Փաշինյանական «տարօրինակ» խաղերը` Մոսկվա հնարավոր այցի շեմին
ՄիջազգայինՆիկոլական թիմը, որը վերջին ժամանակներս մի պահ ռուսական թեման «կտրուկ արգելակման ռեժիմի» տակ էր դրել, վերջին օրերին նորից սկսել է ակտիվանալ այդ ուղղությամբ: Նախօրեին էլ գործին կցեցին նաեւ Սերդար Քըլըչի արժանավոր գործընկերոջը` Ռուբեն Ռուբինյանին, որն իր հերթին ռուսական ուղղվածության մի քանի «փայլուն» մտքերով հանդես եկավ:
ՆԻԿՈԼՅԱՆ ԹԻՄԸ ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՑՐԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նկատենք, նիկոլականներն այս փուլում հատկապես հաճախ են հիշում ռուսական ռազմաբազայի մասին: Նախօրեին նախ նիկոլյան պատգամավոր Արմեն Խաչատրյանն էր «առյուծ կտրել»: Սկսելով ամեն կերպ Հաջիեւի հակահայկական հայտարարությունները «մաքրելուց», նա հասավ այն մտքին, թե` «Այդ ե՞րբ է 102-րդ բազան մեզ տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք։ ՀՀ վարչապետը իր դիրքորոշումը հայտնել է, որ մեզ համար միեւնույնն է, այդ ռազմաբազան կլինի, թե` չէ...»։ Իհարկե, կարելի է Խաչատրյանին հիշեցնել, որ ժամանակին Թուրքիան Հայաստան ռազմական ներխուժման մի քանի փորձեր է ձեռնարկել, որոնք կանխվել են հենց ռուսական ներկայության եւ Թուրքիային տրված զգուշացումների արդյունքում: Ու հիմա, երբ խոսում են` «այդ ինչ են մեզ համար արել», ապա դա սովորական երախտամոռություն է, թեեւ «նախկինից» հաջողությամբ «ներկա» դարձած Խաչատրյանի հետ կապված « երախտամոռություն» տերմինը մի փոքր անորոշ է: Սակայն սա չէ կարեւորը, այլ որ գրեթե անմիջապես էլ իր կրտսեր գործընկերոջը միացավ Ռուբինյանը, թե` ՀԱՊԿ-ը, որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն, գոյություն չունի։ Եվ այն, որ այդ միտքը հնչեցվում է Հանրային հեռուստատեսության եթերով, ապա սրանից, իհարկե, նիկոլյան «դաբրոյի» հոտ է գալիս
Ի դեպ, Ռուբինյանը, մեղմ ասած, վտանգավոր տեսլական է դնում իր այդ մտքերի տակ: Ըստ նրա. «Մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Անվտանգության ոլորտում բացը բխում էր խաղաղության բացակայությունից»: Ուզում է ասել, թե ռուսներն իրենց գործն արել են, հիմա կարելի է նրանց վռնդե՞լ: Լավ, ենթադրենք: Սակայն Ռուբինյանը լավ կաներ, որ դրա հետ մեկտեղ որոշ պարզ հարցեր եւս բացահայտեր: Այդ թվում` իսկ ինչպե՞ս է լինում, որ ձեր այդ «խաղաղության» պայմաններում, օրինակ, նույն Հաջիեւն այդպիսի ցուցադրական հայտարարություններ է անում: Կամ, գուցե Ռուբինյանը կբացատրի՞, թե վերջապես ո՞ւր է հասել իր անմիջական մասնակցությամբ Թուրքիայի հետ սահմաններ բացելու գործընթացը. ինչ ասես, խոստացան, բա ինչո՞ւ սահմանն այդպես էլ բացված չէ: Վերջապես, ամենակարեւորը. «նախաստորագրում» տերմինից արդեն զզվեցինք, բա ե՞րբ է վերջապես ստորագրվելու այդ «խաղաղության պայմանագիրը»:
Իհարկե, առանց Ռուբինյանի էլ հասկանալի է, թե իրականում ինչ վիճակում են ինչպես հայ–ադրբեջանական, այնպես էլ` հայ–թուրքական գործընթացները: Ավելին, որ դրանց ինչպես ներկա, այնպես էլ հետագա ընթացքը որեւէ կապ չունի ո՛չ Ռուբինյանի եւ ո՛չ էլ նրա շեֆի հետ: Այսինքն, նոր «Ալեքսանդրոպոլի պայմանագիրն» իրականություն չի կարող դառնալ, քանի դեռ ռուսական ռազմաբազայի տեսքով Հայաստանում տեղադրված է ռուսական դրոշը: Ընդ որում, մեծ հարցական կա, թե իրականում Էրդողանը ցանկանո՞ւմ է, ասենք, Նիկոլի ձեռքով այդ դրոշն այստեղից հանել: Ու խոսքը ոչ թե կարողանալ–չկարողանալու տեսանկյունից է, որն ինքնին առանձին հարց է, այլ` ցանկանալ–չցանկանալու: Նկատի ունենք հետեւյալը:
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԿՀԱՆԵ՞Ն
Իհարկե, պատահական չէ, որ նիկոլյան թիմն այս օրերին նորից միացրեց հակառուսական «բայաթին», այդ թվում` առաջ բերելով ռուսական ռազմաբազայի թեման: Ընդ որում, եթե ժամանակին խոսում էին, թե` «մենք բազան հանելու ծրագրեր չունենք», ապա հիմա, ավելի կոնկրետ այն բանից հետո, երբ Պուտինը հրապարակավ հայտարարեց, որ եթե ուզում եք, բազան կհանենք, տերմինաբանությունը փոխեցին, թե` «մեզ համար մեկ է, ուզում եք, հանեք»: Պարզապես բազայի թեման պահել էին` ենթադրելով, որ այն կդառնա Մոսկվայի վրա ազդեցության գործիք: Բայց Պուտինի հայտարարությունն այդ տրամաբանությունը փոխեց, ու հիմա փորձում են ցույց տալ, թե իրենց այդ հարցն առանձնապես չի էլ հետաքրքրում:
Բայց միայն այն, որ նույն Ռուբինյանը միանգամից էլ հայտարարում է, թե` Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող վտարել, քանի որ նման մեխանիզմ պարզապես գոյություն չունի, արդեն իսկ նշանակում է, որ ռուսական ինտեգրացիոն համակարգի հետ մինչեւ վերջ կապերը չխզելու հարցում Նիկոլը Մոսկվայի հետ հարաբերություններում «մինչեւ վերջ գնալու» տարբերակից ամեն կերպ աշխատում է խուսափել: Դա բնական է. խնդիրները, որոնք անմիջապես էլ ի հայտ կգան կապերը խզելու պարագայում, ինչպես նաեւ գործնական այլընտրանքի բացակայությունն չափազանց բարդ է լինելու նիկոլյան ռեժիմի համար: Արդյունքում, շատ ավելի նման է, որ բազայի թեման դեռ խաղարկում են, մտածելով, թե դա կարող է ինչ–որ դեր խաղալ Նիկոլին սպասվող մոսկովյան այցի ժամանակ:
Այսինքն, թերեւս, այնքան էլ տեղին չի լինի ենթադրել, որ այս փուլում բազայի թեման ակտիվացնում են` Բրիտանիայից կամ Անկարայից եկած ազդակներից ելնելով: Ընդհանրական իմաստով, իհարկե, այդ ազդակները միշտ էլ եղել են: Պարզապես այս պահին ինչպես Լոնդոնի, այնպես էլ Անկարայի համար նախապատվությունների, կամ, կոպիտ ասած, «ճակատային գծի» որոշակի տեղաշարժ կա: Բրիտանիան ներքին լրջագույն, աչքի առաջ խորացող եւ ամենապայթյունավտանգ վիճակին հասած խնդիրներ ունի:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ
Իսկ Անկարայի համար, կրկնենք, ներկա պահին մեծ հարց է` ավելի լավ է ռուսները բազան հեռացնե՞ն, թե` ոչ: Փաստն այն է, որ ներկա իրողությունները սկսել են Թուրքիային դնել երկակի վիճակում, թեեւ այդ տերմինը շատ մեղմ է: Այն է, մի կողմից, վերջին ամիսներին Անկարան փորձում է Մերձավոր Արեւելքում իր դիրքերը կառուցել նման մոտեցումից. բացահայտ հակասության մեջ չմտնելով Թեհրանի հետ, բայց նաեւ որոշակի կոշտություն ի ցույց դնելով: Դրա տարրերից մեկը դարձավ ԱՄՆ–ի միջամտությամբ եւ Իսրայելի ի ցույց չդրված խաղերով «Մեքքայի պայմանագիր» ստորագրելը, որը «Մերձավոր Արեւելքի ՆԱՏՕ» գաղափարախոսությունը կյանքի կոչելու փորձ էր: Սակայն Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված այդ փաստաթուղթն ի սկզբանե ձախողման գնալու միտումներ ցուցաբերեց: Նախ, մի շարք արաբական երկրներ, դրանց թվում` առաջատարերից Եգիպտոսը, բացահայտորեն հրաժարվեց այդ փաստաթղթին միանալ: Դրան հաջորդեց Եգիպտոսում չինացիների մասնակցությամբ առաջին զորավարժանքները, ապա նաեւ նախագահ Սիի այցն այդ երկիր: Այսինքն, Պեկինն ի ցույց դրեց, որ ամենեւին էլ չի հանդուրժելու տարաբնույթ մեխանիզմներով տարածաշրջանում ամերիկյան նոր տիպի վերահսկողության գաղափարը եւ այդ հարցում, բացի Իրանից, ունի նաեւ այլ ծանրակշիռ դաշնակիցներ: Առավել եւս, որ Պակիստանը, որքան էլ թյուրքական ուղղվածության է, որքան էլ Էրդողանի դաշնակիցը, բայց շատ բանով է կախված Չինաստանից: Այսինքն, Պակիստանը կարող է տարբեր խաղերով Սաուդյան Արաբիայից փող ստանալ: Բայց դա հազիվ թե հասցնի սաուդների համար «միջուկային տանիք» դառնալու մակարդակի: Առավել եւս, որ այս պահին սաուդներն իրենք փողի լուրջ խնդիրներ ունեն:
Վերջապես, ի հայտ եկավ Սաուդյան Արաբիայի եւ հուսիթների պատերազմը, որտեղ եմենցիներն ակնհայտորեն հաղթական ռազմական դիրքերում են: Իսկ ահա Թուրքիան եւ Պակիստանը, որոնք պետք է որ «Մեքքայի պայմանագրից» ելնելով, ռազմական օգնություն ցուցաբերեին, հրաժարվեցին: Պարզ պատճառով, հուսիթների դեմ բախման գնալը կնշանակի նաեւ Իրանի հետ բախում, որը հազիվ թե այս պահին, երբ Թեհրանը հաղթական դիրքերում է, Անկարային կամ Իսլամաբադին պետք է: Իսկ դա, ըստ էության, «Մերձավոր Արեւելքի ՆԱՏՕ» գաղափարի վերջն է:
Արդյունքում, եթե Թուրքիան մտածում էր, որ «խաղի վերջում» կարող է «գցել» Իսրայելին` այդ նորաստեղծ ռազմական կառույցն իր անվտանգության երաշխիք դարձնելով, հիմա մնում է ձեռնունայն: Իսրայելի հետ, իհարկե, ստվերային կապեր կան` հիմնված հակաիրանականության վրա: Բայց այլ հարց է, որ եթե Թեհրանը կարողանա պահպանել իր հաղթական դիրքերը, ինչի բոլոր հեռանկարները կան, ի՞նչ կմնա թուրք–իսրայելյան այդ ստվերային համագործակցությունից: Ավելին, շատ հեղինակավոր փորձագետներ են սկսել խոսել, որ եթե Իսրայելը ձախողի Իրանի դեմ պատերազմը, նրա «Բ» պլանն է լինելու Թուրքիայի հետ հակամարտությունը:
Ահա, հենց այս միջին ապագայի խնդիրն է, որ Էրդողանի համար դառնում է ամենավտանգավորը: Ներկա զարգացումները հուշում են, որ Իսրայելի հետ հակամարտության հեռանկարի հավանականությունը գնալով միայն մեծանում է: Եվ եթե չեն ստացվում անվտանգության մյուս մեխանիզմները, ապա կարող է կոնկրետ պահի «միակ հույսի» տարբերակ դառնալ ռուս–իրանական տանդեմի վրա հիմնվելը: Ու այս դեպքում մեծ հարց է, թե իրականում Անկարայի համար ցանկալի՞ տարբերակ է, որ ռուսական բազան հեռանա Հայաստանից, կամ որ այստեղ ամերիկացիների հսկողության տակ գտնվող «Թրամփի միջանցքը» գործի:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72163
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
