Աղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգ
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արտակարգ իրավիճակների ժամանակ միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների և մարդասիրական բեռների ստացման գործընթացները կկազմակերպվեն պարզեցված ընթացակարգով։ Կառավարության նոր որոշման նպատակն է արագացնել միջազգայնության հայցումը, ընդունումը, համակարգումն ու բաշխումը։
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի ներկայացման, ընդունման և բաշխման կարգը հաստատելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է հաստատել միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների և մարդասիրական բեռների ստացման հայտի ներկայացման, ընդունման և բաշխման կարգը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր կարգը
Գործող օրենսդրությամբ սահմանված չէր միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների և մարդասիրական բեռների ստացման հայտերի ներկայացման, ընդունման ու բաշխման գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ լիազորող նորմը։
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսվել է այդ գործընթացների կազմակերպման իրավական հիմքը, իսկ նոր որոշմամբ կսահմանվեն դրանց իրականացման կարգավորումները։
Ի՞նչ կփոխվի արտակարգ իրավիճակների ժամանակ
Նոր կարգի նպատակն է արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում միջազգային օգնության հետ կապված գործընթացներն իրականացնել արագ և պարզեցված ընթացակարգով։
Մասնավորապես՝
միջազգային օգնության հայցում,
միջազգային արագ արձագանքման թիմերի և փորձագետների ընդունում ու ՀՀ տարածք մուտքի կազմակերպում,
մարդասիրական բեռների ընդունում և բաշխում,
միջազգային օգնության համակարգում։
Ո՞րն է ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ միջազգային օգնության ներգրավման և ստացման գործընթացները կիրականացվեն օպերատիվ՝ նախապես համաձայնեցված և պարզեցված ընթացակարգերով։
Ե՞րբ կգործի նոր կարգը
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
