Հայտնի է, թե ովքեր են Առինջում միմյանց ծեծողները․ «Իշխանություն»
ՆերքաղաքականԼրագրող Լիա Սարգսյանը գրում է․
«Իշխանություն» լրատվականը պարզել է , որ Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասում միմյանց ծեծել են Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող «Էն Այ Քոնսթրաքշն» կառուցապատող ընկերության աշխատակիցները եւ թաղամասի բնակիչները։
Ըստ Ալլա Մխիթարյանի՝ ապօրինի ճանապարհով նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը երկու 8 հարկանի շենք է կառուցել, որն արդեն հանձնվում է շահագործման՝ առանց կոյուղատար համակարգ անցկացնելու։ Ընկերությունն այժմ պատրաստվում է քանդել թաղամասի նեղ փողոցը՝ արգելված վայրում կոյուղատար խողովակներ անցկացնելու համար։
Դատախազությունը ապօրինի է համարում նրա գույքը եւ Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոյանից բռնագանձել ունեցվածքը։ Ալլա Մխիթարյանը պնդում է՝ 8 հարկանի շենքերի կառուցապատումն իրականացրած «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության բաժնետերերից մեկը Վահե Նիկոյանի մայրն է՝ Սեդա Սաֆարյանը, իսկ մյուսը՝ Այրք համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ Նիկոյանը շարունակել է բիզնես գործունեությունը այն դեպքում, երբ նրա ունեցվածքի օրինական ծագումը դրված է հարցականի տակ, և Նիկոյանն անցնում է քրեական վարույթով։
Հ․Գ․ «Իշխանություն» լրատվականը պատրաստ է ներկայացնել Վահե Նիկոյանի, Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի և «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության դիրքորոշումները՝ բնակիչների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
