Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին
Կառավարության անդամների՝ ԵՄ անդամ երկրներ արտահանումներ իրականացնելու մասին հայտարարությունները տնտեսագետ Գագիկ Մակարյանի պնդմամբ հայ արտահանողները չեն կարող անխոչընդոտ արտահանում իրականացնել դեպի Եվրոպա․
-Պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք այդպիսի հայտարարություններ են անում, իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու։ Բայց իրենք դա ասում են երկու պատճառով։ Առաջինը՝ իրենք չեն ուզում խորությամբ մտնել այդ հոգսի տակ, բեռը վերցնել իրենց վրա, այսինքն՝ խնդիրը հեշտացնում են, ասում են՝ եթե ընդամենը սերտիֆիկատ ունենանք, ԵՄ շուկայի դռները բաց են։ Ճիշտ է, Եվրոպան 80 տոկոսին տվել է զրոյական մաքսատուրք, բայց չի ասել՝ ես որակի հաշվին եմ դա անելու։ Դու պետք է բարձր որակի ապրանք տանես ԵՄ։ Իսկ համապատասխան որակը ստուգվում է երկու տարբերակով՝ ապրանքների լաբորատոր ստուգումներ եւ միջազգային սերտիֆիկատներ՝ կապված ապրանքի տեսակից։ Փոքր ընկերությունները չեն կարող դա անել։ Խոշորների դեպքում էլ սկզբում հայտարարեցին, թե GLOBALG.A.P. սերտիֆիկատ (Good Agricultural Practice) ունեն, բայց պարզվեց՝ դա այդպես չէ։ Դա բավականին թանկ ու բարդ սերտիֆիկացում է, եւ տրվում է մեկ տարով։ Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարության եւ որոշ պաշտոնյաների հայտարարությունները հուսադրող չեն, ուղղակի ներշնչելու նպատակ ունեն։ Քանի որ իրենք այդ մասշտաբի խնդիրները չեն կարող իրենց վրա վերցնել, քանի որ եւ ժամանակ ու ռեսուրս չկա, եւ պրոֆեսիոնալ կադրերին խնդիր ունեն, փորձում են հեշտացնել խնդիրը, ասում են՝ եթե ուզենաս, կանես, մենք խնդիրը լուծել ենք, Եվրոպան փող է տվել, որ սուբսիդավորենք։
Վերոնշյալ խնդիրների լուծման համար ինստիտուցիոնալ մոտեցումներ պետք է կիրառվեն։ Եթե ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան արտահանումները դժվարացել են, պետք է աշխատանք տանել ԵՄ, արաբական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ։ Բայց այս աշխատանքում շատ կարեւոր դեր ունի հայկական Սփյուռքը։ Հարկավոր է Սփյուռքի հետ հարաբերությունները վերականգնել։ Վերջին ժամանակահատվածում կոնֆլիկտներ եղան, եւ Սփյուռքը բավականին հիասթափված է։ Սփյուռքի հետ պետք է շատ լավ աշխատել, քանի որ մենք հզոր Սփյուռք ունենք ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, արաբական երկրներում՝ եւս։ Այդ Սփյուռքը նաեւ պոտենցիալ սպառող է, լոբբինգ կարող է անել։ Եվ Սփյուռքին շատ բան բացատրել պետք չէ, այն, որ ապրանքը հայկական է, ինքն արդեն հասկանում է էությունը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk