Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է
ՀանդիպումՎերջերս ադրբեջանական իշխանությունները փորձ արեցին հայկական ձեռագրերի՝ դատարկ էջերով թանգարանային կրկնօրինակները ներկայացնել որպես Գանձասարի պատմության կեղծման «ապացույց»։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին ցուցադրում էր Գանձասարում մնացած կրկնօրինակները՝ շեշտադրում անելով չլրացված էջերի վրա։ Նա բացահայտ ծաղրում էր տեսածը՝ դա մատուցելով որպես «անհերքելի ապացույց» առ այն, որ հայերն իբր աղավաղել են այդ վանքի իսկական անցյալը։
Դրանից հետո Բաքուն նոր մեղադրանքներ է առաջ քաշում՝ պնդելով, թե հայկական կողմը Դադիվանքից Հայաստան է տեղափոխել որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։ Ադրբեջանի Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմից հետո հայերը թալանել են վանական համալիրը՝ հափշտակելով խաչեր, զանգեր և կահավորանքի այլ տարրեր, ինչպես նաև պատերից կտրել ու դուրս են բերել Դադիվանքի եզակի որմնանկարները։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը անդրադառնալով մեղադրանքներին փաստում է.
-
Դադիվանքից որմնանկարների, սրբապատկերների, խաչերի և մշակութային արժեքների դուրսբերումն ամենևին էլ քրեական հանցագործություն չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել առանցքային հարցը՝ ում են պատկանում Արցախի քրիստոնեական գանձերը։ Ադրբեջանը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական իրավունք ինչպես Արցախի տարածքի, այնպես էլ, բնականաբար, նրա պատմամշակութային ժառանգության նկատմամբ։
Եկեղեցական գրքերն ու սրբազան առարկաները պատկանում են Դադիվանքի վանական համալիրին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին։ Արցախի տարածքի ժամանակավոր անցումը Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ ինքնին վանքի խաչը կամ Արցախի մյուս մշակութային ժառանգությունը չի դարձնում այդ պետության սեփականությունը։ Եթե պատերազմի և արցախցիների բռնի տեղահանման սպառնալիքի առջև հայ եկեղեցուն պատկանող գրքերը, որմնանկարներն ու խաչերը դուրս են բերվել դրանց փրկության համար, նման դուրսբերումը չի կարելի անվանել գողություն:
Ադրբեջանը փորձում է ողջ աշխարհին ներկայանալ որպես մշակութային ժառանգության պահապան։ Սակայն իրականում Բաքուն փոքր-ինչ անգամ առնչություն չունի ոչ քրիստոնեական, ոչ էլ իսլամական քաղաքակրթության հետ։ Նրանք նպատակադրված ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։ Հանձինս ադրբեջանական կառավարության քաղաքականության՝ մենք գործ ունենք քաղաքակրթության իսկական թշնամու հետ։
Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է։ Հուշարձանների վնասման և յուրացման նման պրակտիկան ամրապնդված է բազմաթիվ փաստագրված վկայություններով, ինչի մասին վկայում են Նախիջևանի, Արցախի, Հյուսիսային Արցախի և բազմաթիվ այլ օրինակներ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk