Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է Սպիտակից

Մշակութային

Սպիտակի նոր վերանորոգված քաղաքային զբոսայգում օգոստոսի 21-ին հանդիսավորությամբ մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող փառատոնը օգոստոսի 21-28-ը համախմբելու է արվեստագետների, մշակութային գործիչների և հանդիսատեսի՝ մեկ հարթակում ներկայացնելով կինոն, թատրոնը, երաժշտությունը, լուսանկարչությունն ու ստեղծագործական-կրթական ծրագրերը։

Փառատոնի բացման արարողությանը ներկա էր նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ով ողջունեց միջոցառման անցկացումը համայնքում՝ ընդգծելով դրա կարևորությունը Սպիտակի մշակութային կյանքի աշխուժացման և նոր մշակութային նախաձեռնությունների խթանման տեսանկյունից։

«Մեզ համար կարևոր և ուրախալի է, որ «ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնն այս տարի մեկնարկում է հենց Սպիտակում։ Հատկանշական է նաև, որ Սպիտակի նոր վերանորոգված քաղաքային զբոսայգին առաջին անգամ է հյուրընկալում նմանօրինակ մշակութային միջոցառում։ Համոզված եմ, որ այսպիսի նախաձեռնությունները նոր շունչ են հաղորդում համայնքի մշակութային կյանքին, ստեղծում են նոր հանդիպումների և համագործակցության հնարավորություններ և Սպիտակը դարձնում են մշակութային կյանքի կարևոր հարթակներից մեկը», - նշել է Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը, կարևորելով փառատոնի անցկացումը Սպիտակում, նշել է, որ նախաձեռնության համար այս համայնքի հետ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի։

«Իրապես մեծ երջանկություն է փառատոնը տեսնել Սպիտակում։ Կլինեմ անկեղծ և կասեմ, որ բազմիցս ենք ցանկացել, որ փառատոնը լինի Սպիտակում։ Մենք ունենք այստեղ նաև ստեղծագործական խմակներ, և մեր սաները Վանաձորից, Ստեփանավանից ևս այստեղ են և հնարավորություն ունեն վայելելու փառատոնը։ Ուստի շնորհակալ ենք պարոն Նիկողոսյանին այդ հնարավորությունը տալու համար։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ հնարավորություն ունեցանք առավել խորությամբ ծանոթանալու Սպիտակին և առավել քան վստահ ենք, որ համագործակցությունը կլինի շարունակական», -նշել է Աննա Կարապետյանը։

Բացման արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաև իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, ով առանձնացրել է փառատոնի հիմնական ուղերձներից մեկը՝ բարությունը։

«Այսօրվա մասին կարելի է շատ խոսել, բայց ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ «ՖՐԵՍԿՈ»-ն բարության մասին է։ Եվ կրկնակի պատասխանատու և հաճելի է կանգնել բեմում և բոլորիդ ասել՝ եկեք մեկնարկենք բարության փառատոնը», - նշել է Դմիտրի Բրիկմանը։

Փառատոնի բացման գլխավոր իրադարձությունը Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումն էր։ Ներկայացումը նվիրված էր հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների կերպարներին՝ միավորելով պատմական, երաժշտական և պարային արտահայտչամիջոցները։

«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը ներկայացնում է բազմաժանր ծրագիր՝ ներառելով միջազգային ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, համերգներ, թատերական ներկայացումներ, լուսանկարչական վարպետության դասեր և ստեղծագործական հանդիպումներ։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ, իսկ ծրագրի կարևոր իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը։

Փառատոնը Սպիտակից շարունակելու է իր ծրագիրը Երևանում և Վանաձորում՝ մինչև օգոստոսի 28-ը արվեստի, բարության, ներառականության և համամարդկային արժեքների շուրջ միավորելով տարբեր համայնքների ու սերունդների ներկայացուցիչների։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ