի էր տեսնել, որ ռուսները կմերժեն այդ ծրագիրը, եւ Հայաստանը կկարողանա դրանում այլ կողմի ներգրավել: Իսկ մերժելու պատճառներ իրականում կան: Այսինքն, քանի դեռ չկա հստակ, փաստաթղթային տեսքով պայմանավորվածություններ, որ Հայաստանից Նախիջեւան եւ Գյումրիից Կարս երկաթուղիները գործարկվելու են, այդ երկու սահմանամերձ հատվածներում ներդրում կատարելը պարզապես անիմաստ է: Դրանք փոքր հատվածներ են, կառուցելու համար մեծ ժամանակ չի պահանջվում: Այսինքն, եթե լինեն կոնկրետ պայմանավորվածություններ, ապա այդ հատվածների վերակառուցումն էլ երկար չի ձգվի: Ամբողջ հարցը հենց այդ պայմանավորվածություններն են, որոնք գտնվում են հայ–ադրբեջանական եւ հայ–թուրքական դաշտում, եւ երաշխավորված չէ, որ տարիներով չեն ձգվելու: Նաեւ հաշվի առնելով, որ եթե անգամ «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքներ լինեն, նույնիսկ` այդ ճանապարհը գործի, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ գործելու է նաեւ Երասխի հատվածը. Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղու» մասին փաստաթուղթը Նախիջեւան–Հայաստան գծի հետ որեւէ կապ չունի:
Կարճ ասած, քանի դեռ չկա որեւէ քաղաքական կոնկրետացում Գյումրի–Կարս եւ Երասխի երկաթուղիների վերագործարկման մասին, կրկնենք, այդ հատվածների վերակառուցումը դառնում է ժամանակից առաջ ընկած հարց, եւ երբ Նիկոլը որոշեց այդպես առաջ ընկնել, դա այլ հաշվարկներ ունենալու մասին ակնարկող սցենարի էր նմանվում: Եվ այն, որ նա շատ արագ էլ անցավ հայաստանյան երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը ՌԴ–ից վերցնելու գաղափարին, ավելորդ անգամ խոսում էր նման պատվիրված սցենարի առկայության մասին: Այն է`տեսեք, Մոսկվան չի ուզում մեր երկաթուղին հասցնել սահմանին, մենք էլ այն վերցնում ենք: Միայն թե այս դեպքում բաց է մնում հիմնական հարցը. իսկ ո՞րն է Նիկոլի հիմքը, ո՞ր ստորագրված փաստաթղթից ելնելով է նա ենթադրում, որ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա տանող երկաթուղային դռները բացվելու են:
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ
Միայն թե Մոսկվան նշված սցենարի, ավելի ճիշտ` սցենարիստների ցանկությամբ չգնաց: Շատ արագ հայտարարեց, որ պատրաստ է վերականգնել երկու սահմանային երկաթուղիները: Գումարած, որ ամենեւին էլ չի պատրաստվում հայաստանյան երկաթուղու կառավարման կոնցեսիան որեւէ երրորդ կողմի զիջել: Այստեղ, թերեւս, կա մի քանի գործոն: Նախ, վերականգնելով երկաթուղու սահմանային հատվածները, տրամաբանական է, որ դրանց հետագա կառավարումը եւս մնում է հայաստանյան ողջ երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման տրամաբանության մեջ: Այսինքն, թուրք–ազերիական տանդեմը, ԱՄՆ–ն, Եվրոպան կամ մեկ այլ կողմ հայաստանյան երկաթուղային համակարգ ուղիղ մուտքի որեւէ տարբերակ այս դեպքում չեն ունենում, ինչն էլ, իհարկե, հիմնական նպատակ էր: Մեկ տարբերակ կա. Փաշինյանը, իհարկե, կարող է ապօրինաբար չեղարկել ՌԴ–ի հետ կոնցեսիոն պայմանագիրը: Սակայն դա կնշանակի ուղիղ թշնամություն: Պատրա՞ստ է դրան գնալ, իր որոշելիքն է: Արդյունքում, եթե անգամ արեւմտյան հայտնի` ռուսներին տարածաշրջանից հեռացնելու հիմքի վրա «Թրամփի ուղի» կառուցվի եւ սկսի գործել, ապա, ինչպես նաեւ մասնագետներն են հաշվարկում, դա Հայաստանի համար կդառնա ընդամենը տարեկան 10 միլիոն դոլարի եկամուտ: Ու այս դեպքում Նիկոլը ստիպված է լինելու պատասխանել` հանուն հենց այդ 10 միլիոնի՞ «Զանգեզուրի միջանցք» բացեց` այդ հարցադրումից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ
Եվ ահա, այս ամենի հանրագումարում, Փաշինյանի մոսկովյան հնարավոր այցի ֆոնին պատահական չէ, որ Օվերչուկը նորից սահմանային այդ երկաթուղային հատվածների մասին հրապարակավ հիշեցնում է: Նրա հայտարարության տակ կարելի է նախ այս իմաստը տեսնել: Ժամանակին հենց Փաշինյանն էր իրադարձություններից առաջ ընկած պահանջում, որ ռուսները վերակառուցեն Գյումրիի եւ Երասխի այդ հատվածները: Ու ի՞նչ է ստացվում. ռուսները համաձայն են, իսկ Փաշինյանը ոչ մի կերպ չի՞ ցանկանում ծրագիրն առաջ տանել: Բա ինչո՞ւ էր Մոսկվային նման առաջարկով դիմում, ո՞չ այն պատճառով, ինչը ենթադրեցինք. սպասում էր, որ ռուսները կմերժեն: Այն է` նպատակը ոչ թե այդ հատվածների կառուցումն էր, այլ ռուսներին դրանից հեռու մղելը:
Բայց հիմա, երբ Օվերչուկը պաշտոնապես խոսում է այդ մասին, դա նաեւ հետեւյալ ակնարկն է պարունակում: Մոսկովյան այցի շեմին Փաշինյանը պետք է վերջնական կողմնորոշում հայտնի. պատրա՞ստ է, որ իր իսկ առաջարկածի պես, հենց Ռուսաստանը զբաղվի այդ հատվածների կառուցման եւ հետագա շահագործման հարցով: Իսկ դա էլ իր հերթին է դառնում որոշակի երաշխիք, որ հայաստանյան երկաթուղային համակարգի հետ կապված հիշատակված խաղերը չեն լինելու. Ռուսաստանը շարունակելու է կառավարել այդ համակարգը, այդ թվում, կրկնենք, սահմանային հիշատակված երկու հատվածները:
Մի խոսքով, այսպիսով ուրվագծում են եւս մեկ հիմնական պայման, որը Փաշինյանի մոսկովյան սպասվող այցի շեմին դրված է նրա առաջ: Այն է, բացի էներգետիկայից, նաեւ երկաթուղային համակարգի հետագա կառավարման հարցով Մոսկվան նրանից գործնական երաշխիքների է սպասում: Եվ երկաթուղին, խոշոր հաշվով, Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի ուղղվածության հարցով նույնպիսի կարեւոր գործոն է, ինչպես էներգետիկան:
Թե այլ ինչ նման երաշխիքներ է Մոսկվան սպասում Նիկոլից, դեռ կտեսնենք: Սակայն այս պահին էլ կարելի է նկատել, որ այդ պահանջ–պայմանները կան: Այսինքն, Նիկոլը կանգնած է այս հրամայականի առաջ. մերժում է դրանք եւ մտնում է Ռուսաստանի հետ այնպիսի ծայրահեղ հակամարտության մեջ, որին նախօրեին Մեդվեդեւը «նոր Ուկրաինա» բնորոշումը տվեց` այն անվանելով մեր «երկրի համար ամենասարսափելի սպառնալիքը»: Ընդ որում, այս տարբերակով նաեւ անիմաստ է դառնում Փաշինյանի մոսկովյան այցը: Կա՛մ ընդունում է, եւ այդ դեպքում պետք է արեւմտամոլական խաղերը դադարեցվեն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk