Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը
ՄիջազգայինԵրեւանում կայացավ «Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովը։ Ինչպես ընդգծեց ՌԴ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր ՎԱԼԵՆՏԻՆԱ ԿՈՄԼԵՎԱՆ, այս նախաձեռնության իմաստն այն էր, որպեսզի փորձագիտական համայնքը համախմբվի՝ քննարկելու այն լոգիստիկ փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում Հարավային Կովկասում։
— Լոգիստիկ փոփոխություններն ակնհայտ են եւ, ընդհանուր առմամբ, Եվրասիայի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական դինամիկայի արդյունքն են։ Հարավային Կովկասը բավական բարդ եւ որոշակիորեն պայմանական տարածք է, իսկ Հայաստանը մինչեւ որոշակի պահ ընկալվում էր որպես այդ լոգիստիկայի ծայրամասային գոտի։ Սակայն այսօր, մի շարք առաջարկների, այլընտրանքային եւ փոխլրացնող առաջարկների ի հայտ գալու պայմաններում, Հայաստանի վարկանիշն այս առումով էապես բարձրանում է եւ, բնականաբար, Հայաստանի իշխանությունը դիտարկում է իր լոգիստիկ ներուժի իրացման տարբեր տարբերակներ։
Միեւնույն ժամանակ, կա «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, եւ այն իսկապես լավ նախաձեռնություն է, եթե դրա շրջանակներում հավասարաչափ, հավասարակշռված, արդար եւ հավասար պայմաններով ներկայացված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, իրականացվեն առաջարկվող բոլոր երթուղիները։ Եվ եթե այն իսկապես արտացոլի երկրի տարածքում առկա իրական բազմավեկտորությունն, այլ ոչ թե շեղումը դեպի մեկ ուղղություն։
Եվ ահա Երեւանում այս հարցերը քննարկեցինք տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքագետների, պատմաբանների հետ, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացներ իր դիրքորոշումը․ որո՞նք են նման լոգիստիկ համագործակցության առավելությունները Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար, ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք դա, երբ առկա են լուրջ լարվածություն եւ հակամարտություններ ուժի տարբեր կենտրոնների միջեւ, որոնք իրենց շահերն ունեն Հայաստանում։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ արեւմտյան դերակատարների՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ այլոց մասին է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
