Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով
ՎերլուծությունՍեպտեմբերի 21-ին հերթական անգամ ամենակախյալներն օգտագործեցին «անկախություն» բառը։ Բարձրացվեցին դրոշներ, հնչեցին հանդիսավոր խոսքեր, պետբյուջեից ծախսեցին միլիոններ, որ իշխանության քիմքին հարմար երգիչ-երգիչուհիներն ապահովեն մարդկանց քանակ հրապարակում: Անձամբ Նիկոլ Փաշինյանն էլի խոսեց պետականության, ինքնիշխանության եւ մեր ապագայի մասին։ Բայց կա մի անհարմար հարց, որ այդ հանդիսավորության մեջ գնալով ավելի բարձր է հնչում՝ իսկ որքանո՞վ ենք մենք այսօր անկախ։
Վերջիվերջո, անկախությունը միայն դրոշը ծածանելն ու ճոռոմ ելույթները չեն: Անկախությունը նաեւ այն է, թե ով է որոշում քո երկրի ճակատագիրը, ով է վճարում այդ որոշումների գինը, եւ ով է ստանում դրանց արդյունքը։ Ու այս առումով մենք վաղուց անկախության տնազ ենք մնացել։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սա այդքան էլ չի հուզում, խորհրդարանին՝ եւս: Կարեւորը, որ գործադիրը հավանություն է տվել պետական պաշտոնյաների վարձատրության նոր համակարգին։ 2027 թվականի հունվարի 1-ից բարձրանալու են նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատական եւ իրավապահ համակարգի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Հրապարակված հաշվարկներով՝ վարչապետի եւ նախագահի աշխատավարձը կհասնի շուրջ 2.66 մլն դրամի, նախարարներինը՝ մոտ 2 մլն-ի, պատգամավորներինը՝ շուրջ 1.4-1.5 մլն դրամի: Դե ծափ տվեք, ժողովուրդ ջան:
Եվ այս ամենի համար պետբյուջեից պահանջվելու է տարեկան առնվազն 25 միլիարդ դրամի լրացուցիչ միջոց, իսկ այլ հաշվարկներով՝ շուրջ 30 միլիարդ դրամ։ Ո՞ւմ հաշվին, բնականաբար` «ժողովուրդ ջան»-ի: Մինչդեռ պաշտոնական ֆինանսական փաստաթղթերում կառավարության պարտքը 2026 թվականի վերջի համար կանխատեսվում է մոտ 15.15 միլիարդ դոլար։ Այսինքն՝ մի կողմից պարտք, մյուս կողմից՝ միլիոնանոց աշխատավարձեր։ Մի կողմից՝ սոցիալական խնդիրներ, մյուս կողմից՝ պաշտոնական եկամուտների նոր բարձրացում: Ինչ է լինելու իրենցից հետո, թեկուզ ջրհեղեղ…
Ասում են՝ պաշտոնյաների բարձր վարձատրությունը կարող է նաեւ ծառայել պետական համակարգում մասնագետներին պահելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակին։ Բայց այստեղ ուրիշ հարց կա`իսկ ինչո՞ւ հենց հիմա։
Երբ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում աղքատության ազգային մակարդակը 2024 թվականին կազմել է 21.7 տոկոս, պետության յուրաքանչյուր լրացուցիչ միլիարդի օգտագործումը սոցիալական առաջնահերթությունների համատեքստում բնականաբար դառնում է հանրային քննարկման առարկա։ Եվ այդ քննարկումը չի կարելի փակել «պաշտոնյան էլ մարդ է, նա էլ պիտի լավ ապրի» պարզունակ հակադարձմամբ։
Բա քաղաքացին մարդ չի՞: Այն քաղաքացին, որի եկամուտից հարկ եք պահում։ Այն ընտանիքը, որը վարձ է վճարում։ Այն մարդը, որը վարկ է մարում։ Այն ընտանիքը, որը դեռեւս բնակարանի, աշխատանքի կամ սոցիալական անվտանգության խնդիր ունի։ Պետական բյուջեն փողոցում գտած դրամապանակ չէ, որ ծախսես ու ասես` ջրի բերած, ջրի տարած:
Եվ այստեղ է առաջանում ամենակարեւոր քաղաքական հարցը՝ ինչո՞ւ պետական համակարգի վերին օղակների եկամուտների աճը պետք է լինի առաջնահերթություն այն պայմաններում, երբ սոցիալական խնդիրները դեռեւս այդքան մեծ են։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը մատուցվում է որպես պետական կառավարման համակարգի «նոր վարձատրության համակարգ»։ Մինչդեռ հասարակությունը տեսնում է նաեւ մյուս կողմը։
Տեսնում է, որ հերթական անգամ իշխանության ներսում գտնվողների եկամուտների հարցը լուծվում է բավական արագ, մինչդեռ շարքային քաղաքացու համար յուրաքանչյուր հազար դրամի հարցը երբեմն ամիսներով ու տարիներով չի լուծվում։ Եվ հենց այստեղ է ծնվում անարդարության զգացումը։ Անկախության օրով, փառատոններով, հազար ու մի տխմար միջոցառումներով զվարճանալն ու այս մասին լռելը նշանակում է անկախությունը շփոթել ախմախության հետ:
Իրական անկախությունը նաեւ այն է, երբ քաղաքացին զգում է, որ պետությունն իրենն է։ Երբ հարկատուն գիտի՝ իր վճարած դրամը գնում է ոչ թե միայն վերեւների բարեկեցության, այլ առաջին հերթին հանրային խնդիրների լուծմանը: Երբ պետության պարտքը պարզապես ապագա սերունդների ուսերին դրված թիվ չէ, որի պայմաններում այսօր կարելի է ավելի շատ ծախսել։ Երբ պետական պաշտոնը ոչ թե արտոնյալ սոցիալական կարգավիճակ է, այլ հանրային ծառայություն։ Հակառակ դեպքում ստացվում է բավական տարօրինակ պատկեր. երեկ տոն էինք նշում, այսօր քթներիցս է գալու` պարտքի, հարկի, տուրքի, թանկացումների միջոցով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
