Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին
ՄիջազգայինՆիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու կապակցությամբ, ինչպես եւ սպասվում էր, առանձնապես արդյունքներ չտվեց: Չէ, խոսքը Հայաստանի համար ակնկալվող արդյունքների մասին չէ, այլ` անձամբ Նիկոլի:
ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԲԱՆ ՉՏՎԵՑԻՆ
Մի քանի հանդիպումներ, իհարկե, եղան: Հունաստանի, Ֆինլանդիայի, Ռումինիայի ղեկավարների եւ այլոց հետ հանդիպումները կարելի է համարել «պտիչկայի համար»: ԱՄՆ հայազգի գործարարների հետ հանդիպումը, իհարկե, կարելի է դրական համարել: Բայց դա էլ այն դեպքում, եթե վերածվի կոնկրետ արդյունքների` ներդրումների եւ աշխատատեղերի տեսքով: Եվ այն դեպքում, երբ հայաստանյան իշխանությունները ոստիկանական մեթոդներով գործարարներից ունեցվածք են խլում, հազիվ թե որեւէ մեկը, լինի ամերիկահայ, թե` ռուսահայ, ցանկանա նման պետության հետ գործ բռնել:
Եղան նաեւ կարեւոր հանդիպումներ, բայց սրանք էլ, թերեւս, նաեւ նիկոլյան թիմին առանձնապես չեն հուսադրում: Այդ թվում, իհարկե, հետաքրքիր էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Փաշինյանի հանդիպումը: Խոսեցին Հայաստան-Իրան «հաջող համագործակցությունից», «համատեղ ծրագրերից», «երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններից եւ դրանց ընդլայնմանը միտված քայլերից», տարածաշրջանում խաղաղությունից եւ կայունությունից, եւ այդպես շարունակ: Միայն թե այստեղ մի շարք էական նյուանսներ կան: Եվ առաջնայինը այն դիրքերն են, որոնք ներկայումս Փեզեշքիանն ունի իր իսկ ղեկավարած երկրում: Այսինքն, Իրանում ռեֆորմիստական, հայաստանյան տերմինով` արեւմտամոլական թեւի ներկայացուցչի համարում ունեցող Փեզեշքիանի դիրքերը, մեղմ ասած, ներկա պահին բարձրակետից հեռու են: Նախ, ծանր հարված եղավ, երբ Թրամփի հետ պայմանագիր ստորագրեց, որն ԱՄՆ–ն չհապաղեց խախտել: Հետեւեցին Իրանի ազգայնական թեւից հարվածները, եւ անգամ խոսակցություններ եղան, որ Գերագույն առաջնորդը համաձայնվել է ընդունել Փեզեշքիանի հրաժարականը: Վերջապես, մի քանի առանցքային պաշտոններից հանեցին նրա թիմակիցներին` առաջ քաշելով ազգայնական ուժի թեկնածուներին: Ընդհուպ այնպիսի առանցքային պաշտոնից, ինչպիսին է Իրանի Գերագույն անվտանգության խորհրդի ղեկավարը: Ահա, ունենալով նման դիրքեր, թե հիմա Փեզեշքիանն ինչ կարող է պայմանավորվել Փաշինյանի հետ, թերեւս դա արդեն կարեւորություն չի ներկայացնում: Առանցքային է հետեւյալը. Գերագույն առաջնորդի թիմից շարունակում են գալ նույն ազդակները` «Թրամփի ուղին», որը փաշինյանական կուրսի առանցքն է, համարում են Իրանի անվտանգության համար վտանգ, եւ այդ ծրագրի շարունակման դեպքում կգնան բոլոր քայլերին: Հենց այս մոտեցումը մեղմելն է, որ Փեզեշքիանը գոնե ներկա դիրքերից ելնելով չի կարող: Այսինքն, նրա հետ առանձնապես խոսելու բան էլ չկար:
Մոտավորապես նույն տրամաբանության մեջ էր Էրդողանի հետ Նիկոլի հանդիպումը: Ճիշտ է, այս անգամ յոլա գնացին առանց Էրդողանի գիրքը Նիկոլի ձեռքը տալու, բայց դա էլ բան չի փոխում: Այն իմաստով, որ դատելով պաշտոնական լրատվությունից, խոսել են նույն բաների մասին, ինչի մասին արդեն մի հազար անգամ խոսվել է: Այն է` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը»: Այդ շրջանակներում նորից կարեւորվել է «կարգավորման գործընթացն առաջմղելը», «հարաբերություններին նոր ազդակ հաղորդելը», վերջապես` «Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման» չարչարկված հարցը: Միայն թե էլի պտտվում–պտտվում եւ վերադառնում են նույն բանին` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման փաստին», որը կարող է լինել «խաղաղության պայմանագիր» ստորագրելու տեսքով: Իսկ այդ պայմանագիրը չկա, քանի դեռ Նիկոլը Սահմանադրությունը փոխելու հանրաքվե չի արել: Ու թե երբ կանի, երեւի ինքն էլ չի պատկերացնում: Արդյունքում, Էրդողանի հետ գործերը մեռյալ կետից այդպես էլ չեն շարժվում:
Չնայած, իրողությունն էլ է հայտնի: Էրդողանը հասկանում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի թեման լուծվում է ոչ թե Նիկոլի հետ ինչ–որ բաներ խոսելով, այլ` ռուս–արեւմտյան հակամարտության դաշտում, որն էլ իր հերթին է վերածվել երկու բաղադրիչի` ռուսների հարաբերություններին ԱՄՆ–ի եւ Եվրոպայի հետ: Ու միայն այստեղ, իսկ տեղայնացված իմաստով` ուկրաինական խաղատախտակին լուծումներից հետո է, որ այդ լուծումների տրամաբանությունը կհասնի նաեւ Հարավային Կովկաս: Արդյունքում, Հայաստանի հետ սահմանը մնում է փակ:
ՄՈՍԿՎԱՆ ՀԱՍՏԱՏ «ԲԼԵՖ» ՉԻ ԱՆՈՒՄ
Վերջապես, Փաշինյանի առանցքային հանդիպումներից մեկը, իհարկե, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի զրույցն էր: Հենց այստեղ է, որ Նիկոլը գոնե իր համար պետք է ստանար մեկ կարեւորագույն հարցի պատասխան` կարո՞ղ է Եվրոպայի վրա իրական հույսեր դնել, եթե գնա Մոսկվայի հետ հարաբերությունների լիակատար խզման: Ասենք, նույն խնդիր կա նաեւ ԱՄՆ–ի հետ կապված` ի՞նչ իրական սպասելիքներ կարող է ունենալ Վաշինգտոնից: Ամերիկյան պաշտոնյաների հետ ինչ–որ տեսանելի հանդիպում չեղավ, եւ դա հուշում է, որ Վաշինգտոնն ասելու բան այս պահին չունի: Մնում էր տիկին Ուրսուլայի հետ կապված սպասելիքները ստուգելը:
Այսպես, պաշտոնական լրատվությունը Փաշինյանի եւ ֆոն դեր Լայենի հանդիպման հետ կապված եւս «ստանդար» նկարագրություն է ներկայացնում` Հայաստան-ԵՄ համագործակցություն, դեպի Եվրոպա հայաստանյան տնտեսության դիվերսիֆիկացում, եվրոպական ֆինանսավորման հեռանկարներ, շուկան բացել հայաստանյան ապրանքների վրա եւ այլն: Շուկան բացել պառավ Ուրսուլան դեռ ամիսներ առֆաջ էր խոստանում, ու մինչեւ հիմա եվրոպացիները դեռ միայն խոստանում են: Բայց անգամ եթե ինչ-որ բան ուզենան անել, մեկ է, ոչ թե ցանկությունները, այլ սովորական աշխարհագրությունն է, որ ժամանակին այս բոլոր հարցերի պատասխանները տվել է եւ շարունակում է տալ: Այն է` լոգիստիկ ծախսերը հայաստանյան ապրանքների մրցունակությունը Եվրոպայում էապես նվազեցնում են: Գումարած, հայաստանյան ապրանքներն իրենց ներկայիս առեւտրային որակով չեն կարող մասշտաբային մուտք ունենալ Եվրոպա: Իսկ որակի կտրուկ բարձրացման համար հսկայական ներդրումներ են պետք: Երկարաժամկետ կտրվածքով միգուցե հնարավոր լինի որոշակի տեղաշարժերի հասնել: Բայց այս պահին դա հնարավոր չէ:
Սակայն կա նաեւ մեդալի հակառակ երեսը: Նախ, քիչ չեն խոսակցությունները, որ ռուսական գազի մուտքը Հայաստան մոտ ժամանակներս կարող է պարզապես դադարեցվել: Միգուցե հայաստանյան հանրությանը դա դեռ քիչ հնարավոր է թվում, սակայն կան խոսակցություններ, որ նիկոլյան իշխանությունները նման հեռանկարի մասին հստակ մեսիջներ արդեն ստացել են: Ու խոսքը ոչ թե միայն գազի, այլ ռազմավարական մի շարք այլ ապրանքատեսակների մասին է` ցորեն, այլ սննդատեսակներ, վառելիք: Դրան կավելանան «խոպանչիների» զանգվածային դեպորտները, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան: Ապա նաեւ մասնավոր տրանսֆերների լիակատար արգելափակումը: Եվ այդպես շարունակ, հարվածային ուղղությունները շատ–շատ են: Այսինքն, եթե նիկոլյան թիմը ներկա դինամիկան պահի, ապա ձմռան շեմին այդ բոլոր մտավախությունները կարող են դառնալ տխուր իրողություն:
Այդպիսով, «Եվրոպան կօգնի», ԱՄՆ–ն «Թրամփի ուղի» կկառուցի եւ նման այլ շքեղ գաղափարները հասնում են «գետնի վրա» պարզ իրողությունների: Այդ թվում. եթե անգամ Եվրոպան շատ փող տա, ապա դա չի կարող ձմռանը գազի վերածվել: Իսկ խոսակցությունները, թե Իրանից կբերենք, Ադրբեջանից կբերենք, բոլորից էլ լավ հենց հայաստանյան իշխանավորներն են հասնակում, որ հեքիաթների դաշտում են:
Նիկոլյան իշխանավորները, ըստ մեր տվյալների, վստահ են նաեւ մեկ բանում` Մոսկվան այս անգամ «բլեֆ» չի անում: Այսինքն, կա՛մ պետք է Հայաստանում անցկացնել հանրաքվե` դեպի ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով եւ երկրի քաղաքական կուրսը ֆիքսել հենց բարձրագույն օրենսդրական տեսքով` իշխանական հետագա խաղերը չեզոքացնելու համար: Կա՛մ այդ բոլոր վատթարագույն մտավախությունները կվերածվեն մեզ համար ոչ թե տխուր, այլ` ողբերգական իրականության: Մեկ այլ միջանկյալ տարբերակ է, որ Փաշինյանը կարողանա առաջիկա մոսկովյան հնարավոր այցի ժամանակ տալ այնպիսի երաշխիքներ, որը Կրեմլը կհամարի բավարար եւ կփոխի կուրսը:
Հակառակ դեպքում, կրկնում ենք, հեռանկարները լինելու են ողբերգական: Ընդ որում, Նիկոլի համար վատագույնն այն է, որ այս ամենը չի կարող առանց սոցիալական պայթյունի վերջանալ: Փաստացի, հնարավոր է այն վիճակը, որն ունեինք 1991–94թթ.–ին: Միայն թե այն ժամանակ մի փոքր օգնեց այն պոտենցիալը, որը հանրությունը ստացել էր ԽՍՀՄ–ից, իսկ հիմա անգամ դա չկա: Պատկերավոր ասած, չափազանց ռեալ է դարձել, այսպես ասենք, «սոված մարդկանց ապստամբության» վտանգը, որի դեպքում հետեւանքներն ահավոր են լինելու բոլորի համար, այդ թվում` իշխանավորների:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ինչ կարելի է անել այս իրավիճակում: Հենց այդ հարցի պատասխանն էր, որ Նիկոլը պետք է ստանար Նյու Յորքում` ամերիկացիներից եւ եվրոպացիներից: Ամերիկացիները ոչինչ չասացին: Եվրոպացիները ոչ մի ռեալ բան չասացին:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ ռուսական լրատվամիջոցների հետ սկսեց խոսել, թե` «Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները, խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», իհարկե, կարելի է նաեւ սովորական պոպուլիստական հայտարարություններից մեկը համարել: Բայց դա եւս, խոշոր հաշվով, բան չի փոխում: Նիկոլը պարզապես պետք է կարողանա Պուտինին համոզել, ավելի ճիշտ` հիմնավորել, որ ոչ թե Արեւմուտք է թեքվում, այլ մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Եթե չկարողանա կամ չցանկանա, ապա հետեւանքները կտեսնենք առաջիկա երկու–երեք ամիսներին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk