Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցով
ՄիջազգայինԱյսպիսով, շատ հնարավոր է դարձել, որ Ռուսաստանում ի հայտ կգա արեւմտյան ազդեցությունից հնարավորինս հեռացած նոր կառավարման համակարգ եւ քաղաքական էլիտա: Ավելի կոնկրետ, արդեն այս պահին շատ փորձագետներ են ոչ միայն դրա հավանականությունը շատ բարձր գնահատում, այլ նաեւ հաշվարկում են այն հետեւանքները, որ նման տեղաշարժը կարող է առաջացնել:
Առաջին հնարավոր հետեւանքներից մեկն է համարվում ԱՊՀ ուղղությամբ ռուսական քաղաքական կուրսի տեկտոնիկ նշանակության փոփոխությունը: Ասենք, նման ազդակներ մինչ ընտրություններն էլ կային, թեկուզեւ նկատի ունենալով կուրսի այն կոշտացումը, որը Մոսկվան ունի մասնավորապես Հայաստանի ուղղությամբ: Հայաստանին դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք` առաջնային գործոնը, իհարկե, Մոսկվայի համար մնում է Արեւմուտքի հետ հարաբերությունների նոր մեխանիզմների, մոտեցումների ձեւավորումը: Այս ուղղությամբ եւս վերջին փուլում մի շարք կոնկրետություններ տեսանելի են դարձել: Սակայն հետընտրական փուլում դրանք շատ ավելի ընդգծված են լինելու:
Այսպես, Ռուսաստանի վրա ազդելու վերջին հիմնական փորձը` ներքին հեղաշրջման հասնելը, ներկա պահին լիակատար ձախողման տեսք ունի: Այս մոդելի ուղղությամբ մասնավորապես Եվրոպան աշխատում էր դեռ անցած տարվանից սկսած: Այն է` նախ հասնել ՌԴ–ԱՄՆ Ալյասկայի պայմանավորվածությունների վերջնական ձախողման, դրա ֆոնին ժամանակ ձգել` փորձելով փոխել Ուկրաինայի ռազմական դրությունը: Այդ թվում` Արեւմուտքում ռազմական արտադրությունները (առաջնային` անօդաչուների) ուկրաինացիների հետ համատեղության անվան տակ զարգացնելով եւ Կիեւին հնարավորինս մեծ պաշարներ տրամադրելով: Ապա Ռուսաստանի խորքերին հարվածներով եւ դրանցից քարոզչական շոուներ սարքելով, իրավիճակը հասցնել կրիտիկական մակարդակի: Ու հիմա, երբ մեխանիզմը ձախողված է, Եվրոպայի, ասենք նաեւ ԱՄՆ–ի առաջ «ինչ անել» գլխավոր հարցն է:
Ավելի ճիշտ, կա երեք տարբերակ: Նախ, պահպանել էսկալացիոն ներկա մակարդակը: Սակայն այս տարբերակը մի շարք հեղինակավոր աղբյուրներ գնահատում են ամենաթույլը: Նախ, դրա ոչ միայն էֆեկտիվությունն է ցածր, այլ նաեւ ռուսները ոչ միայն արդեն ադապտացվել են այդ վիճակին, այլ անցել են պատասխան հարձակման: Արդյունքում, Ուկրաինայի վիիճակը բառացիորեն ողբերգական է, ընդ որում, ոչ միայն ճակատային գծում, այլ` թիկունքում: Ոչնչացվում են արտադրական, լոգիստիկ, պահեստային, էներգետիկ համակարգերը, գործնականում փակ է ծովային ելքը, արդեն հարվածներ են հասցնում Եվրոպայի հետ Ուկրաինայի ցամաքային կապուղիներին, այդ թվում` դեպի Լեհաստան անցակետերին: Հարվածներ են հասցնում նաեւ բուն Ուկրաինայում արեւմտյան պատկանելիության օբյեկտներին, անգամ ամերիկյան ամենահեղինակավոր բրենդներին պատկանող: Վերջապես, դիվերսիոն հարվածներից զերծ չեն նաեւ հենց արեւմտյան երկրներում զինգործարանները, եւ դա կարող է էլ ավելի մասշտաբային դառնալ: Իսկ ձմռանն այս իրողությունները կարող են այնպիսի խորը ճգնաժամեր առաջացնել Ուկրաինայում, այդ թվում` արդեն դժգոհության ծանր նշաններ ցուցաբերող բանակում, որ դժվար է ասել, թե ռուսները մինչեւ ուր կկարողանան հասնել: Կարճ ասած, ներկա մակարդակի պահպանումն Արեւմուտքի համար դեպի երաշխավորված պարտություն տանող ուղղություն է:
Հաջորդը էսկալացիայի մակարդակի ավելացումն է: Սակայն այստեղ խնդիրները շատ ավելի լուրջ են: Մոսկվան արդեն իսկ արեւմտյան մի շարք առանցքային երկրների ուղիղ մեղադրանք է ներկայացնում` մասնակցում եք Ռուսաստանի դեմ պատերազմին: Էսկալացիայի ավելի բարձր մակարդակի դեպքում այդ մեղադրանքները ոչ միայն կսրվեն, այլ կարող է բանը հասնել ռուսական ուղիղ հարվածներին Ուկրաինայի օգտին աշխատող արեւմտյան ձեռնարկություններին: Պատասխանը կնշանակի Երրորդ աշխարհամարտ: Ու դրա հավանականությունը շատ ավելի մեծ է դառնում, եթե Ռուսաստանին արեւմտամետ ուժերն էլ ավելի կորցնեն իրենց ներկայիս առանց այդ էլ թուլացած դիրքերը: Ընդ որում, պետք չէ մատների արանքով նայել Լավրովի այն վերջին լիովին պարզ հայտարարությանը, որ Եվրոպայի հետ պատերազմը շատ կարճ է տեւելու: Պատերազմն իսկապես այլ կլինի, քանի որ կողմերից ոչ մեկը չունի մյուսին նվաճելու չնչին հնարավորություն։ Սա նշանակում է, որ արագ կօգտագործվեն ամենավերջին զենքերը։ Կարճ ասած, որ Մոսկվան ամենեւին էլ չի պատրաստվում Եվրոպայի հետ մտնել սովորական սպառազինությունով պատերազմի մեջ, եւ բոլոր հարցերը կլուծի միջուկային զենքը:
Կարելի է նաեւ չպատասխանել կոնկրետ օբյեկտների հասցված ռուսական հարվածներին` բավարարվելով քարոզչական շոուով: Բայց մի կողմից, ներեվրոպական քաղաքական մթնոլորտն այն մակարդակի վրա է, որ նման կուրսը կարող է պարզապես ջնջել գլոբալիստական իշխանավորներին: Հաջորդը, կա նաեւ խորացող էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամը, որը միայն կարագացնի այդ «ջնջումը»: Մի խոսքով, թեեւ էսկալացիոն մակարդակն ավելացնելու կողմնակիցների պակաս Եվրոպայում չկա, սակայն արդեն անգամ այդ շրջանակներում է սկսել տեսանելի դառնալ «ինքնապահպանման բնազդ» հասկացությունը:
Սակայն այս դեպքում էլ պետք է գոնե պահպանել էսկալացիոն ներկա մակարդակը, որը, կրկնենք, արդյունավետությամբ չի փայլում: Ընդ որում, արդեն իսկ Ուկրաինայի դիրքերն էապես թուլացել են, եւ անգամ էսկալացիոն ներկա մակարդակը կարող է վերածվել արագ պարտության: Առավել եւս, որ հենց Մոսկվան կարող է գնալ էսկալացիայի ավելացման` նորից եվրագլոբալիստներին կանգնեցնելով ծանր որոշումների հեռանկարի առաջ:
Վերջապես, մնում է բանակցելու տարբերակը: Մոսկվան, իհարկե, կգնա դրան, բայց որոշ հիմնական պայմաններով: Նախ, արդեն իսկ հստակ ֆիքսել է, որ բանակցությունների ժամանակ չի նվազեցնելու իր ներկա ակտիվությունը: Այսինքն, թույլ չի տա, որ բանակցությունները դառնան ժամանակ ձգելու միջոց: Եվ երկրորդը, որ կբանակցի բացառապես իր հիմնական պահանջների կատարման շուրջ, այն է` հաղթողի դիրքերից: ԱՄՆ–ն, նման է, որ փորձում է ադապտացվել այդ իրողություններին, եւ արդեն կան ակնարկներ հիմնական բանակցողին փոխելու, այն է` ավելի բարձր մակարդակի անցնելու մասին: Եվրոպայում դեռ այդ տիպի բանակցությունների դեմ լուրջ հակազդեցություն կա, թեեւ ռուսական այս ընտրություններից հետո անգամ այդ թեւը պետք է գոնե իր համար գտնի, թե ինչ է անելու:
Մի խոսքով, շատ նման է, որ ռուսական ընտրությունները դառնում են այն մեկնարկային կետը, որին անցնելով, բոլոր կողմերը պետք է փաստացի իրողություններից ելնելով, գտնեն հետագա քայլերի մասին հարցի պատասխանը: Եվ դա, անկախ` ինչ կորոշեն, դառնալու է շրջադարձային կետ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72314
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk