Ինչու, այնուամենայնիվ, Կրեմլում որոշեցին պատասխանել Փաշինյանի զանգին
ՄիջազգայինՓաշինյանի զանգը Պուտինին, իհարկե, սպասելի էր: Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանում իրավիճակը հասավ նախաբունտային մակարդակի, ինչի ահազանգերից էր վերջերս ձկնաբույծների բողոքի ակցիան:
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՊԱՀԱՆՋԻՑ ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
Ընդհանրական իմաստը ներկա պահին սա է: Դեպի Եվրոպա արտահանման սխեման այդպես էլ չի աշխատում: Նմուշային արտահանումներ, իհարկե, եղան: Օրինակ, օրերս մեր զրուցակիցներից մեկը պատմում էր Լեհաստանում ապրող ընկերների պատմածը, թե ինչպես է հայկական ծիրան հասել այնտեղ եւ շատ արագ սպառվել: «Հայերն արկղերով էին տանում, լեհերին անգամ բաժին չմնաց»,– պատմեց մեր զրուցակիցը: Ու հենց դա է հիմնավորումը, որ ռեալ արտահանում չկա. այլապես «արկղերով գնելու» կարիք պարզապես չէր լինի. ամեն օր կգնային խանութ եւ կգնեին, եթե ստաբիլ արտահանման հնարավորություն լիներ: Իսկ մեկ–երկու հատուկ բեռնատարներով, իհարկե, հնարավոր է ապրանք հասցնել Եվրոպա:
Բայց ոչ խաղողը, որը մեր հիմնական գյուղատնտեսական մթերքներից է: Չնայած, տեխնիկական խաղողը հիմնականում սպառվում է Հայաստանում: Բայց ահա դրանից արտադրված գինի–կոնյակը, որի առյուծի բաժինը վաճառվում էր Ռուսաստանում, հաստատ Եվրոպա մեծ ծավալով չի կարող մտնել: Սրան էլ ավելացավ կաթնամթերքի արգելքը դեպի Ռուսաստան: Այսինքն, այս ամբողջական կոմպլեքսը մեկ բան էր նշանակում` արդեն աշնան սկզբներին Հայաստանում կառաջանար ծայրահեղ սուր ներքին ճգնաժամ: Այն է` ընտրությունների հետ կապված ողջ դժգոհության ալիքին եթե գումարվի նաեւ արտահանման ուղղությամբ գործողների դժգոհությունը, դա արդեն կարող է հասնել ցունամիի մակարդակի: Ընդ որում, Նիկոլին ձայն տված հայաստանյան ընտրողների այն 30 տոկոսի մեջ էին նաեւ այդ նույն արտահանողները, եւ եթե նրանք էլ տեղաշարժվեն ընդդիմադիր ուղղություն, ապա առնվազն ծանր իրողությունները պատրաստ են: Ու եթե հանկարծ այդ ամենի ֆոնին, ձմռան շեմին Մոսկվան որոշի դադարեցնել Հայաստանի գազամատակարարումը, քանի որ պայմանագրային ժամկետներն ավարտվում են, կամ առնվազն շատ բարձր գին պահանջի, ապա մեծ պայթյունից խուսափելու տարբերակ Փաշինյանը հազիվ թե ունենա:
Արդյունքում, Փաշինյանին «վիզ պետք էր» գոնե խոսել Պուտինի հետ, եւ, ինչպես «չար լեզուներն» են շշնջում, տարաբնույթ երդում–խոստումներից հետո Կրեմլից համաձայնվեցին նրա զանգին պատասխանել: Ու միանգամից ի հայտ եկավ խնդրի բուն էությունը, երբ ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Փաշինյանը էլի իմաստ չի տեսնում դեպի ԵՄ կամ ԵԱՏՄ հանրաքվե անցկացնելու մասով, իսկ ահա ռուսական աղբյուրները փոխանցեցին Պեսկովի խոսքը, թե` «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը»:
Իրականում այդ հանրաքվեն, այսպես ասենք, «բացարձակ մեծություն» չէ: Այն իմաստով, որ ներքին խողովակներով Նիկոլն այս պահին էլ «երդումներ է ուտում» ռուսների մոտ, թե ինչ ԵՄ, ինչ բան, եթե անգամ ուզենք, մեկ է, Եվրոպա գնալ չենք կարող: Բայց երբ Մոսկվան համառորեն հանրաքվե է պահանջում, դա նշանակում է, որ Նիկոլի այդ երդումներին պարզապես գրոշի արժեք չեն տալիս: Այսինքն, որպես երաշխիք, պահանջում են սահմանադրորեն ֆիքսել, որ Հայաստանը մնում է եվրասիական ուղղության մեջ: Ընդ որում, դա ամենեւին էլ կապված չէ նրա հետ, թե Հայաստանը Եվրոպային ինչ–որ բան կվաճառի, թե կգնի: Եթե կարողանա վաճառել, ինչ կա որ, շատ լավ կլիներ: Բայց քաղաքական իմաստով, այդ հանրաքվեի պահանջն ընդամենը Նիկոլին ուղղված սովորական հորդոր է` վերջ տալ «երկու աթոռի» վրա խաղերին եւ վերջնականապես աշխարհաքաղաքական իմաստով կողմնորոշվել:
ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Թե ինչպես գործնականում նման իրավիճակում առաջ կգնա Նիկոլը, այն է` ինչ էֆեկտիվություն է ունեցել Պուտինի հետ այդ զրույցը, դեռ կտեսնենք. հայտարարություններն այստեղ էական չեն, պետք է սպասել ռեալ զարգացումներին: Բայց այն փաստը, որ անգամ անձնական շփման ժամանակ Պուտինն այդպես էլ չշնորհավորեց Փաշինյանին, արդեն իսկ ակնարկ է այն մասին, որ այս անգամ Մոսկվան իրոք շատ լուրջ է տրամադրված: Ու դա, իհարկե, պատահական չէ: Քանիցս ենք ներկայացրել, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանի առաջ դրված է Հարավային Կովկասը կորցնելու վտանգը, որին, թերեւս, կարող է հաջորդել նաեւ Կենտրոկանա Ասիայի կորուստը: Դա Մոսկվայի համար դառնում է պատմական իմաստով պարտություն, եւ այն, որ հիմա ամենալուրջ կենտրոնացվածությունն է լինելու հարավկովկասյան ուղղությամբ, կրկնենք, հենց այնպես չէ:
Ալիեւը կարծես թե ժամանակին դա հասկացավ` սկսելով խոսել Մոսկվայի հետ բոլոր հին խնդիրները լուծված լինելու մասին: Բայց այն, որ անմիջապես էլ վազեց Գերմանիա` նավթ ու գազ առաջարկելով, գալիս է հիմնավորելու, որ ոչ մի լուծված խնդիր էլ չկա: Ամեն դեպքում այն, որ Եվրոպան այդպես էլ չի ցանկանում թույլ տալ, որ Ադրբեջանը, ասենք նաեւ` Հայաստանը հետ քաշվեն եվրոպական կուրսից, դժվար չէ տեսնել այն սրացումներից, որ այսօր ծավալվում են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ: Փաստը, որ Թեհրանը Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում, իսկ Բաքուն արգելել է իր տարածքում իրանական Səhər հեռուստաալիքի եւ Mehr լրատվական գործակալության գործունեությունը, դրա հիմնավորումներից են:
Սակայն իրավիճակը ծայրահեղության հասավ այն բանից հետո, երբ Կասպից ծովում ուկրաինական անօդաչուների կողմից խոցվեց իրանական բեռնատար նավը: Իրանում դա գնահատում են` որպես Իսրայելի հրամանով եւ Եվրոպայի «դաբրոյով» իրականացված հարձակում: Բայց կա այս պատմության մեկ այլ դրվագ եւս: Այն է` ի՞նչ հետախուզական տվյալների հիման վրա է հասցվել այդ հարվածը: Գումարած, հարվածն իրականում Ուկրաինայի տարածքի՞ց է հասցված, թե՞ անօդաչուն կարող էր նաեւ օդ բարձրանալ Ադրբեջանի տարածքից կամ Կասպից ծովից` էլի Ադրբեջանով հասնելով այնտեղ: Ու հաշվի առնելով, որ ռուսական փորձագիտական շատ աղբյուների մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի մասին նման կասկածներ հայտնել են, այս դեպքում եւս նման մեղադրանքներն ընդամենը «դավադրության տեսություն» չեն:
Արդյունքում, Իրանից արդեն հնչում են բաց տեքստով սպառնալիքներ, որ պատասխան հարված կարող է հասցվել ոչ թե Ուկրաինայի տարածքին, որը եվրոպացի տիկնիկավարների համար խնդիր չէ, այլ այն էներգետիկ համակարգերին, որոնք սնուցում են Եվրոպային: Այդ թիրախների ցանկում, բացի Եվրոպայի հիմնական սնուցողներից մեկի` Սաուդյան Արաբիայի նավթագազային համակարգից, նաեւ մեծ թիվ են կազմում ադրբեջանական օբյեկտները: Բաքու–Ջեյհան նավթատարն ու Բաքու–Էրզրում գազատարը, ադրբեջանական ներքին այլ գծեր, արդյունահանող համակարգը եւ այլն: Կարճ ասած, սա սցենար է, որը կարող է բառացիորեն Ադրբեջանում զրոյացնել նավթ եւ գազ հասկացությունները:
Ընդ որում, սպառնալիքներից գործի անցնելը երկար չտեւեց: Հուսիթներն արդեն իսկ ծանր հարվածներ են հասցնում սաուդների նավթային համակարգին, ինչը Ալիեւի մոտ պետք է որ կասկածներ չթողնի, որ իր մասով եւս Իրանի սպառնալիքները մերկապարանոց չեն:
Արդյունքում, Եվրոպան կկարողանա չեզոքացնել իր համար նման սարսափելի տնտեսական վտանգը, թե` ոչ, ժամանակը ցույց կտա: Այս պահին հարցին նայենք մի փոքր այլ կողմից: Այս իրավիճակն Ալիեւի համար հստակ ցուցիչ է, որ անկախ այն բանից, թե ովքեր եւ ինչ խոստումներ են իրեն տվել, իրողությունն այն է, որ հայտնվել է համաշխարհային գիգանտների կռվի մեջտեղում, եւ կարող է ցանկացած պահի պարզապես ոտնատակ գնալ` որպես «կողմնակի էֆեկտ»: Եվ երկրորդ ցուցիչն այն է, որ Ռուսաստանի եւ Իրանի համար երկկողմ կապի լոգիստիկաներն այն ծայրահեղ կարեւոր թեմաներն են, հանուն որոնց պատրաստ են անգամ գնալ ամենածայրահեղ քայլերին: Այսինքն, եթե անգամ այս պահին ոտնատակ չգնան, ապա չկա որեւէ երաշխիք, որ հաջորդ նման սրացմանը կկարողանան դիմանալ:
Այս նույն ցուցիչները, իհարկե, վերաբերում են նաեւ Նիկոլին: Երբ աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում մտնում ես խաղերի մեջ, թե տեսնեմ ով է ուժեղը, որ նրա կողմն անցնեմ, դրանով արդեն իսկ վերածվում ես երկու ուժեղների միջեւ կռվախնձորի: Իսկ այդ դեպքում ոտնատակ գնալու հավանականությունը բազմապատիկ անգամ մեծանում է:
Կարճ ասած, հենց այս մասին է Մոսկվայի պահանջը` որոշեք, թե ում հետ եք: Առավել եւս, որ վիճակն էլ ավելի է բարդանում, եթե հաշվի ենք առնում, որ իրականում Հայաստանը, ասենք նաեւ` Ադրբեջանը չէ, որ կարող են կայացնել այդ որոշումը. թե ինչ աշխարհաքաղաքական վերջնական պատկեր է ստեղծվելու, դա կախված է այդ գլոբալ կռվի փաստացի արդյունքներից:
Իսկ վարունգ–պոմիդորի թեման, որը միգուցե Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, իրականում գլոբալ մակարդակում խնդրի ամենեւին էլ հիմնական կողմը չէ: Բայց նաեւ, դրանք այն պարզ ցուցիչներից են, թե մեր փաստացի շահն իրականում ինչ ուղղվածության մեջ է:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70179
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk