Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ռուսաստանին էին մեղադրում, մինչդեռ Պետդումայի ընտրություններին «միջամտում» են Հայաստանի՞ց

Ներքաղաքական

Մինչ Հայաստանում Ռուսաստանին էին մեղադրում խորհրդարանական ընտրություններին այս կամ այն կերպ իբրեւ միջամտելու մեջ, պարզվում է՝ սեպտեմբերին կայանալիք ՌԴ Պետդումայի համապետական ընտրություններին ընդառաջ՝ հենց Հայաստանում են «մարզում» եւ պատրաստում որոշակի խմբեր, ինչն առնվազն առաջին հայացքից տպավորություն է թողնում ռուսաստանյան ընտրություններին ուղիղ միջամտության։

Հայաստանում՝ Աղվերանում, այս օրերին անցկացվում է երեք սերնդի ամառային դպրոց։ Ավելի պարզ ասած՝ ամառային ճամբար ռուսախոս երեխաների, ծնողների եւ տատիկ-պապիկների համար, որոնք, իհարկե, մեծամասամբ կունենան նաեւ ՌԴ քաղաքացիություն։ Օգոստոսի 7-13-ը Աղվերանում են արդեն իսկ հավաքագրված երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները՝ միմյանց հետ հանգստանալու եւ մասնակցելու ճանաչողական դասախոսությունների ու սեմինարների։

Ըստ հակապուտինյան գործիչ գրականագետ, գրող, հրապարակախոս, լրագրող եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նիկոլաեւիչ Արխանգելսկի, գրողների, գիտնականների, ստարտափների ղեկավարների ու լրագրողների կողմից վարվող կրթական միջոցառումների ընդհանուր թեման է՝ «խաղացող մարդը»։

Ի՞նչ խաղեր են խաղալու եւ ինչո՞ւ, սա թերեւս ամենաուշագրավն է։ Խաղալու են ժողովրդավարություն եւ անցկացնելու են պայմանական ասած՝ ընտրություններ՝ թեկնածուների առաջադրման, ներկայացման, բանավեճերի եւ փակ քվեարկության ժողովրդավարական ընթացակարգով, լինելու են լիազորված անձինք, ընտրական հանձնաժողով, ձայների հաշվարկ…

Այս ամենը, բնականաբար, մի շարք հարցեր է առաջացնում։ Եթե խոսքը պարզապես կրթական եւ ճանաչողական ամառային դպրոցի մասին է, ապա ինչո՞ւ է դրա ծրագրում նման ընդգծված տեղ զբաղեցնում ընտրական գործընթացի մոդելավորումը։ Իսկ եթե մասնակիցների զգալի մասը ռուսներ են, ապա որքանո՞վ է պատահական այն հանգամանքը, որ այդ «խաղը» տեղի է ունենում հենց Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից առաջ։

Գուցե սա իսկապես ընդամենը խաղ է։ Բայց քաղաքականության մեջ երբեմն ամենաանմեղ թվացող խաղերն են բացահայտում իրական նպատակները։ Թեկնածուների առաջադրում, քարոզարշավ, բանավեճ, ընտրական հանձնաժողով, փակ քվեարկություն, ձայների հաշվարկ․ այս ամենն արդեն ոչ թե սովորական ժամանցի, այլ ընտրական գործընթացի բավականին ամբողջական նմանակում է։

Եվ այստեղ հարցն արդեն ոչ միայն այն է, թե ովքե՞ր են խաղում ժողովրդավարություն Հայաստանում, այլեւ՝ ո՞ւմ ընտրությունն են նրանք խաղարկում, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հետեւանքների համար են պատրաստվում։

Եվ սա դեռ ամենը չէ։ «Իրավունք»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Սեւանի ափերից մեկում ռուսալեզու լսարանի եւ, առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացիների համար, անցկացվելու է եւս մեկ ամառային դպրոց։

«Ուրիշի անձնագիր։ Ինչպե՞ս լինել վատ երկրի քաղաքացի» խորագրով այս ճամբարի կազմակերպիչները, ըստ պաշտոնական հաղորդագրության, պատրաստվում են քննարկել «քաղաքացիության ճգնաժամը» եւ յուրատեսակ «քաղաքացիական զրկվածությունը»։ Խոսքը, մասնավորապես, ամբողջ աշխարհում ավտորիտար պետությունների ներկայիս եւ նախկին բնակիչներին միավորող երեւույթի մասին է՝ թե՛ նրանց, ովքեր շարունակում են ապրել անազատության պայմաններում, եւ թե՛ նրանց, ովքեր լքել են իրենց երկրները ու հայտնվել արտագաղթում։  Ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաեւ բռնապետության թեմային։ Ըստ ներկայացված հայեցակարգի՝ բռնապետությունը մարդուց խլում է իրավունքները, պարտադրում անտանելի պարտականություններ եւ զրկում սեփական երկրի հետ իրեն նույնացնելու հնարավորությունից՝ այդ նույնացումը վերածելով ցավոտ փորձառության։

Այս ամենի անվան տակ առաջարկվում է վերանայել քաղաքացիության մասին պատկերացումները, ուսումնասիրել այդ ինստիտուտի պատմությունը եւ քննարկել այլընտրանքային գաղափարներ ու սոցիալական ձեւեր, որոնք, ինչպես նշվում է ծրագրում, կարող են վերադարձնել «ընդհանրության զգացումը» եւ օգնել դիմակայել ավտորիտարիզմին։

Թեեւ նախաձեռնությունը ներկայացվում է որպես սոցիալական գիտությունների միջոցով հասարակական խնդիրների ուսումնասիրության հարթակ, հարց է առաջանում՝ ի՞նչ քաղաքական ուղերձ է իրականում ձեւավորվում նման ծրագրերի արդյունքում։ Հատկապես այն դեպքում, երբ թիրախային լսարանը Ռուսաստանի քաղաքացիներն են, իսկ քննարկումների առանցքում՝ «վատ երկրի քաղաքացի» լինելու, արտագաղթի, քաղաքացիությունից օտարման եւ սեփական պետության հետ հարաբերությունների թեմաները։

Այսպիսով, առաջին հայացքից ակադեմիական եւ սոցիալական քննարկման ձեւաչափ ունեցող նախաձեռնությունը կարող է ընկալվել նաեւ որպես ռուսական հասարակության որոշակի հատվածի շրջանում հակառուսական քաղաքական տրամադրությունների եւ սեփական պետության նկատմամբ օտարման զգացման ձեւավորման հարթակ։ Ուստի՝ հարցը մնում է բաց՝ արդյո՞ք սա պարզապես քաղաքացիության եւ ավտորիտարիզմի մասին կրթական քննարկում է, թե՞ ռուսաստանցիների միջոցով Ռուսաստանի նկատմամբ քաղաքական վերաբերմունք ձեւավորելու եւս մեկ նախագիծ։ Օրինակ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ-աղաղակ կբարձրանար Հայաստանում, եթե ռուսաստանյան իշխանությունների լուռ համաձայնությամբ, ՌԴ որեւէ մարզում ինչ-որ հակահայկական ճամբար կազմակերպվեր կամ՝ ուղղակիորեն, ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին «ինստրուկտաժ» անցկացնեին ընտրություններին ընդառաջ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ