Թրամփի շուրջ օղակը միայն սեղմվում է
ՄիջազգայինԹրամփի համար, իհարկե, ռուսական ուղղությամբ ձեւավորվող այս նոր խնդիրները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=345882&l=am) բարդանում են նաեւ նրանով, որ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել Իրանի հարցից: Այս անգամ էլ Նեթանյահուին էր կանչել Վաշինգտոն, եւ ինչ-որ ներքին քննարկումներ ունեցան: Սակայն այդպես էլ տեսանելի չի դառնում այն գործնական տարբերակը, որը նրան հնարավորություն կտա լուծել իրանական խնդիրը:
Վերջին ` «չհայտարարված հրադադարի» մեխանիզմը, որը ԱՄՆ-ն խաղի մեջ էր դրել, իր հերթին չաշխատեց: Իմաստն այն էր, որ զինամթերքի բարդ խնդրից դուրս գալու համար պետք էր ժամանակ շահել նման հրադադարի միջոցով: Ու թեեւ իրանական ռեֆորմիստ իշխանություններից եկավ ռեակցիա, թե Իրանը միայն պատասխան հարվածներ է հասցնում, այն է` հարվածներ չի հասցնի, եթե ամերիկացիները կանգ են առել, սակայն դա էլ չաշխատեց: ԻՀՊԿ-ն մի որոշ պաուզայից հետո կրկին սկսեց խոցել ամերիկյան բազաները: Դա, մի կողմից, հերթական հիմնավորումն է, որ իրականում Իրանում եւս կա ներքին բավականին լուրջ պայքար: Բայց նաեւ, որ ընդհանուր կուրսը որոշողը մնում է Գերագույն առաջնորդը, այսինքն, եթե ԱՄՆ/Իսրայել բլոկը հույսեր է կապում իրանական ռեֆորմիստական թեւի հետ, ապա շատ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ:
Թրամփը, բնական է, նորից «մահացու պատասխան» խոստացավ, բայց հերթական հարվածաշարն ավելի թույլ էր, քան մինչ այդ եղածները: Իսկ այն, որ գրեթե զուգահեռ եգիպտական նավահանգստի մոտակայքում պայթեցվեցին հեղուկ գազի ամերիկյան տանկերը, եկավ հուշելու, որ պատերազմի աշխարհագրությունն ամենեւին էլ սահմանափակված չէ Իրանի հարեւան տիրույթում, եւ Թրամը կարող է հարվածներ ստանալ ցանկացած տեղ:
Արդյունքում, եթե «չհայտարարված հրադադարը» չի աշխատում, Թրամփը նորից մնում է նույն խնդիրների առաջ` ինչ անել: Ու նորից հին տարբերակներն են` սկսել ցամաքային հարձակում (նման մի փորձ արդեն քրդերի միջոցով փորձեցին անել, սակայն արագորեն ձախողվեց): Շարունակել նույն դինամիկայով հարվածները, թե գնալ ռեալ բանակցությունների: Ու, ըստ մի շարք աղբյուրների, հենց այս քննարկումների համար էր, որ կանչել էր Նեթանյահուին:
Սակայն առաջին եւ երկրորդ տարբերակները դարձել են շատ ավելի թույլ` հաշվի առնելով, ասենք, CSIS-ի վերջին ուսումնասիրությունները: Համաձայն դրանց` ԱՄՆ-ի ունեցած Patriot հրթիռների քանակը նվազել է` մոտավորապես 2330-ից մինչեւ 759-827: ՀՕՊ-ի THAAD հրթիռների պաշարները նվազել են մոտավորապես 360-ից մինչեւ 250: Նման անկում է նաեւ հարձակողական հրթիռների` Tomahawk–երի, JASSM օդային արձակման հրթիռների մասով: Ընդ որում, CSIS-ի տվյալներով, պաշարների նախկին մակարդակին վերականգնումը կտեւի ավելի քան երեք տարի:
Ռումբերի եւ նման զինամթերի նկատելի պաշարներ դեռ կան: Բայց դրանց օգտագործման համար պետք է մտնել Իրանի օդային տիրույթ: Այն դեպքում, երբ նույն արեւմտյան աղբյուրներն են հայտնում Մոսկվայի եւ Պեկինի մասնակցությամբ Իրանի ՀՕՊ համակարգի շարունակական արդիականացման եւ ընդլայնման մասին:
Այս ամենի հետ մեկտեղ, նավթի համաշխարհային գները շարունակում են մնալ 90–100 դոլար/բարելի մակարդակում` հետագա աճի սպասելիքներով: Հորմուզի նեղուցը մնում է իրանական հսկողության տակ, իսկ հուսիթները լիակատար վերահսկողություն են պահպանում Բաբ էլ–Մանդեբի կարեւորագույն նեղուցում:
Կարճ ասած, բարդ վիճակ է, ու ամենավատը մնում է այն, որ ելքի հնարավոր տարբերակներ, կրկնենք, այդպես էլ չեն երեւում:
Ահա այս իրավիճակում կարող են նաեւ անկառավարելի զարգացումներ սկսվել նաեւ ուկրաինական ուղղությամբ: Կարճ ասած, գոնե այս մասով պետք է մտածել արագ լուծումների մասին: Բայց դե, դեմոկրատները եւս հասկանում են, որ օղակը Թրամփի շուրջ գնալով միայն սեղմվում է, եւ հազիվ թե Զելենսկուն թողնեն, որ այս վճռական պահին խաղա Թրամփի օգտին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70255
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk