ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները
ՄիջազգայինԼուրը, որը նախօրեին եկավ նավթի համաշխարհային շուկաներից, իհարկե, ամենեւին էլ միայն նավթի մասին չէ: Առաջին հայացքից հուսադրող լուր է. տեւական ժամանակ նավթի համաշխարհային գները 100 դոլար/բարելից բարձր մակարդակի վրա էին, եւ ահա երեկ նվազեցին 96 դոլարի մակարդակ։ Բայց իրականում ամեն բան այդքան էլ լավ չէ: Հրաշք չի եղել. պարզապես Թրամփը կրկին դիմեց ԱՄՆ նավթի ռեզերվային պաշարներին՝ նավթի գները իջեցնելու համար։
Բայց սա լավ օրից չէ եւ լավ տեղ չի տանում: Հասանելի տվյալներով, ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարի աննախադեպ ցածր՝ 284 միլիոն բարելի կարգի էին: Մակարդակ, որը գրանցվել է միայն ԱՄՆ պաշարների ձեւավորման սկզբնական ժամանակահատվածում եւ դրանից հետո երբեք չի նկատվել։ Իսկ Թրամփն այդ ցածր պաշարներից եւս 40 միլիոն բարել հանում է վաճառքի:
Տնտեսական փորձագետները այս քայլը անվանեցին «ինքնասպանական», քանի որ դա կարող է հանգեցնել պաշարների անկման՝ դրանց արագ ազատման համար անհրաժեշտ մակարդակից ցածր, ինչը կարող է վնասել ԱՄՆ նավթի պահեստավորման բուն ենթակառուցվածքները։ Սա, իհարկե, բոլորից էլ լավ հասկանում է Թրամփը: Բայց իրողությունները նրան այլ քայլեր են պարտադրում. անգամ հետեւանքների մասին չմտածելով, շարունակել կրճատել նավթի ամերիկյան պահուստները: Թե ինչ իրողությունների մասին է խոսքը, երեւի անգամ կրկնելն իմաստ չունի. ԱՄՆ–ում նավթամթերքների եւ դրանով էլ, առհասարակ, գնաճի ծայրահեղ բարձր մակարդակ է, որը կարող է նոյեմբերի 3–ի ընտրություններին Թրամփի համար կործանարար դառնալ: Մնում է մի կերպ գոնե այս վիճակը պահել, որի համար պետք է երկու միջոց: Նախ, դեռ ինչ–որ մի պահ, ասենք մի 10 օրի չափ պետական պահուստները նետել շուկա: Երկրորդը, այդ ընթացքում լիովին սահմանափակել ԱՄՆ–ից նավթամթերքների արտահանումը` հասնելով ներքին ավելցուկի եւ գների անկման: Միայն թե սա էլ իր հետեւանքներն ունի. նման քայլը հարված է ԱՄՆ–ում ազատ առեւտրի սկզբունքներին: Եթե աշխարհում այդ ապրանքի գինը բարձր է, իսկ Թրամփը ամերիկյան արտադրողին պարտադրում է դրսում չվաճառել եւ ներսում շատ ավելի փոքր եկամուտով բավարարվել, ապա նման բաներ ամերիկյան խոշոր բիզնեսը սովորաբար չի ներում:
Սակայն խնդիրն այն է, որ եթե իրականում նման արգելափակման Թրամփը գնա, ապա դա բառացիորեն «պայթեցնելու» է Եվրոպան, որը ներկա պահին նավթամթերք հիմնականում ստանում է ԱՄՆ–ից: Թեեւ կարելի է կռահել, որ հիմնական տուժողն այս դեպքում եւս դառնալու է Ուկրաինան:
Թրամփն արդեն իսկ նման հող նախապատրաստում է` ուղիղ մեղադրանք հղելով Զելենսկուն, թե ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները բարձրանում են Կիեւի մեղքով. ուկրաինացիները հարվածում են Ռուսաստանի նավթավերամշակման համակարգին, եւ դա գների վրա ազդում է ավելի շատ, քան անգամ Մերձավոր Արեւելքի իրավիճակը, բացատրեց նա` ավելացնելով. «Եթե դա տեղի չունենար, մենք դիզելային վառելիքի խնդիր չէինք ունենա»։ Սրանով, իհարկե, երկու ուղղությամբ է փորձում հող նախապատրաստել: Նախ, որ Իրանի ուղղությամբ իր սեփական սխալների պատճառով չէ, որ այս վիճակն է, եւ ապա` ուկրաինացիներն են մեղավոր, պետք չէ նրանց պաշտպանել թեզերի հիմքով: Ինչքանով դա կազդի ամերիկյան ընտրողների վրա, իրենց վերաբերող հարց է: Բայց այն, որ այս կուրսը հավելյալ ու բավականին լուրջ ճնշում է գեներացնում Կիեւի ուղղությամբ, դա դժվար չէ տեսնել:
Իր հերթին, Մոսկվան եւս կտրուկ մեծացնում է Կիեւի ուղղությամբ ճնշումների դոզան: Այն է, գնալով ընդլայնվում են ոչ թե պարզապես ռուսական հարվածները, այլ վերջին օրերին նորից հիմնական թիրախ է դարձել էներգետիկան: Ընդ որում, խոցման տակ են ոչ միայն արտադրող կայանները, այլ նաեւ կարեւորագույն համակարգերից մեկը` էներգափոխանցման բարձրավոլտ ցանցը, որը մինչ այս հիմնականում անձեռնմխելի էր: Այսինքն, եթե մինչ այս Ուկրաինան դեռ կարողանում էր ատոմային էներգիայի եւ ներմուծումների հաշվին էլեկտրականության որոշակի մակարդակ ապահովել, ապա այս երկու կարեւոր ուղղությունները կարող են զրոյանալ, եթե փոխադրման համակարգը շարքից դուրս բերվի: Սրան էլ, եթե գումարվում են 24/7 ռեժիմի անցած «սովորական» հարվածները, ռազմաճակատային իրողություններն ու բազում այլ մեծ ու փոքր խնդիրները, ձմռան մոտենալը, ապա կարելի է պատկերացնել ճնշումային այն մակարդակը, որն այս պահին ստանում է Զելենսկին: Եվրոպացիների աճող ներքին խնդիրներն էլ իր հերթին են ահագնացող տեմպերով սկսել նվազեցնել Զելենսկուն օգնելու երբեմնի անվերապահ պատրաստակամության մակարդակը:
Իմաստն էլ կարելի է հասկանալ. Թրամփը փորձում է հոկտեմբերի ընթացքում Զելենսկիի ձեռքից բռնած տանել Պուտինի մոտ, եւ ներկա իրողությունները, իհարկե, հիմնականում ուղղված են այդ ճանապարհի խոչընդոտները մաքրելուն: Ու եթե հանկարծ ստացվի, ապա նոյեմբերի 3–ի շեմին Թրամփին կհաջողվի նկատելիորեն բարելավել ընտրությունների հետ կապված իր ներքին դիրքերը: Նման է, որ եթե չստացվի, կա նաեւ «Բ պլանը». երբ ԱՄՆ–ում ակտիվորեն հակաուկրաինական քարոզչական հող է նախապատրաստվում, թե տեսեք, Զելենսկու մեղքով է, որ ավտոմեքենա վարելու համար մեծ փողեր եք ծախսում, ապա այդ հիմքի վրա Թրամփը նաեւ հնարավորություն է ստանում` հայտարարել Մոսկվայի հետ սեպարատ պայմանավորվածությունների մասին, այդ թվում, ինչու ոչ, գոնե նախնական փուլում ամերիկյան ներքին շուկայի համար պայմանավորված` ոչ միջազգային գներով ռուսական նավթի մեծ քանակների ձեռքբերման տեսքով. ամեն դեպքում, նման մի շարք ազդակներ այս պահին տեսանելի են: Ու եթե հաջողվի հասնել ներքին գների քիչ թե շատ տեսանելի անկման դինամիկայի, ապա դրանով Թրամփը ընտրությունները փրկելու շանս է ստանում:
Այսպիսով, ինչպես եւ սպասում էինք, առավել քան թեժ հոկտեմբեր է սպասվում, եւ ներկա զարգացումները եւս հենց այդ մասին են խոսում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
