Այս խորհրդարանը զրոյական արժեք ունի, բնավ չի հետաքրքրում՝ ով ինչ է ընտրվում․ Զոհրաբյան
ՆերքաղաքականԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների անուններն այլեւս հայտնի են: ՔՊ-ն Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Սոնա Ղազարյանին: Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունք»-ը պարզել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախկին նախագահ, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ տեսակետը։
— ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սոնա Ղազարյանը։ Որպես հանձնաժողովի նախկին նախագահ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս ընտրությանը:
— Գիտեք, մեր երկրի խնդիրները թողած՝ այսօր ինձ հարցնում եք՝ Սոնա Ղազարյանից, ում ես անգամ չեմ ճանաչում։ Ինձ համար այս խորհրդարանը զրոյական արժեք ունի, եւ ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է ընտրվում՝ ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, որովհետեւ սա մեռելածին եւ Հայաստանի պատմության ամենավատ խորհրդարանն է, որը երբեւէ եղել է: Ուստի՝ իմ արժանապատվությունից ցածր է անգամ այդ հարցին պատասխանելը։
— Դուք ասացիք, որ Ձեզ չի հետաքրքրում թե՛ իշխանությունից եւ թե՛ ընդդիմությունից ով ինչ է ընտրվում: Հետեւապես, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության մանդատներ վերցնելու փաստը, երբ այլեւս մանդատավոր ընդդիմությունը վստահեցնում էր, թե գալիս է փոփոխություն անելու, հետո ասում էր, որ ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաներ է անում, միասնական հանրահավաք է լինելու։
— Չունեմ վերաբերմունք ընդդիմության գործողությունների վերաբերյալ: Իրենց քննադատել չեմ ուզում եւ ասել այն, ինչ իրականում մտածում եմ, դա էլ չեմ ուզում։ Ինչ վերաբերում է, թե ընդդիմությունն ասում էր՝ միասնական հանրահավաքներ եւ այլն, ապա ասեմ, որ թող անի, առաջին ողջունողը միասնական գործողությունների ես կլինեմ, սպասենք, տեսնենք, գուցե եւ անի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk