Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան
Ներքաղաքական44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին տեղի ունեցած Հանրային հեռուստատեսության «քեֆ-ուրախությանն» «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է շուրջ 10 տարի Հանրային Հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հեղինակ, վարող, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ։
— Տիկին Տոնոյան, որպես հերոսի մայր եւ որպես նախկինում Հ1-ում ավանդ ունեցող մարդ, ինչպե՞ս կորակեք Հանրայինի եթերում Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումը՝ ողջ ազգի համար սգո օրով:
— Դա ուղղակի, անբարոյականություն է եւ առհասարակ, անբարոյականություն է այն, ինչ այսօր կատարվում է։ Ուրիշ բառով չի կարելի նկարագրել։ Պատերազմի օրը համերգ դնել եւ պետական հեռուստաալիքով հեռարձակել, այն էլ այն ալիքով, որը մասնավոր չէ, այլ ֆինանսավորվում է ժողովրդի վճարած գումարներով, կրկնում եմ՝ անբարոյականություն է: Ես ուղղակի վախենում եմ այն բոլոր մարդկանց համար, ովքեր դա կազմակերպում են, որովհետեւ նրանք, անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում: Մեր տեսածը՝ պատվով տեսած եւ պատվով կորուստ է. իրենց տեսածը սարսափելի է լինելու: Թող իրենք հանկարծ չկասկածեն, այս դեպքում արդարությունը կարող է ուշանալ, բայց երբեք անհետ չի կորչում: Ի վերջո, գիշերը երբեւէ չի կարող հավերժ լինել։ Շուտով առավոտ կգա, եւ ես ուղղակի մտածում եմ՝ ինչպե՞ս իրենք իրենց զավակների համար չեն վախենում, ինչպե՞ս են իրենց զավակների ապագայի վրա թողնում այդքան սարսափելի մեծ բեռ։
— Չե՞ք կարծում, որ նույնիսկ ներողություն խնդրելուց հետո, միեւնույնն է՝ սա աններելի է։
— Ի՞նչ է նշանակում ներողություն խնդրել։ Տուն-տունիկ ենք խաղո՞ւմ, մուլտիկ ենք նկարո՞ւմ, ի՞նչ ենք անում։ Ես իմ առաջին դասարանի 5-6 տարեկան սաներին, թույլ չեմ տալիս ներողություն խնդրել։ Երբ ինչ-որ բան են կատարում, ասում եմ, որ դուք պատասխանատու եղեք ձեր քայլերի առջեւ: Այսինքն, նախապես մտածեք ձեր քայլերի մասին, որ հետո ստիպված չլինեք ներողություն խնդրել։ Ի՞նչ է նշանակում ներողություն խնդրել, դա վրիպակ է՞ր, ի՞նչ էր։ Ես առավել քան համոզված եմ, որ իրենք դա միտումնավոր են արել։
— Այսինքն՝ նմանատիպ մի բան էլ կարող է լինել, օրինակ, ապրիլի 24-ին, հետո էլի ներողություն խնդրեն, անցնի գնա։ Չե՞ք կարծում, որ պատասխանատուները առնվազն պետք է հեռացվեն աշխատանքից:
— Չկասկածեք, որ կլինի։ Ես մեծագույն ցավով եմ ասում. մեր հանրությունը, այլեւս ոչինչ չի պահանջում: Չեմ հասկանում առհասարակ հանրությունն ի՞նչ է մտածում, ինչպես է տեսնում իր ապագան: Հիմա մեր հանրության հետ վարվում են, ինչպես ցանկանում են։ Ես էլ այդ հանրության մասն եմ, եւ դա մեր վաստակածն է։ Այնպես որ, եթե դու թույլ ես տալիս, ապա քեզ հետ վարվում են, ինչպես ուզում են։ Մենք թույլ ենք տվել եւ վայելում ենք այն, ինչ ունենք այժմ։
—Ինչո՞ւ հասանք այսօրվան։ Այսի՞նչ անտարբերություն է, եւ ո՞րն է դրա պատճառը:
— Գիտեք, դա նորմալ բնական երեւույթ է: Երբ մի հանրության անընդհատ ստում են, անընդհատ ցավի մեջ են պահում եւ կերակրում սին հույսերով, այդ հանրությունը կորցնում է ընդհանրապես դիմադրելու ունակությունը: Որից հետո առաջանում է հիասթափություն, որն էլ իր հերթին բերում է անկարողության զգացողության, ինչով եւ ինքը շարունակում է գոյատեւել։ Բառիս բուն իմաստով, մենք հիմա գոյատեւում ենք, մենք չենք ապրում։ Մենք հիմա բոլորս ինչ-որ հրաշքի ենք սպասում կամ էլ մտածում. դե լավ, միեւնույնն է, ոչինչ չենք կարող անել։ Սա երկար տարիների թույլ հասարակություն դաստիարակելու արդյունքն է։ Սա վերջին 8 տարվա պտուղները չեն։ Այդ արմատները ավելի խորն են ու կրկին ցավոք: Մեծ ցավ է, երբ ազգային կրթություն չկերտեցին, երբ մեր կրթությունը եղավ ինչ-որ անհասկանալի կարկատանային կրթություն եւ ոչ թե հստակ սահմանված ազգային հասարակություն կերտելու կրթություն: Մենք հիմա վայելում ենք այդ կրթության արդյունքները: Ցանկացած հասարակություն կրթությամբ է ձեւավորվում։ Իսկ սա կարկատանային կրթության հետեւանքն է: Ու հիմա, եթե մեր հասարակության ընդհանուր պատկերը տանք, դա էլ է կարկատանային՝ տարբեր գույնի ու որակի խավեր կան այսօր հասարակության մեջ, եւ մի տեսակ շերտավորում կա, ինչպես կարկատած հագուստը: Ինչ ծրագիր ասեք, կրթական համակարգի վրա կիրառեցին, հետեւաբար, եւ ստացել ենք դրա հետեւանքը, զարմանալի ոչինչ չկա։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk