ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին
ՎերլուծությունՔաղաքականության մեջ երբեմն ամենահետաքրքիր պատմությունները սկսվում են ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ներսից։ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցն այդպիսի դեպք է։ Մի քանի կոշտ հայտարարություն, վարչապետի արձագանքը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հակահարվածը, կուսակցական քննարկումները, իսկ հետո՝ Սարգսյանի հայտնվելը ՔՊ-ական հավաքում։
Արտաքուստ՝ սովորական ներկուսակցական ինտրիգ, իսկ իրականում՝ իշխանական համակարգի ներսում կուտակված հակասությունների հերթական հրապարակային արտահոսք։
Սարգսյանը հայտարարել է, որ ՔՊ-ում իրեն մեկուսացրել են այն բանից հետո, երբ բարձրաձայնել է հովանավորչության եւ այլ խնդիրների մասին։ Նիկոլ Փաշինյանն այդ դիրքորոշումը որակել է որպես «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսեւորումներից մեկը» եւ պնդել, որ հենց Սարգսյանն է փորձել իշխանական լծակներն օգտագործել արտոնյալ վերաբերմունք ստանալու համար։
Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել եւ ասել, որ դրա արդյունքում «մարդ պետք է հայտնվի բանտում»։
Այսպիսով, խոսքն արդեն ոչ միայն քաղաքական տարաձայնության, այլեւ փոխադարձ ծանր մեղադրանքների մասին է։ Եվ այստեղ առաջանում է պարզ հարց․ եթե հնչած պնդումներից որեւէ մեկը համապատասխանում է իրականությանը, ինչո՞ւ մինչեւ հիմա իրավապահները չեն իրականացրել մասկի-շոու եւ կողմերից մեկին «փռել պոլին»։ Առ այս պահը, համենայնդեպս, միայն ՔՊ-ի կեղտոտ սավանն է, որ թե՛ Հայկ Սարգսյանը, թե՛ Ալեն Սիմոնյանը «փռում են» արեւին։
ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍԻ ՎԵՃԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՓԱԿ ՍԵՆՅԱԿԻՑ
Ալեն Սիմոնյանն իր հերթին նոր մեղադրանքներ է հնչեցրել Սարգսյանի հասցեին։ Նրա ներկայացմամբ՝ Սարգսյանը Մոսկվայում շփվել է դատվածություն ունեցող, իր բնորոշմամբ՝ «քրեական հեղինակություն» անձի հետ։ Սիմոնյանը նաեւ խոսել է Սարգսյանի օգտագործած թանկարժեք մեքենայի եւ օպերատիվ համարանիշների մասին՝ պնդելով, որ համարանիշները նախկինում արդեն մարվել էին։ Միաժամանակ Սիմոնյանը նշել է, որ այս դրվագներին պետք է իրավական գնահատական տրվի։
Այստեղ, սակայն, կա էական հանգամանք․ հանրությունը լսում է քաղաքական վայ- գործիչների փոխադարձ հայտարարությունները, մինչդեռ դրանց իրավական ճշմարտացիությունը պետք է հաստատվի կամ հերքվի իրավասու մարմինների կողմից։ Քաղաքական ամբիոնը դատարան չէ։
Սիմոնյանի ներկայացրած պատմության ուշագրավ հատվածներից մեկն այն է, որ նա ինքն է ասել՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրավապահներին հաղորդում չի ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այդ ժամանակ համապատասխան իրավական կարգավորումը դեռ չէր գործում։
Սա, իհարկե, ինքնին չի ապացուցում կողմերից որեւէ մեկի պնդումների ճշմարտացիությունը։ Բայց եթե կան կոնկրետ փաստեր, դրանք պետք է ստուգվեն եւ չմնան քաղաքական փոխհրաձգության մակարդակում։ Նույնը վերաբերում է օպերատիվ համարանիշների պատմությանը։ Եթե իսկապես օգտագործվել են մարված կամ ապօրինի համարանիշներ, դա իրավական հարց է, եւ հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ընթացք է ստացել այդ դրվագը։
ՔՊ-Ի «ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՃԸ» ԱՐԴԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՔՊ վարչությունը քննարկել է Սարգսյանի վարքագիծը։ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի փոխանցմամբ՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը մի քանի կուսակցականների վերաբերյալ զեկույցներ է ներկայացրել, որոնց թվում եղել է նաեւ Սարգսյանի հարցը։ Նա չի բացառել կուսակցությունից հեռացնելու հնարավորությունը։
Միաժամանակ Սարգսյանը շարունակում է մասնակցել ՔՊ-ի որոշ հավաքների։ Հակոբյանի բացատրությամբ՝ նա քաղաքական ժողովի անդամ չէ, իսկ այն հանդիպումը, որին մասնակցել էր, ավելի ազատ ձեւաչափով էր, եւ դրան հրավիրվել էին նաեւ նախորդ գումարման պատգամավորները։
Ստացվում է բավական հետաքրքիր պատկեր․ մի կողմից՝ կուսակցության ներսում Սարգսյանի վարքագիծը քննարկվում է կարգապահական հարթությունում, մյուս կողմից՝ նա շարունակում է հայտնվել նույն թիմի միջոցառումներում։ Այսինքն՝ վերջնական քաղաքական սահմանագիծ դեռ չի քաշվել։ Ու հենց այստեղ է ավելի հետաքրքիր ոչ թե այն հարցը, թե ով է «հաղթելու» Սարգսյան-Սիմոնյան հակամարտությունում, այլ՝ ինչու է այդ հակամարտությունը հենց հիմա դուրս եկել փակ սենյակներից։
«ՆԵՐՔԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
Սարգսյանին այս պահին ՔՊ-ի ներսում առանձնահատուկ քաղաքական դեր վերագրելը վաղաժամ է։ Իշխանության հետ նրա հակասությունը դեռ չի նշանակում, որ նա դարձել է ընդդիմադիր քաղաքական գործիչ կամ ձեւավորում է իշխանությունից անկախ քաղաքական բեւեռ։
Սակայն նրա պատմությունը կարող է այլ նշանակություն ունենալ։ Իշխանական կուսակցություններում ներքին հակասությունները սովորաբար կամ փակվում են ներսում, կամ դառնում հանրային։ Երբ դրանք հայտնվում են հանրային դաշտում, յուրաքանչյուր նոր հայտարարություն կարող է վերածվել նաեւ ներքին կարգապահության գործիքի։
Այս տեսանկյունից Սարգսյանի պատմությունը կարող է հաջողությամբ Փաշինյանն օգտագործել նաեւ որպես ազդակ մյուս ՔՊ-ականների համար․ ներքին դժգոհությունը հրապարակայնացնելու դեպքում կարող են առաջանալ քաղաքական, կուսակցական կամ իրավական հետեւանքներ։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՆԴԻՐԸ՝ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար նման պատմությունների հիմնական քաղաքական ռիսկը ոչ այնքան առանձին Հայկ Սարգսյանն է, որքան այն, որ իշխանության ներսում առաջացած հակասությունները դառնում են հանրային քննարկման առարկա։
Քաղաքական համակարգի կայունությունը կախված է նաեւ սեփական թիմի ներսում հակասությունները կառավարելու կարողությունից։ Բայց այստեղ կա ավելի կարեւոր հարց․ արդյոք իշխանությունը պատրաստ է սեփական ներսից հնչած մեղադրանքները նույն չափանիշներով քննել, որոնց մասին խոսում է հանրության առաջ։
Իսկ գուցե այս ամենը լավ մշակված օպերացիա է, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, չէ որ կողմերը մինչեւ վերջ փչացնում են միմյանց, իսկ Փաշինյանին շարունակում հայտնել իրենց հավատարմությունը։
Ի վերջո, այս պատմության ամենաուշագրավ կողմն այն է, որ ՔՊ-ի փակ խոհանոցում դուռը բացվել է։ Հիմա հասարակությանը հետաքրքրում է ոչ թե հերթական քաղաքական աղմուկը, այլ՝ ինչ կա այդ խոհանոցի ներսում, եւ արդյոք որեւէ մեկը պատրաստ է լույսը վառել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk