Եթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում
ՀանդիպումՀայաստանյան լցակայաններում միջինը մեկ լիտրը 621 դրամով վաճառվող պրեմիում տեսակի բենզինը մեկ ամսում թանկացել է 10.53 տոկոսով, և սա այն դեպքում, երբ ոչ Հայաստան բենզին մակատարարող հիմնական երկրներում, ոչ էլ մի շարք այլ պետություններում այսչափ թանկացում պարզապես չկա:
Տնտեսագետ Աղասի Թավադյանի դիտարկմամբ վառելիքի շուկայում առկա գնաճի հիմնական պատճառներից մեկը ոչ թե միջազգային բորսայում նավթի գների թանկացումն է, այլ փոխվել է նաև Հայաստանի վառելիքի շուկայի մատակարարման աշխարհագրությունը.
- Ռուսաստանը, որը տարիներ շարունակ Հայաստան բենզինի հիմնական մատակարարն էր, այլևս առաջին տեղում չէ։ Եթե համեմատենք 2023 թվականի հետ, ապա 2023 թվականին Հայաստան ներմուծվող բենզինի 90%-ը գալիս էր Ռուսաստանի Դաշնությունից։ Այս պահին՝ առաջին վեց ամիսների կտրվածքով, 20%-ն է։ Մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կնվազի՝ հասնելով 17 տոկոսի։ Դիզելն էլ 2023 թ․-ին 60 տոկոսն էինք ստանում Ռուսաստանի Դաշնությունից, այս պահին 30 տոկոսն ենք ստանում։
Փոփոխությունը, սակայն, միայն մատակարարումների ծավալների մեջ չէ։ Բենզինը Հայաստան այժմ հասնում է հիմնականում Սև և Միջերկրական ծովերի ավազանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ինչպես նաև Ադրբեջանից։ Այս տարվա առաջին վեց ամիսներին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել բենզինի մոտ 3, իսկ դիզվառելիքի՝ 8 տոկոսը։ Այս ցուցանիշներն աճում են։
Տնտեսագետի դիտարկմամբ.
- Դիզվառելիքի նոր մատակարարների շարքում են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը և Իսրայելը։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է ստանալ անհրաժեշտ ծավալի վառելիք, սակայն այն այժմ ավելի շատ է ներմուծվում նախկինից ավելի հեռու շուկաներից։ Ռուսական մատակարարումների նվազումը պայմանավորված է մի քանի գործոնով։ Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումներից հետո Մոսկվան սահմանափակել է վառելիքի արտահանումը։ Մենք այս պահին ոչ թե հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից ենք բենզինն ու դիզվառելիքն առնում, այլ սևծովյան երկրներից՝ համաշխարհային գներով, ինչն արտահայտվում է մեր շուկայում, և մենք այս պահին պիկային գներ ունենք։ Դիզվառելիքի թանկացումը միայն վարորդի ծախսը չէ։ Թանկացման ազդեցությունը կարող է տարածվել ամբողջ շղթայով՝ վառելիքից դեպի փոխադրումներ, արտադրություն, գյուղատնտեսություն և, ի վերջո, վերջնական ապրանքների գներ։
Տնտեսագետի կանխատեսմամբ.
- Նավթի շուկայում բարձր գները կարող են պահպանվել առաջիկա 7–8 ամիսներին։ Դրա համար կան մի քանի նախապայմաններ։ Հայաստանի շուկան համաշխարհային գնային փոփոխություններին արձագանքում է ոչ անմիջապես․ համաշխարհային շուկայում նույնիսկ արագ կայունացման դեպքում դրա ազդեցությունը հայկական լցակայաններում կարող է անմիջապես չերևալ։ Եվ նույնիսկ եթե իրավիճակն այս պահին հանդարտվի, երեք ամիս հետո գները կիջնեն։ Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է այս պահին, որ շատ փորձագետներ դժվար են համարում իրավիճակի կարգավորումը։ Եվ եթե նմանատիպ իրավիճակը 2022 թվականին տևեց 11 ամիս, այս պահին կարող է ավելի երկար տևել։ Սա ավելի վտանգավոր է մեր տնտեսության համար, քան բենզինի գինը, որովհետև գյուղատնտեսությունը, բեռնափոխադրումները, այլ բաներ․․․ տնտեսությունը դիզելի վրա է շարժվում այս պահին։
Սա կհանգեցնի նրան, որ բենզինի և դիզվառելիքի գներն առաջիկայում էլ ավելի կբարձրանան մեր շուկայում։ Սա մտահոգիչ է, որովհետև կրկնում եմ՝ դիզվառելիքը հանդիսանում է տնտեսության համար հիմնական շարժիչ ուժը։ Եթե սովորական քաղաքացիները կարող են իրենց մեքենաները, ասենք, հեղուկ գազի փոխել, ապա տրակտորները, գյուղատնտեսական, շինարարական տեխնիկան, բեռնափոխադրումները ամբողջությամբ դիզվառելիքով են աշխատում։ Եվ դրա թանկացումն աննախադեպ գնաճի է բերելու նաև տնտեսության մնացած բոլոր ճյուղերում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk