Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան
ՄշակութայինԲՐՈԴՎԵՅՅԱՆ ՈՐԱԿԻ ՄՅՈՒԶԻՔԼ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ առաջնախաղ՝ «Նկարում ենք Լա Լա Լենդ»։ Առաջնախաղի եւ թատերաշրջանի ընթացքում սպասվող այլ նորությունների մասին փակագծեր է բացել թատրոնի տնօրեն ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։
«ԹԱՏՐՈՆԸ 85-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԲԱՑԵՑ ՆՈՐ ԵՎ ՅՈՒՐՈՎԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ»
— Տիկին Պետրոսյան, փաստորեն, թատրոնը մեկնարկում է 85-րդ թատերաշրջանը՝ նոր ու մեծ մյուզիքլո՞վ։
— Նախ նշեմ, որ Պարոնյան թատրոնը 85-րդ թատերաշրջանը բացեց նոր եւ յուրովի ձեւաչափով՝ բացօթյա միջոցառմամբ հենց թատրոնի առջեւ, եւ մեր հանդիսատեսը պարզապես անցորդներն էին։
Միջոցառման ընթացքում մենք ներկայացրեցինք այս թատերաշրջանի ընթացքում սպասվող ներկայացումները, որոնք պետք է խաղանք եւ որոնք արդեն սիրված են։ Եվ հիմա՝ այո, Պարոնյան թատրոնում կայացավ մեծ մյուզիքլի առաջնախաղ։
— Ի՞նչ ուղղությամբ է այսօր զարգանում թատրոնի խաղացանկային քաղաքականությունը։
— Պարոնյան թատրոնը երաժշտական թատրոն է, եւ մեր խաղացանկային քաղաքականությունն այն է, որ թատրոնը պետք է համալրվի ժամանակակից աշխարհին համապատասխան նոր մյուզիքլներով։ Այսինքն՝ լինեն այսօրվա հանդիսատեսի սպասումներին եւ պահանջներին համահունչ ներկայացումներ։ Եվ այդ նպատակին հասնելու համար, կառավարության աջակցությամբ՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, թատրոնը համալրվել է ձայնային եւ լուսային նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն է մեզ տալիս խաղալ պրոֆեսիոնալ որակի մյուզիքլներ։
— Պարոնյան թատրոնը իր հարուստ պատմության եւ սիրված ներկայացումների շնորհիվ առանձնահատուկ տեղ ունի հանդիսատեսի հիշողության մեջ։ Ինչպե՞ս եք համադրում այդ ժառանգությունն ու նորացման անհրաժեշտությունը։
— Պետք է ասեմ, որ ներկայումս թատրոնը գտնվում է իր վերափոխման եւ զարգացման ուղու վրա։ Իհարկե, երբ խոսում ենք Պարոնյան թատրոնի մասին, բոլորը հիշում են հայտնի եւ սիրված ներկայացումները, սիրված դերասաններին։ Միշտ նշում են «Տաքսի տաքսի»-ն, «Պահանջվում է ստախոս»-ը, հիշում են Կարպ Խաչվանքյանին, Սվետլանա Գրիգորյանին։ Իհարկե, դա մեր ժառանգությունն է, մեր պատմությունն է, այդ ամենը պետք է պահպանենք, բայց պետք է նաեւ հասկանանք, որ կրկնօրինակել, վերականգնել չենք կարող։
Այսօր Պարոնյան թատրոնը շատ մեծ քայլեր է ձեռնարկում եւ իրականացնում՝ թատրոնի զարգացման ուղղությամբ։ Մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել ենք նոր ներկայացումներ, նոր պրեմիերաներ, կոմեդիաներ, մանկական ներկայացումներ։ Ունեցել ենք պարային առանձին ներկայացումներ՝ «Լա բոհեմ»-ը եւ «Տանգոն», որոնք շատ ջերմ են ընդունվել հանդիսատեսի կողմից։ Իսկ հիմա գնում ենք երաժշտական թատրոնի՝ մյուզիքլի զարգացման ուղղությամբ, որի հնարավորությունն արդեն լիովին ունենք։
«ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ՊԵՏՔ Է ԶԳԱ, ՈՐ ՍԱ ԱՐՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԻՐ ՀԱՄԱՐ»
— Այդ ուղղության կարեւորագույն քայլերից մեկը «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլն է։ Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին։
— Շատ հետաքրքիր, բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ ենք։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ այս մյուզիքլի առաջնախաղը համընկավ սիրված հոլիվուդյան «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլի 10-ամյակի հետ, բայց հանդիսատեսը թող չսպասի, որ այս ներկայացումը լինելու է ֆիլմի կրկնօրինակը։ Մենք տեղափոխվում ենք հոլիվուդյան ֆիլմի նկարահանման հարթակ, որտեղ «Լա լա լենդի» արդեն ծանոթ եւ սիրված կերպարների կողքին կհանդիպենք նոր կերպարների։
Ասեմ, որ մեկնաբանության հեղինակը եւ բեմադրության ռեժիսորը Լիլի Էլբակյանն է։ Որոշ տեսարանների համար գրվել է նոր երաժշտություն, հեղինակն է Մարիամ Շահինյանը, որը նաեւ կերտել է գլխավոր հերոսուհու՝ Միայի կերպարը։ Իսկ գլխավոր հերոսի դերում հանդես է եկել Ներսես Ավետիսյանը, ում մենք կտեսնենք ե՛ւ երգելիս, ե՛ւ պարելիս։ Ի դեպ, Ներսեսը մեզ շատ գերել է իր թե՛ պրոֆեսիոնալիզմով, թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ իր համեստությամբ։ Բեմանկարիչը մեր թատրոնի նկարչուհին է՝ Մարիամ Մուրադյանը, հագուստների նկարիչն է Մարինա Թադեւոսյանը։ Եվ էլ ի՞նչ մյուզիքլ, առանց պարերի՝ խորեոգրաֆ Քրիստինա Ավագիմյանը շատ հետաքրքիր պարեր է բեմադրել։
Պետք է նշեմ, որ այս ներկայացումը մենք հանդիսատեսին ներկայացրել ենք շքեղ դեկորներով, գունեղ հագուստներով, տեխնիկական հնարքներով, երգով ու պարով։ Գրեթե կարող եմ ասել, բրոդվեյյան որակի մյուզիքլ է։ Իսկապես, շատ մեծ աշխատանք է տարվել, եւ ես առանձնահատուկ ու մեծ հպարտությամբ ուզում եմ շեշտել մեր թատրոնի այս ներկայացման մեջ ընդգրկված դերասաններին, երգչախմբի եւ բալետի արտիստներին։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մեր տեխնիկական եւ սպասարկող անձնակազմին, որովհետեւ, հավատացեք, մինչեւ կեսգիշեր եւ ավելին ամբողջ թիմով աշխատել ենք, որպեսզի հանդիսատեսը տեսնի յուրահատուկ ներկայացում։
— Ի՞նչ կտանի հանդիսատեսն իր հետ այս ներկայացումից։
— Բացի բովանդակային ասելիքից, կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս ներկայացման տարբեր դրվագներում կգտնի իրեն հաճելի ու ծանոթ կերպարներ, ապրումներ ու հույզեր՝ ինչպես էմոցիոնալ, այնպես էլ մտավոր առումով։ Բայց ինձ համար, որպես թատրոնի տնօրեն, ում նպատակն է թատրոնի զարգացումը, կարծում եմ, հանդիսատեսը նաեւ պետք է տանի իր հետ այն զգացումը, որ իր համար հատուկ աշխատել են։ Հանդիսատեսը թե՛ բեմում, թե՛ հագուստների որակի, դեկորների, տեխնիկական հնարքների եւ դերասանների աշխատանքի ամեն դետալից պետք է իմանա, որ նա վճարել է, եկել է թատրոն, եւ այդ թատրոնն ամիսներ շարունակ պատրաստվել է, որպեսզի նա գոհացած դուրս գա դահլիճից։ Այսինքն՝ ունենա հաճելի ժամանց եւ զգա, որ սա արվել է հատուկ իր համար։ Ինձ թվում է՝ սա հենց թատրոնի զարգացման կարեւոր ուղերձներից է՝ հանդիսատեսը պետք է իմանա, որ իր համար աշխատել են եւ չեն խնայել։ Եվ այս մյուզիքլը դիտող հանդիսատեսը վստահ եմ՝ շատ գոհ պետք է լինի ու զարմացած։ Սրանից հետո արդեն Պարոնյանը պետք է ընկալվի նորովի՝ դինամիկ, հարուստ տեսարաններով, մեծ ներդրումներով եւ գունեղ։ Այս օրերին հանդիսատեսը տեսնելու է ոչ միայն շքեղ ներկայացում, այլ կարող եմ ասել՝ ականատես է լինելու Պարոնյան թատրոնի վերափոխմանն ու վերածնմանը։
«ՀԱՋՈՐԴ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՕՐԻԳԻՆԱԼ ԳՈՐԾ Է ԼԻՆԵԼՈՒ»
— Դուք նշեցիք, որ թատրոնը վերափոխման եւ զարգացման ուղու վրա է։ Հաջորդիվ շեշտը դնելու եք նման մասշտաբի նոր մյուզիքլների վրա՞, թե՞ այլ ուղղություններով եւս կլինեն նորություններ։
— Պարոնյան թատրոնը երաժշտական կոմեդիայի թատրոն է, բայց մենք ունենք երկու հարթակ։
Մեծ բեմում կներկայացնենք մյուզիքլներ եւ կոմեդիաներ։ Նաեւ ուզում եմ շեշտել, որ կոմեդիայի ոլորտում կոմերցիոն թատրոնները բավականին ակտիվ են։ Այս առումով մեր թատրոնի խաղացանկային քաղաքականությունը հիմա լուրջ մշակման փուլում է, որպեսզի լինելով պետական թատրոն՝ ճիշտ ներկայացնենք կոմեդիայի ժանրը, եւ միեւնույն ժամանակ կարողանանք մրցակցային լինել այդ կոմերցիոն դաշտում։
Իսկ փոքր բեմում ներկայացնում ենք նաեւ դրամատիկ բեմադրություններ։ Ունենք շատ սիրված ներկայացումներ՝ «Ծաղիկներ Էլջերնոնի համար», «Գիշատիչների խնջույքը»։ Նաեւ նոր ներկայացում ունենք՝ «Զուլալի»-ն, որը շատ սիրվել է եւ շատ ստացված է։ Այդ շարքը մենք շարունակելու ենք։
Ինչ վերաբերում է մյուզիքլներին, հիմա անդրադարձել ենք հայտնի «Լա Լա Լենդն է»-ին՝ նոր մեկնաբանությամբ։ Իսկ մեր հաջորդ մեծ նախագիծը հենց հայկական թեմայով նոր ու օրիգինալ ստեղծված գործ է լինելու, որը կունենանք եկող տարի։ Էլի բավականին մասշտաբային մեծ ներկայացում է լինելու։ Եվ, իհարկե, կունենանք արդեն այլ կոմեդիաներ ու մանկական երաժշտական ներկայացումներ։
— Հայկական թեմա ասելով՝ նկատի ունեք մեր ժամանակին համահունչ ինչ-որ ներկայացո՞ւմ է լինելու։
— Այն հատուկ մշակված նոր սցենար է, բայց մատուցման ձեւը լինելու է գերժամանակակից։ Եվ նոր տեխնիկայի ձեռքբերումը նաեւ պայմանավորված էր այդ հեռանկարով։ Մենք, բացի լուսաձայնային նոր տեխնիկայից, ունենալու ենք ութ շատ բարձր որակի պրոյեկտորներ, որպեսզի ամբողջ դահլիճով կարողանանք եռաչափ պատկերներ ստանալ։ Հիմա շատ չմանրամասնեմ, բայց իսկապես յուրահատուկ բան է սպասվում հանդիսատեսին եկող թատերաշրջանում։
«ՊԱՐՈՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼՎԻ՝ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ԴԻՆԱՄԻԿ, ՆՈՐԱՐԱՐ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԹԱՏՐՈՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»
— Իսկ «Նկարում ենք Լա Լա Լենդ» ներկայացման առաջնախաղից հետո, հաջորդիվ ի՞նչ է սպասվում այս թատերաշրջանում։
— Հաջորդիվ մենք արդեն կունենանք միջոցառում Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում։ Դեկտեմբերի 4-ին Սիմոն Աբգարյանի ստեղծագործություններից մեկի ընթերցումը կունենանք՝ հատուկ հյուրերի ներկայությամբ։ Հետո արդեն նախատեսում ենք մանկական երաժշտական ներկայացում, որը կլինի եկող տարվա սկզբին։
Պետք է անդրադառնանք Հակոբ Պարոնյանին․ Սերժ Ավետիքյանի հետ աշխատում ենք «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործության վրա։ Մեկ այլ պարոնյանական ստեղծագործության վերամշակման աշխատանքի մեջ ենք նաեւ։ Կունենանք հայտնի ֆրանսիական պիեսի վերամշակված եւ նոր մեկնաբանությամբ ներկայացում եւս։
— Թատրոնի վերափոխման եւ նորամուծությունների ճանապարհին, հանդիսատեսից ինչպիսի՞ արձագանքներ ունեք, ինչպե՞ս են ընկալում այս փոփոխությունները։
— Ճիշտն ասած, ինչպես նշեցի, հանդիսատեսն իր պատկերացումն ունի Պարոնյան թատրոնի մասին։ Նախ՝ դա այն ժառանգությունն է, որն ունենք, եւ այն ամպլուան, որ թատրոնը ստեղծել է վերջին տարիներին։ Այս առումով մեր հետեւորդների թիվը 300-400 անգամ աճել է՝ մարքեթինգի թիմի աշխատանքի շնորհիվ։ Բայց կարծում եմ՝ այստեղ դեռ անելիք ունենք։ Պետք է նաեւ աշխատել հանդիսատեսի հետ, որպեսզի նա աստիճանաբար սովորի Պարոնյան թատրոնը ընկալել որպես ժամանակակից, դինամիկ, նորարար եւ որակյալ թատրոնի խորհրդանիշ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk