«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։
Միաժամանակ, քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական և կոշտ արտահայտություններ են հնչեցնում։
Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խմբակցության ներսում Ղազարյանի պահվածքը միանշանակ չի ընդունվել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա մի քանի օրերին Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հարցերով կամ ելույթներով հանդես չի գա։ Այս մոտեցումը կիրառվում է երեկվանից և, ըստ մեր տեղեկությունների, կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։
Հիշեցնենք՝ նախօրեին իշխանության ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով կոշտ արձագանքել էին Ղազարյանի օգտագործած արտահայտությանը՝ նրան անգամ «սրիկա» անվանելով։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում տրամադրված են Էդգար Ղազարյանի հարցում գործել առավել կոշտ և անզիջում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում