Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ինչու է Չախալյանի կալանքի երկարաձգումը հարցեր առաջացնում

Ներքաղաքական

Հայաստանում, կարծես, հերթական անգամ բացվում է չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի թղթապանակը։ Եթե նախկինում իշխանությունը փորձում էր հասարակությանը համոզել, որ խոսքը պարզապես կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին է, ապա այսօր գործընթացը մտել է ավելի կոնկրետ փուլ․ ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններ, Եվրոպայի խորհրդի կոչեր՝ արագացնելու Կոնվենցիայի վավերացումը, իսկ այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանը սկսում է ընտանեկան բռնության թեմայով հատուկ տեսաշար։

Պատահական զուգադիպությո՞ւն, թե՞ արդեն ձեւավորված քաղաքական օրակարգի հերթական արար։ Հարցն առավել հետաքրքիր է դառնում, երբ այս պատկերի մյուս կողմում հիշում ենք Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ղեկավար Վահագն Չախալյանին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ տարիներ առաջ հրապարակային ու կազմակերպված պայքարի ամենատեսանելի դեմքերից մեկին։ Ո՞ւր է նա հիմա․ տնային կալանքը հերթական անգամ երկարաձգվել է, իսկ հրապարակային խոսքի իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ։

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՆՈՐ» ՊԱՅՔԱՐԸ

Օգոստոսի կեսերից Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով տեսանյութերի շարք է հրապարակում։ Սկզբում խոսվում էր խնդրի շուրջ հանրային քննարկման եւ ընտանեկան բռնության քրեականացման անհրաժեշտության մասին, իսկ հաջորդ հրապարակումներում արդեն՝ գործող օրենսդրության բացերի, մասնագետների հետ քննարկումների եւ նոր կարգավորումներ մշակելու ու Ազգային ժողով ներկայացնելու մասին։

Այսինքն՝ խոսքը պարզապես իրազեկման արշավի մասին չէ․ ձեւավորվում է նաեւ օրենսդրական օրակարգ։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը․ Եվրոպայի խորհուրդը նույն ժամանակահատվածում Հայաստանի իշխանություններին կոչ է անում արագացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇՏԱՊԵՑՆՈՒՄ Է

2026 թվականի մայիսի 27-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերթին Հայաստանի վերաբերյալ հրապարակած փաստաթղթում կոչ է արել «առանց հետագա ուշացման» վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Ընդ որում՝ առանց վերապահումների։ Նույն փաստաթղթում քննարկվում է նաեւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն նախատեսելու հարցը։

Դեռեւս փետրվարին հանձնակատարը արձանագրել էր, որ Հայաստանի իշխանությունները հստակ հանձնառություն են հայտնել Կոնվենցիայի վավերացմանը, եւ կոչ էր արել այդ «վերջնական քայլը» կատարել առաջնահերթության կարգով։

Այսպիսով, տարբեր ուղղություններով նույն գործընթացն է առաջ մղվում․ Եվրոպայի խորհուրդը պահանջում է արագացնել վավերացումը, Հայաստանում շարունակվում են ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, իսկ իշխանությանը մոտ հանրային հարթակից առաջ է մղվում դրա քրեականացման օրակարգը։

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՇՂԹԱՆ ՆՈՐ ՉԷ

Ստամբուլյան կոնվենցիային Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնելու գործընթացը նոր չէ։ Եվրոպայի խորհուրդը դեռ 2025 թվականի սեպտեմբերին արձանագրում էր, որ Հայաստանը զգալի առաջընթաց ունի կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրության ու քաղաքականության համապատասխանեցման հարցում։

2026 թվականի փետրվարին հրապարակված հատուկ զեկույցն էլ ուսումնասիրում էր վերջին տարիներին կատարված փոփոխությունները, այդ թվում՝ ընտանեկան բռնության եւ Քրեական օրենսգրքի ոլորտներում։ Ազգային ժողովի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները շարունակվել են 2024, 2025 եւ 2026 թվականներին։ Այսինքն՝ սա մեկ անձի մեկ տեսանյութով սկսված գործընթաց չէ․ կա արդեն ձեւավորված օրենսդրական եւ քաղաքական ուղղություն։

ԻՍԿ ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ ԼՌԵՑՎԱԾ ՉԱԽԱԼՅԱՆՆ Է

2019 թվականին «Կամք» նախաձեռնությունը Վահագն Չախալյանի գլխավորությամբ կազմակերպում էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքներ։ «Իրավունքի» արխիվներում պահպանված հրապարակումների համաձայն՝ դրանք շարունակվել են ամիսներ շարունակ՝ Ազգային ժողովի դիմաց, Հյուսիսային պողոտայում եւ Հայաստանի տարբեր մարզերում ու դադարեցվել է միայն 2020-ի մարտի 15-ին՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, քանի որ երկրում արտակարգ դրություն էր։

Չախալյանը հայտարարել էր, որ «Կամքը» հավաքել է ավելի քան 88 հազար ստորագրություն եւ ընդգծել, որ պայքարը շարունակվելու է։ Այսպիսով, նա պարզապես Կոնվենցիայի դեմ սոցիալական ցանցերում գրառում անող անձ չէր, այլ դրա դեմ կազմակերպված հանրային պայքարի ամենատեսանելի դեմքերից մեկը։

Բագրատ սրբազանի հայտնի «18 արդարների» գործով Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5-ին, իսկ 2026 թվականի մարտի 5-ից կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Հուլիսի 30-ին տնային կալանքը հերթական անգամ երկարաձգվել է եւս մեկ ամսով։ Նրա պաշտպանները հարց են բարձրացնում խափանման միջոցի համաչափության վերաբերյալ՝ նշելով, որ նույն գործով անցնող անձանց մեծ մասը գտնվում է ազատության մեջ կամ ավելի մեղմ սահմանափակումների ներքո։ Միաժամանակ Չախալյանին արգելված է հրապարակային հայտարարություններ անել, հարցազրույցներ տալ։
Հենց այստեղ է առաջանում ամենակարեւոր հարցը․ եթե նույն գործի շրջանակում հնարավոր է կիրառել ավելի մեղմ միջոցներ, ապա ի՞նչն է հիմնավորում Չախալյանի նկատմամբ այդքան խիստ սահմանափակումների շարունակականությունը։

Չախալյանի քրեական հետապնդման պաշտոնական հիմքը նրա՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ նախկին պայքարը չէ։ Ուստի՝ ճիշտ չէ պնդել, թե նրան կալանքի են ենթարկել հենց Կոնվենցիայի դեմ պայքարելու համար։ Սակայն կալանքի կրկնվող երկարաձգումները հարցեր են առաջացնում, հատկապես այն պայմաններում, երբ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը կրկին ակտիվացել է։
Գուցե այս փուլում իշխանությանը ձեռնտու է Չախալյանի քաղաքական եւ հրապարակային ձայնի հնարավորինս երկար լռեցումը։ Ի վերջո, արդյոք սա պարզապես ժամանակային համընկնում է, թե՞ այստեղ կա նաեւ քաղաքական հաշվարկ։

Ի ԴԵՊ

Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները այն ներկայացնում են որպես կանանց եւ ընտանեկան բռնությունից պաշտպանության միջազգային գործիք։ Սակայն քննադատները տարիներ շարունակ բարձրաձայնել են փաստաթղթի «գենդեր» հասկացության, իրավական մեկնաբանությունների եւ հնարավոր սոցիալական հետեւանքների վերաբերյալ մտահոգությունները։

Հետեւաբար, Կոնվենցիայի շուրջ հանրային քննարկումը չի կարող սահմանափակվել միայն «բռնության դեմ պայքար» ձեւակերպմամբ։ Եթե փաստաթուղթը պատրաստվում է վավերացվել, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա լսելու ոչ միայն դրա կողմնակիցների, այլեւ հակառակորդների փաստարկները։ Հակառակ դեպքում հանրային բանավեճի իսպառ բացակայությունը կարող է վերածվել արդեն իսկ ընդունված քաղաքական որոշման վավերացման։

Վերջնական հաշվով, խնդիրը միայն Վահագն Չախալյանի անձը չէ։ Խնդիրն այն է, թե ինչպիսի հանրային դաշտում է իշխանությունը պատրաստվում առաջ տանել մի խայտառակ կոնվենցիայի վավերացման հարց։ Եթե իշխանությունը վստահ է այդ Կոնվենցիայի անհրաժեշտության եւ դրանից բխող օրենսդրական փոփոխությունների հիմնավորվածության մեջ, ապա պետք է շահագրգռված լինի հնարավորինս լայն ու ազատ բանավեճով. կողմնակիցներն ու հակառակորդները պետք է կարողանան հավասարապես խոսել։ Չէ՞ որ նույն իշխանությունը կոկորդ էր պատռում, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ