Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ժամանման գոտու զուգարանում հոկտեմբերի 2-ին հայտնաբերվել է նորածին տղայի դին։ Երեխայի 30-ամյա մայրը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ավելի ուշ մահացել է։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Քննիչները զննել են դեպքի վայրը, հարցաքննել վկաներին և նշանակել դատական փորձաքննություններ՝ մահվան պատճառներն ու դեպքի մյուս հանգամանքները պարզելու համար։
Ռուսական «ՌԵՆ TV»-ի հաղորդմամբ՝ կինը «Շերեմետևո» էր ժամանել Անթալիայից՝ քաղաքացիական ամուսնու և դստեր հետ։ Օդանավակայանում նրա մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել, որից հետո նա գնացել է զուգարան, որտեղ ծննդաբերել է։
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, տարբեր տեղեկություններ են փոխանցում տեղի ունեցածի վերաբերյալ։ Մասնավորապես, «ՌԵՆ TV»-ն պնդում է, որ կինը երեխային վնասել է ծննդաբերությունից հետո, իսկ ինքը հիվանդանոցում մահացել է արյան մեծ կորստի հետևանքով։
Քննչական կոմիտեն դեռևս պաշտոնապես չի հայտնել երեխայի ծննդյան հանգամանքների, նորածնի մահվան և կնոջ մահվան պատճառների վերաբերյալ մանրամասներ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk