Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է
ՄիջազգայինՆյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շատ կարեւոր այս նստաշրջանի մեխը, իհարկե, ոչ թե բոլոր գեղեցիկ կամ սուր ելույթներն էին, տարաբնույթ հանդիպում–քննարկումները, այլ շատ ավելի պարզ մեկ պատկեր: Նկատի ունենք այն պահը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` կնոջ հետ միասին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ կնոջը դիմավորեց ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ՝ ԱՄՆ ժամանելու պահին։ Ամերիկյան արարողակարգերը նախատեսում են, որ Վաշինգտոնում նախագահը հյուրերին դիմավորի Սպիտակ տան մուտքի մոտ: Օդանավակայանում նման ընդունելություն կազմակերպվում է բացառիկ դեպքերում. վերջին անգամ նման դիմավորության Բարաք Օբաման էր արժանացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին` 11 տարի առաջ, դրան նախորդող նման դիմավորումն էլ 1962 թվականին էր եղել: Ու Սիի այցը եւս դարձավ նման բացառիկ առիթ:
Ընդունելությունը, իհարկե, ճոխ է` պատվո պահակախումբ, ավիացիոն թռիչքներ, 30 մետրանոց կարմիր գորգով եւ նման բաներ։ Վերջին անգամ նման ընդունելություն Թրամփը կազմակերպել էր Պուտինի համար` անցած տարի Ալյասկայի հանդիպման ժամանակ: Եվ սա, իհարկե, կարեւոր ցուցիչ է. Թրամփն այսկերպ եւս մեկ անգամ ի ցույց դրեց, թե աշխարհում ում կարող է նման ընդունելության արժանացնել` ընդամենը երկու հոգու:
Սակայն սա դեռ չի նշանակում, որ այդ երկու առաջնորդների` Սիի եւ Պուտինի հետ Թրամփի հարաբերությունները «հալած յուղի» տրամաբանությամբ են զարգանում: Պուտինի հետ Ալյասկայում ձեռքբերված պայմանավորվածությունները մնում են չիրականացված: Իսկ թե Սիի հետ ինչ է պայմանավորվել, իհարկե, ժամանակը ցույց կտա:
Բայց միայն մեկ արտահայտություն, որը Չինաստանի առաջնորդը հնչեցրեց դեռ մինչ ԱՄՆ հասնելը: Այսպես, այցի առիթով Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալության կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ Սին հայտարարել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն «մեծ երկրներ են, իսկ նրանց ժողովուրդները՝ մեծ ազգեր»։ Եվ, ամենակարեւորը` «Երկու երկրները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»: Այս հայտարարության առանցը, իհարկե, «գործընկերներ» տերմինն է: «Գործընկերները» լինում են հավասար, աշխատում են փոխադարձ շահերից ելնելով: Եվ երբ նախագահ Սին Թրամփին «գործընկերություն» է առաջարկում, ապա այստեղից պարզ հարց է ծագում` իսկ ո՞ւր է մնում ԱՄՆ–ի հեգեմոնիան:
Մյուս կողմից, քանիցս Սին եւ Պուտինը եւս իրար «գործընկերներ» են անվանել, այդ բառի հավասարության իմաստով հանդերձ: Ու հիմա, երբ նախագահ Սին նաեւ Թրամփին է «գործընկերություն» առաջարկում, սրանից արդեն «Պոտսդամ 2»–ի հոտ չի՞ փչում: Այսինքն, նման է, որ իրականում հենց այս առաջարկով է Չինաստանի առաջնորդը ժամանել ԱՄՆ` հավասարության հիմքով պայմանավորվածություններ եռյակի ձեւաչափով: Իսկ թե այս ֆոնին ինչ կարող են պայմանավորվել զուտ չին–ամերիկյան հարաբերությունների մասով, ասենք նաեւ մնացած բոլոր գլոբալ թեմաները, դրանք արդեն պետք է տեղավորվեն «եռյակ գործընկերության» հիմնական ձեւաչափի տակ:
Ընդ որում, այստեղ նոր բան չկար: Մոտավորապես նույն գաղափարն էր պտտվում նաեւ Թրամփի եւ Սիի անցած տարվա գագաթաժողովի առանցքում, եւ այդ ժամանակ Թրամփը մնաց հեգեմոնի դիրքերում: Այս մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել, թեկուզեւ միայն հաշվի առնելով իրանական թեման, եւ այն նոր իրողությունները, որոնք Թրամփն ունի սեփական դաշնակիցների հետ եւ ներամերիկյան հարթակում: Փորձագետներն էլ վստահ են, որ երկու առաջնորդների այս հերթական հանդիպումն անցնում է Սիի դիրքերի ամրացման եւ Թրամփի` դիրքային էական անկումների ֆոնին: Ըստ այդմ էլ` նորից օրակարգում է միաբեւեռ, ամերիկյան հեգեմոնիայով աշխարհից առնվազն եռաբեւեռի անցնելու սխեման:
Ընդ որում, ԱՄՆ–ն այս օրերին նաեւ ակնարկեց, որ Նահանգներում կայանալիք «Մեծ քսանյակի» հանդիպմանը պաշտոնապես հրավիրված է նաեւ Ռուսաստանը, այն է` հնարավոր է Պուտինի անձնական այցը: Ավելին, այդ միջոցառմանը չբացառենք նաեւ Սիի նոր այցն ԱՄՆ, եւ եթե նման դեռ քիչ հավանական թվացող իրադարձությունը հնարավոր դառնա, ապա ԱՄՆ–Չինաստան—Ռուսաստան ձեւաչափով «Պոտսդամ 2»–ը կդառնա երաշխավորված:
Եվ, ըստ ամենայնի, հենց այդ հարցն է, որ լուծվելու է Թրամփի եւ Սիի այս բանակցություններում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk